Արարատ 73` վերելքի ուղին. խաղ երկրորդ - Mediamax.am

exclusive
7882 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ երկրորդ

14 ապրիլի: II տուրում հյուրընկալում ենք չեմպիոններին՝ Վորոշիլովգրադի «Զարյա»-ին

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eurulib.blogspot.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:

Լուսանկարը` eduardmarkarov.com կայքից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» հատուկ նախագիծը 7 ամիսների ընթացքում պատմելու է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Առավել մանրամասն նախագծի մասին կարդացեք այստեղ:

 

Արսեն Կակոսյան

 

1973թ, 14 ապրիլի: Տուր II:

14 ապրիլի: II տուրում հյուրընկալում ենք չեմպիոններին՝ Վորոշիլովգրադի «Զարյա»-ին

 

ՆՈՐՈՒՅԹԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

 

Միայն արտաքինից է թվում, թե ֆուտբոլային վիրավորանքները շատ զգայուն են ու երկարատեւ: Խաղի հակառակորդները նույնիսկ փաստարկներ են ներկայացնում. այս լատինաամերիկյան երկիրն այս խաղից հետո պատերազմ է հայտարարել այս երկրին… Չգիտեմ, չգիտեմ… Հանդիպմանը հաջորդող առաջին մի քանի ժամում կարող է պատահել ինչ ասես: Բայց դրանք զգացմունքներ, կրքեր են: Եվ դրանց կործանարար ուժը գործում է առավելագույնը մինչ հաջորդ խաղը, հաջորդ տուրը:

 

Նույնպես եւ այսօր: Ոչ ոք արդեն չէր հիշում, որ նախորդ տարի շատ խիստ վիրավորված էինք «Զարյա»-ից. միակ թիմը, որին «Արարատը» պարտվել էր երկու հանդիպումներում, ընդ որում, դրանցից մեկը՝ ջախջախիչ՝ 0:4 հաշվով: Ավելին, մարդիկ երեկոյան մարզադաշտ էին գնում ինչպես հանդիսության: Միշտ այդպես է լինում. չեմպիոնների գալը, հատկապես խաղաշրջանի սկզբում, հանդիպումը գեղեցկացնում է լրացուցիչ տոնական գույներով:

Լուսանկարը՝ eurulib.blogspot.com կայքից:

 

Արդեն նախավարժանքում «Զարյա»-ն աչքի էր ընկնում ֆիզիկական լավ պատրաստվածությամբ: Ամենայն հավանականությամբ, թիմի նոր մարզիչ Վսեվոլոդ Բլինկովը չէր կորցրել Գերման Զոնինի կուտակածը: Այո, այդ թիմի նախկին մարզչին հաջողվել էր ապշեցնել նույնիսկ ամենամոլի լավատեսներին: Բայց երբ ես «Комсомольская правда»-ում ընթերցեցի Զոնինի հետ հարցազրույցը, որում նա բացահայտում էր իր բոլոր «գաղտնիքները», անկեղծ ասած, շատ զարմացա: Այնպես էր ստացվում, որ վորոշիլովգրադցիներին հաղթանակները տրվում էին առաջին հերթին մարզումների շնորհիվ: Անխոնջ, համառ, ամենօրյա: Յուրի Վանյատը պատմում է, որ ինքնակամ հրաժարվելով արձակուրդից՝ «Զարյա»-ի ֆուտբոլիստները սկսել են ակտիվ պատրաստվել նոր խաղաշրջանին նախորդի ավարտից անմիջապես հետո:

Իսկ առաջնության ընթացքում, նույնիսկ լարված ու դժվարին պայքարից հետո, թիմը գնացել է մարզումների՝ գրեթե հրաժարվելով հանգստյան օրերից:

 

Ինչու՞: Մի՞թե ֆուտբոլիստներն առանց այդ էլ ֆիզիկապես ու հոգեպես գերծանրաբեռնված չեն: Չէ՞ որ այնքան քիչ ժամանակ է մնում իրենց համար, ընտանիքի համար… Եվ հետո, պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ոչ ոք երբեք կայուն հաջողության չի հասել ուժի հաշվին: Ցանկացած մարդ, ցանկացած կոլեկտիվ, խաղալով ֆիզիկական հնարավորությունների ամբողջ ներածի չափով, կարող է շատ արագ հյուծվել, կոտրվել: Հենց այդ պահերին մարզիկն ունենում է տարօրինակ զգացողություն, որը ոչ այնքան ճշգրիտ անվանվում է ապատիա:

 

Նշանակում է՝ Զոնինն իրավացի չէ՞: Եկեք չշտապենք: Տեսնենք, խաղաշրջանը դեռ առջեւում է: Այսօրվա հանդիպումից ելնելով՝ դժվար է դատել: «Զարյա»-ն լավ էր խաղում: Կոկիկ, հավաքված, հաստատակամ: «Արարատն» իրեն պահում էր, ես կասեի, անկազմակերպ: Հատկապես պաշտպանությունում: Պաշտպանների գործողություններում համաժամանակություն չկար: Վախենամ, նրանք այս տարի մեզ հուսախաբ անեն: Չգիտեմ՝ ուրիշներին ինչպես, բայց ինձ հանդիպման արդյունքն օրինաչափ է թվում: Ես ի նկատի ունեմ ոչ-ոքին՝ 1:1:  Թեեւ, կարող էինք պարտվել տասնմեկ մետրանոցների արդյունքում. շատ վիրավորական կլիներ:

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

Վորոշիլովգրադի «Զարյա»-ն 1972 մրցաշրջանի հաղթողն էր: Մեզ համար նրանք շատ անհարմար մրցակից էին: Մարզիկների մոտ կարող է այդպիսի զգացմունք լինի. կան թիմեր, որոնց խաղին դու այդպես էլ չես կարողանում սովորել: «Զարյա»-ն մեզ դուր չէր գալիս այն պատճառով, որ նրանք շատ ուժային ու կոշտ թիմ էին: Սակայն միեւնույն ժամանակ` շատ աշխատասեր:

Նիկոլայ Ղազարյան:

Լուսանկարը՝ jagru.sosbb.ru կայքից:

 

Ինչ-որ պահի ես մոռացել էի, որ այսօր պետք է կայանար ֆուտբոլային նորույթի փորձարկումը, եւ մտածեցի, որ Սիմոնյանը պետք է գոհ լինի հանդիպման արդյունքից: Առաջնության մեկնարկից առաջ մտահոգվելով, որ առաջին խաղերում բաժին են ընկել այդպիսի ուժեղ հակառակորդներ, նա երազում էր ստանալ չորս միավորից երեքը: Եվ հանկարծ պարզվում է, որ այժմ այդպես չի կարելի հաշվել: Այսինքն, կարելի է հույսը դնել ոչ-ոքիի վրա, բայց փորձեք հաղթանակ ծրագրել տասնմեկ մետրանոցներով, եթե խաղացողներից յուրաքանչյուրը, նույնիսկ հարյուր տոկոսանոց տասնմեկ մետրանոց խփող ֆուտբոլիստը, կարող է ձախողել: Այստեղ արդեն գործում են նյարդերը, այլ ոչ թե տրամաբանության օրենքները:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

Կիեւի Դինամոյին հաղթելուց հետո Զարյայի դեմ արդեն բարձր տրամադրությամբ հանդես եկանք: 0:1 հաշվով պարտվում էինք, սակայն երբ խաղի ավարտին մնում էր 10-15 րոպե, կարողացանք հավասարեցնել հաշիվը: Եկավ 11 մետրանոցների պահը, ինչը հատկապես ծանր էր ինձ համար: Նախավերջին գնդակին ես էի մոտեցել, սակայն այն դիպավ հորիզոնական դարպասաձողին, նրանց հաջորդ գնդակը ես կարողացա որսալ, ինչից հետո Զանազանյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը եւ մենք հաղթեցինք` 6:5:

 

Շատ ծանր խաղ էր մեզ համար: Ընդհանրապես, ուկրաինական թիմերին հաղթելն ամենադժվարն էր, քանի որ ավելի կոպիտ էին եւ ուժային ֆուտբոլ էին խաղում:  Սկզբի 10-15 րոպեների ընթացքում ուժեղ ճնշում էին գործադրում. այդպիսին էր նրանց մարտավարությունը: Եթե կարողանում էին հաջողության հասնել, խաղը նրանց համար լավ էր ընթանում: Այդ ժամանակ կարեւոր էր կարճ փոխանցումներով կարողանալ դիմակայել նրանց:

 

Ֆուտբոլասերների երկրպագությունն այդ տարիներին եւ պարտավորեցնող էր, եւ ոգեւորող: Հրազդան մարզադաշտում մոտավորապես 60-70 հազար երկրպագուներ էին հավաքվում:

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:

 

Տասնմեկ մետրանոցներ վերցնելը տեսականորեն անհնարին է: Ես դա գիտեմ նաեւ սեփական, թեեւ ոչ հարուստ փորձից: Նախկինում եղել եմ Խարկովի մանկական ու պատանեկան թիմի դարպասապահը, եւ մարզիչները, բնականաբար, սովորեցրել են ինձ. եթե հարվածողը վրիժառության այդ գործողությունը կատարի տեխնիկայի բոլոր կանոններով, այսինքն, հարվածի անկյունին միջին ուժով, բայց անպայման անկյունին, ապա այդ գնդակը հնարավոր չէ որսալ: Դա են վկայում մաթեմատիկական հաշվարկները հարվածի ուժի, ճշգրտության, թռիչքի արագության եւ դարպասապահի ռեակցիայի վերաբերյալ:  

 

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

 

1973 թվականին (առաջին եւ վերջին անգամ) առաջնության խաղերը ոչ-ոքիով չէին ավարտվում: Եթե հանդիպման հիմնական ժամանակում գրանցվում էր ոչ-ոքի, թիմերը 11-մետրանոց հարվածների միջոցով էին պարզում հաղթողին: Հիմնական ժամանակում հաղթելու համար տրվում էր 2 միավոր, իսկ 11-մետրանոց հարվածների դեպքում՝ 1 միավոր: Բայց անգամ եթե հանենք մեր 11-մետրանոցներով վաստակած միավորները, ապա միեւնույն է, առաջնության հաղթողը մենք էինք լինելու:

 

Այնուամենայնիվ, ամեն մի դարպասապահ հույս ունի բռնել տասնմեկ մետրանոցը: Հուսով է, բայց ոչ թե որ կբռնի յուրաքանչյուր գնդակ, այլ որ հարվածողը կսխալվի: Բայց հարձակվողի չնչին սխալը որսալու համար հարկավոր է կարողանալ վայրկենապես հավաքվել, կենտրոնանալ: Ռեակցիայի մասին չեմ խոսում, քանի որ դա ինքին ենթադրվում է:

 

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

 

11 մետրանոցների ժամանակ դարպասապահը պետք է կարողանա արագ եւ ճիշտ կողմնորոշվել: Իհարկե, խաղից առաջ ուսումնասիրում էինք հակառակորդի խաղաոճը եւ հարձակվողների հարվածները: Ես կարողացա որսալ գնդակը, քանի որ մոտավորապես գիտեի, թե նրանց կենտրոնական պաշտպան Ժուռավլյովը ո՞ր ուղղությամբ պետք է հարվածեր:

Ալյոշա Աբրահամյան:

Լուսանկարը՝ Photolur:

 

Մի խոսքով, Ալյոշա Աբրահամյանն այսօր շատ լավ խաղաց: Իսկ Նիկիտա Սիմոնյանին հաջողությունն ամենեւին չտարհամոզեց, որ նորարարությունն անիմաստ է: Հերքելով այն՝ նա իր տեսանկյունը փաստարկում է այսպես. «Ոչ-ոքին, այսինքն, ուժերի հավասարությունը, առկա է յուրաքանչյուր սպորտային մրցության բնույթում»: Այլ հաշվարկ կատարելու իմ առաջարկին (մասնավորապես, երեք միավոր հիմնական ժամանակում հաղթանակի դեպքում, երկու միավոր տասնմեկ մետրանոցներով հաղթանակի դեպքում եւ մեկ միավոր՝ ոչ-ոքիի պարագայում) նա պատասխանեց. «Ինչու՞: Որպեսզի վերջնականապես խճճվե՞նք»:

 

Պետք է ասեմ, որ Նիկիտա Պավլովիչն այս օրերին շատ է հուզվում: Մեկնարկից առաջ նրա ապրումները հասկանալի էին: Նախամեկնարկային տենդը բազմիցս նկարագրվել է հոգեբանների ու լրագրողների կողմից: Իսկ հիմա՞…

Լուսանկարը՝ eduardmarkarov.com կայքից:

 

Ինձ թվում է՝ Սիմոնյանի մտահոգությունը բացատրվում է նախորդ երկու խաղաշրջաններում «Արարատի» գրանցած հաջողություններով: Եթե մեր թիմը գտնվեր առաջնության սանդուղքի ստորին աստիճաններին, նա կարող էր հանգիստ լինել: Նրա փորձն ու գիտելիքները երեւանցիներին առաջ կմղեին: Իսկ այժմ ամեն ինչ անկայուն է: Ամեն դեպքում, նրան այդպես է թվում: Իմ բոլոր հավաստիացումներին, որ ամեն ինչ լավ կլինի, նա շարժում է գլուխն ու կրկնում. «Խաղերում հաղթում են ֆուտբոլիստները, պարտվում՝ մարզիչները»: Ես կտրականապես հակառակվում եմ նրան: Իմ դատողությունների շղթան մոտավորապես այսպիսին է: Երեւանցիները չեն շփացել «Արարատի» մրցանակային տեղերից: Եթե նրանց թիմը տեղ գրավի առաջին տասնյակում, արդեն իսկ վատ չէ: Կարեւորը լավ խաղ ցույց տալն է: Իսկ Սիմոնյանին այստեղ այնքան են հարգում, որ կներեն նաեւ անհաջողությունը:

 

Ի վերջո, մտածում էի ես, Սիմոնյանն արեւմտյան օրինակով պայմանագիր չի կնքել, որի համաձայն պարտավորված կլիներ «Արարատին» չեմպիոն դարձնել առաջին իսկ խաղաշրջանում: Բայց այստեղ ես, իհարկե, իրավացի չէի: Ամեն ինչից զատ, յուրաքանչյուր մարզիչ ունի ինքնասիրություն, հպարտություն, սպորտային փառասիրություն: Կարծում եմ, որ Սիմոնյանի մոտ այդ որակները հատկապես ուժեղ են զարգացած…

 

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

 

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին