Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ օրերս վնասազերծված հանցավոր խմբավորումը հանցագործություններ է ծրագրել քաղաքացիների, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաեւ մարմինների դեմ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն ասել է, որ հետաքննության շահերից ելնելով չի կարող մանրամասնել, թե կոնկրետ ում դեմ ինչ հանցագործություններ են ծրագրվել: Նա միայն ասել է, որ ծրագրավորել են սպանություններ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով:
Միքայել Համբարձումյանի խոսքով՝ խմբավորման գործողությունները հայտնվել են ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, իսկ վնասազերծումը տեղի է ունեցել նախատեսված հանցագործության կատարումից օրեր առաջ:
«Բացահայտվել է հանցավոր խումբ, որն ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, մշակված եղանակներ, ընտրված են եղել թիրախներ: Խմբավորումը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, գումարների ստացման եւ ծագման աղբյուրները պարզվում են»,- ասել է նա:
ԱԱԾ իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 21 անձ, մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների համակցման հիման վրա:
«Այդ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ենք ներկայացնելու: Քննության արդյունքներն ի մի կբերվեն: Նախաքննության հետագա փուլերում ԱԱԾ-ն կանդրադառնա արդեն ձերբակալված եւ տեսադաշտում հայտնված մյուս անձանց գործողություններին, նրանց արարքներին կտրվեն քրեաիրավական լրացուցիչ գնահատականներ: Մեղավորության հարցը կորոշի դատարանը»,- մանրամասնել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:
Ինչ վերաբերում է վարկածին, թե ձերբակալվածները կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, Միքայել Համբարձումյանն ասել է, որ ԱԱԾ-ն գիտի, որ ձերբակալված անձանցից Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, եւ այդ վարկածը քննության է առնվելու:
Միքայել Համբարձումյանը հերքել է պնդումներն այն մասին, որ հանցավոր խմբավորման վնասազերծումը կապված է Հայաստանի ներքաղաքական գործընթացների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: