Հակառակորդն արդեն 400-ից ավելի զոհ ունի - Mediamax.am

3006 դիտում

Հակառակորդն արդեն 400-ից ավելի զոհ ունի


Լուսանկարը` fna.fbcdn.net


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր հայտնել է, որ մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով:

«Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա:

 

Արթուր Սարգսյանը նշել է, որ բանակը պաշտպանական համառ մարտեր է վարում՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաեւ մեծաքանակ խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով եւ կենդանի ուժի ու զրահատեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով:   

 

«Ժամը 17-ի սահմաններում հակառակորդը հետեւյալ կորուստներն ունի՝ շուրջ 36 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,- ասել է նա:

 

«Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին, ընդհակառակը՝ այդպիսով Արցախի բանակի երիտասարդ սպաները եւ զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ եւ հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների: Անձնակազմի մարտական ոգին բարձր է եւ պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները եւ հասցնելու տրամաբանական հաղթանակին»,- ասել է Արթուր Սարգսյանը: Թիկունքային, տեխնիկական կամ մարտական ապահովման առումով որեւէ խնդիր ՊԲ-ն չունի:

 

Անդրադառնալով դիրքային փոփոխություններին, ՊԲ հրամանատարի տեղակալն ասել է.

 

«Ադրբեջանի հաջողությունները եղել են ժամանակավոր, դիրքային եւ փոփոխական: Դիրքային փոփոխություններ՝ որոշակի դիրքային խորությամբ եղել են»:

 

«Գիշերվա ընթացքում համառ մարտեր են եղել, որոշ հատվածներում վերականգվել են մեր դիրքերը: Համազորային ժամանակակից մարտում դինամիկան անընդհատ աճում է, ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում օպերատիվ մարտավարական իրավիճակում»,- ասել է Արթուր Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին