Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման եւ վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՆԱՏՕ-ի պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջիկա 3 օրերին կայանալիք քննարկումները հնարավորություն կընձեռեն վերստուգել պաշտպանական բարեփոխումների իրականացման եւ դրանց սատարելու հարցում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի կառույցների փոխադարձ հանձնառությունները, ինչպես նաեւ նախանշել համատեղ միջազգային խաղաղապահության շարունակման եւ դրա համատեքստում` փոխգործունակ կարողությունների ձեւավորման ուղղությամբ կողմերի համագործակցության հեռանկարները:
ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Բոլանդը, կարեւորելով ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, նշել է, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:
ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ Գլխավոր Շտաբի ստորաբաժանումների, ինչպես նաեւ ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: