Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հանրային աջակցություն ունի - Mediamax.am

4463 դիտում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հանրային աջակցություն ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2015 եւ 2016 թվականներին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին նույնպես հիմնադրամի կողմից հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը։

Հատուցման գումարների չափը սահմանվելու է օրենքով՝ կախված դեպքից եւ զինվորական կոչումից։ Ընդունված որոշման համաձայն՝ շահառու զինծառայողները կամ նրանց ընտանիքների անդամները հիմնադրամի կողմից 20 տարի շարունակ կստանան միանվագ ամսական վճարումներ հիմնադրամի օրենքով կանոնակարգված հատուցման գումարների եւ տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական կենսաթոշակային ապահովության  վճարի տարբերության չափով։

 

ՀՀ պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը կարեւորել է հանրային աջակցությունը հայրենիքի պաշտպանության, մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու հարցում, համոզմունք հայտնելով, որ գործընթացը շարունակական է լինելու, եւ, կախված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի բյուջեի հնարավորություններից, աստիճանաբար, քննարկվելու են նաեւ 2015 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերի հատուցման տարբերակները։

 

Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ շահառու զինհաշմանդամ զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխության հետ կապված հատուցման գումարների վերահաշվարկման կամ կասեցման ընթացակարգը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին