Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Իրանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
Հունվարի 31-ին Թեհրանում կայացած հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։
Կողմերը քննարկել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, նախարարները ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաեւ գիտական հարթությունում։
Հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ։
Վիգեն Սարգսյանը նաեւ այցելել է Իմամ Խոմեյնիի դամբարան եւ հարգանքի տուրք մատուցել Իրանի Իսլամական հեղափոխության հոգեւոր առաջնորդի հիշատակին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: