Մանկությանս գիրքը Արարատ-73-ի լեգենդի մասին - Mediamax.am

Մանկությանս գիրքը Արարատ-73-ի լեգենդի մասին
20016 դիտում

Մանկությանս գիրքը Արարատ-73-ի լեգենդի մասին


Երկրորդ կամ երրորդ դասարանում էի սովորում, երբ տանը հայտնաբերեցի լրագրող Արսեն Կակոսյանի “В ночь после футбола. Дневник болельщика” գիրքը, որը հրատարակվել էր 1974 թվականին ու պատմում էր Արարատ-73-ի ֆանտաստիկ հաջողության մասին:

1980-ականների սկզբներին ես, ինչպես եւ բոլոր երեւանցի տղաները, երկրպագում էի Երեւանի «Արարատին»: Ու թեեւ թիմի լավագույն օրերն արդեն անցյալում էին, «Արարատը» շարունակում էր ԽՍՀՄ լավագույն թիմերից մեկը համարվել:

Արսեն Կակոսյանի գիրքը անչափ գրավիչ ընթերցանություն էր: Ես երբեք չէի տեսել Արարատ-73-ի խաղը, սակայն հեղինակը այնպես էր նկարագրում առաջնության ընթացքը, որ թվում էր, թե ներկա եմ եղել այդ բոլոր խաղերին: Գիրքը լրագրողական բարձրագույն պրոֆեսիոնալիզմի օրինակ է` այն կարելի էր վերընթերցել տարիներ շարունակ: Այդպես էլ անում էի, դպրոցական տարիներին գիրքը կարդացել եմ մի 10-15 անգամ ու ամեն անգամ մի նոր բան էի հայտնաբերում:

Մոտ երկու տարի առաջ այդ գիրքը գտա գրապահարանում, նորից կարդացի ու որոշեցի, որ պետք է Արսեն Կակոսյանի օրագիրը հասանելի դարձնել մարդկանց. գիրքը հրատարակվել էր շատ վաղուց եւ միայն ռուսերեն լեզվով:

Հարմար առիթը եկավ այս տարի, երբ նշվում է ԽՍՀՄ առաջնությունում եւ ԽՍՀՄ Գավաթում Արարատի գրանցած «ոսկե դուբլի» 40-ամյակը: Որոշեցինք հատուկ նախագիծ անել ու ներկայացնել ԽՍՀՄ առաջնությունում Արարատի վերելքի ուղին:

Նախագծի հիմքը Արսեն Կակոսյանի գիրքն է, որը որոշ կրճատումներով թարգմանել ենք հայերեն: Բոլոր այն օրերին, երբ Արարատը 1973 թվականին խաղացել էր ԽՍՀՄ առաջնությունում, ներկայացնելու ենք նախագծի հերթական գլուխը` «համեմված» Արարատ-73-ի աստղերի հիշողություններով` այդ օրվա խաղի մասին:

Նախագիծը տեւելու է 7 ամիս` մինչեւ հոկտեմբերի վերջ: Այդպիսով, ամեն շաբաթ «տեղափոխվելու ենք» 1973 թվական, որպեսզի վերապրենք այն ուղին, որն անցավ Արարատը` հրաշք գործելով հարյուր հազարավոր հայ մարդկանց համար:

Շնորհակալ եմ Արարատ-73-ի վետերաններին, որոնք համաձայնեցին համագործակցել մեզ հետ այս նախագծի շրջանակներում: Վստահ եմ, որ նրանց պատմությունները կհարստացնեն Արսեն Կակոսյանի գիրքը եւ յուրահատուկ հարգանքի տուրք կդառնան փայլուն լրագրողի հիշատակին:

Եվ այսպես, կարդացեք հատուկ նախագծի առաջին գլուխը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին