Զինծառայությունից խուսափածները տույժի դիմաց կազատվեն հետապնդումից - Mediamax.am

12592 դիտում

Զինծառայությունից խուսափածները տույժի դիմաց կազատվեն հետապնդումից


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում, տուգանքի վճարումով կարող են ազատվել քրեական հետապնդումից:

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել համապատասխան օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

 

Ակնկալվում է, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը կնպաստի հազարից ավելի անձանց հայրենադարձությանը, հնարավորություն կտա նրանց սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը՝ ազատվելով քրեական հետապնդումից:

 

Սահմանված կարգով վճարները կմուտքագրվեն ՀՀ պաշտպանության նախարարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին, որն էականորեն կազդի ոլորտում առկա խնդիրների լուծման վրա:

 

Oրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992թ. աշնանային զորակոչից մինչև 2017թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Նախնական հաշվարկներով՝ օրենքի փոփոխությունը կապահովի շուրջ 2,3 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսական մուտքեր:

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ օրենքը կարող է լրացուցիչ ռիսկ պարունակել, որի արդյունքում հայաստանաբնակները եւս կդիմեն օրենքին՝ ազատվելու համար զինվորական ծառայությունից:

 

«Որպես քաղաքականություն՝ պետք է որոշենք, որ գալիք տարվանից սա շարունակական բնույթ չկրի, իսկ փաստաթղթերի ցանկն այնպես կկարգավորվի, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան օգտվել այս օրենքից եւ խուսափել ծառայությունից»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

 

Երկու օրից օրենքի լրամշակված տարբերակը կուղարկվի Ազգային ժողով, որն այն կքննարկի հունիսի 7-ին նախատեսված արտահերթ նիստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին