«Մեջքով երազի քո կեսին հենված». Վահրամ Մարտիրոսյանի նոր գիրքը - Mediamax.am

exclusive
2728 դիտում

«Մեջքով երազի քո կեսին հենված». Վահրամ Մարտիրոսյանի նոր գիրքը


Վահրամ Մարտիրոսյանը
Վահրամ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Դիրկ Դկիբա

Վահրամ Մարտիրոսյանը
Վահրամ Մարտիրոսյանը

Գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք նրա «Մեջքով երազի քո կեսին հենված» բանաստեղծությունների ժողովածուի մասին։ Այն հեղինակի տպագրված ու անտիպ գործերի ընտրանին է։ Լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

 

- Ընտրությունն ինչպե՞ս եք կատարել, ի՞նչ սկզբունքով է կազմվել ժողովածուն։

 

- Շատ խիստ ընտրություն եմ կատարել` սա տարիների ընթացքում գրածս բանաստեղծությունների ծաղկաքաղն է։ Կան գործեր, որ նոր են, բայց արժանի են տեղ գտնելու հների շարքում։ Հներից շատերը ժամանակին նկատվել են հասարակության կողմից, քննադատների, էլ չասած, որ 80-ականներին ուսանողները, ուսանողուհիները անգիր էին անում այդ բանաստեղծությունները։ Անզիջում ընտրության մասին կարող եք դատել էջերի քանակին նայելով։ Գիրքն ընդամենը 96 էջ է։

 

- Տարիների հեռվից պատկերները չե՞ն փոխակերպվում, այլ իմաստ ու նշանակություն ձեռք բերում։ Ի վերջո, բանաստեղծությունների թվագրումը խոսում է ոչ միայն հեղինակի ապրածի մասին, այլեւ տվյալ ժամանակի։

 

- Իհարկե, փոխվում են, բայց նաեւ շատ կարեւոր է, որ մենք չփորձենք հետին թվով իմաստուն լինել՝ դրանք ժամանակի արձագանքներն են։ Կան բանաստեղծություններ, որ խմբագրել եմ, բայց նշել եմ նաեւ խմբագրման տարեթիվն ու աշխատել չմիջամտել իմ ընկալումները արդարացնելու, ինձ միշտ ճիշտ դուրս բերելու մղումով։ Իհարկե, շատ բան է փոխվել, էպոխա է փոխվել՝ Խորհրդային Միության փլուզմամբ, մեր վերջին 30 տարիներն էլ այնքան բուռն ու ցնցումնալից են եղել, որ, այո, որոշ արձագանքներ այսօր կարող են թվալ չափազանցված, ռոմանտիկ, բայց կարեւորը անկեղծությունն է։

 

- Ինչո՞ւ «Մեջքով երազի քո կեսին հենված»։ Պատկերավոր ու բազմիմաստ է վերնագիրը։ Կարո՞ղ եք մի փոքր բացել չակերտները։

 

- Բանաստեղծություններից մեկի տողն է եւ արտահայտում է տարածությունը, որ ես այսօր պահպանում եմ մարդկանց հետ հարաբերություններում։ Դա ոչ թե մերժում է, զգուշավորություն, այլ հոգատարություն, ուշադրություն դիմացինի հանդեպ։

 

Միգուցե շուռ կգանք իրար դեմքով, բայց եթե դա լինի, պետք է լինի ոչ միայն ինքնաբուխ, այլև կշռադատված։

 

- Ընթերցողը բանաստեղծության մեջ տեսնում- գտնում է հեղինակի՞ն, թե՞ ավելի շատ ինքն իրեն։

 

- Իհարկե, ընթերցողը նախ իրեն հոգեհարազատ տողեր է փնտրում՝ եթե ինչ-որ մեկն առաջին անգամ է կարդալու իմ պոեզիան, կարեւոր է, որ այն խոսի իր հետ։ Իսկ ընթերցողները, որ ժամանակին կարդացել են, հետաքրքրվել իմ պոեզիայով, հետագայում նաեւ վեպերն են կարդացել, փնտրելու են նաև հեղինակին՝ըստ մեր հարաբերությունների պատմության։

 

- «Հոգ չէ, որ նիհար եմ, պարզապես սերը չի տեղավորվում իմ մեջ»։ Սերը շատ է ու չի՞ տեղավորվում, թե՞ հակառակը՝ պակասում է։

 

- Բանաստեղծը միշտ պետք է սիրահարված լինի, մեծ ապրումների մեջ լինի։Դա կարող է սերը լինել, կարող է արկածը լինել՝ ինչո՞ւ չէ։ Ամենաքիչը դրա մասին է խոսվում, բայց ստեղծագործող անհատը շատ ենթակա է արկածի հրապուրանքին, մանավանդ՝ վտանգավոր արկածի, իր բոլոր տարատեսակներով։ Եվ սերը պետք է չտեղավորվի քո մեջ, անկախ քաշից (ծիծաղում է-Ա. Ս.), այդ դեպքում է, որ պոեզիան կա։

 

- «Նա ծնվեց իր ծննդյան օրը»…

«նա որոշեց ինքնասպան լինել եւ ընդունեց հակաթույն...»։

Նախախնամության մասի՞ն է, որ ծնվում ես, երբ պետք է ծնվես, եւ ապրելու ցանկության, որը կա անգամ, երբ ուզում ես ինքնասպան լինել։

 

- Չէ, այ, հարցնում էիք ժամանակի մասին, սա շատ կապված է սովետական ժամանակի հետ, երբ մարդու ծնունդից մինչեւ մահը կանխատեսելի էր։ Դա փոխվեց անկախությունից հետո՝ պատերազմների, անձնական, հասարակական, պետական, համերկրային ցնցումների, մեծ տեղաշարժերի պատճառով։ Իսկ այն ժամանակ դու ծնվում էիր քո ծննդյան օրը, մեռնում էիր քո մահը, որը հստակ ծրագրված էր, կանխորոշված։

 

- Մարդուն իր նմանությամբ ստեղծող Աստծո մասին եք գրում․«եւ չարասիրտ էր եւ բարի/ եւ ամրակազմ էր եւ հիվանդոտ»… Սովորաբար Աստծուն միայն դրական հատկանիշներն ենք վերագրում, բացասականը՝ սատանային։

 

- Ինչքան խոսեմ, կխոսվի։ Բայց դա կարող է պարզունակացնել բանաստեղծության ասելիքը։ Ինչ-որ ժամանակ, միջնադարում, մարդիկ ավելի ուղղագիծ էին պատկերացնում սատանայի ու աստծո հակամարտությունը. այս կողմում աստված է, այն կողմում՝ սատանան։ Եվ, հասկանալի է, բոլորը Աստծո կողմն էին։ Հիմա էլ նույնն է. ոչ ոք իր մասին չի ասի, դիցուք՝ սեղանի շուրջ, թե ես վատ մարդ եմ, դուք էլ, իմ ընկերներ, սրիկաներ եք։ Աստված իր կերպարով ու նմանությամբ ստեղծել է թե՛ Քրիստոսին, թե՛ Բարրաբային։ Խորքում դա նշանակում է, որ փորձությունների միջով մենք կարող ենք հասնել մեկի բարձունքին, մյուսի՝ խորխորատին։ Քրիստոնեական արժեհամակարգը չի փակում փրկության դուռը, եթե կա զղջում, ապաշխարանք, բայց 18-ամյա տարիքիս այս բանաստեղծությունը ընդվզում է Աստծո արարածի անկատարության դեմ, տառապանքների։

 

- «Ժամանակը՝ մի հսկա Մատրյոշկա

որից դուրս եկող ժամանակները

գնալով

ավելի են փոքրանում»։

Ժամանակի Ձեր ընկալումը տարիների հետ փոխվո՞ւմ է։

 

- Այո, փոխվում են։ Մի ուրիշ բանաստեղծության մեջ ասում եմ՝

 

Եվ ժամանակը՝ Լեռ հնամենի,

Որ մուկ է ծնում որերորդ տարին,

Մեզ համար հսկա մի տարի ծնի…

 

Այսինքն, բրեժնեւյան լճացման տարիներն էին, որ հետագայում պաշտոնապես լճացում անվանեցի։ Ճահճացում էր։ Այդ վիճակն է նկարագրված, ժամանակները փոքրանում են։ Հիմա չեմ կարող ասել, որ փոքրանում եմ, կարող եմ ասել՝ շատ խառն են: Լինում մեծ տարիներ՝ ահռելի մարտահրավերներով, լինում են եւ փոքր, աննշան տարիներ։

 

- Գրում եք՝ եթե աշխարհը մեզնով վերջանար, ո՞վ պետք է տեսներ Սերը, Հայրենիքը, Ազատությունը։ Կարելի՞ է ասել, որ մատնանշել եք՝ ի՞նչն է կարեւոր Ձեզ համար։

 

- Այդ բանաստեղծությունը գրել եմ երիտասարդ տարիներին, երբ ինձ՝ որպես մարդ, մեզ՝ որպես հասարակություն, արժանի ու պատրաստ չեմ համարել հայրենիքին, սիրուն եւ ազատությանը։ Հետագա ընթացքը ցույց տվեց, որ, այո, մենք պատրաստ չէինք այդ ազատությանը, անկախությանը, միգուցե նաեւ սիրուն՝ սովետական փորձավանդակի ամենատարբեր ներարկումների բերումով։

 

- 2020-21 թվականերին փոխվում են Ձեր բանաստեղծությունների թեմաները՝ համավարակ, պատերազմ… Դատելով տարեթվերից՝ բավական ինտերվալներով եք գրում։ Քի՞չ եք գրել, թե՞ քիչ եք հրատարակել Ձեր գործերը։

 

- 90-ականներին մի քանի տարի չեմ գրել ու մտածել եմ, որ այլեւս բանաստեղծություն չեմ գրելու։ Հաշտվել եմ դրա հետ, բայց հետո նորից ինքնաբուխ սկսել եմ գրել։ Հիմնականում ամեն ինչ հրապարակվել է (ուղղակի ժողովածուներ չեմ տպագրել 1996-ից հետո), և հասարակությունը, որ նախկինից տասնյակ անգամներ քիչ է կարդում, հատվածաբար է իմացել, որ գրում եմ բանաստեղծություններ։ Ի տարբերություն սովետական տարիների, երբ «Գարուն»-ում շարքդ տպագրվում էր, զարթնում էիր որպես հայտնի բանաստեղծ։ Ճիշտ է, որ սակավագիր եմ ի սկզբանե, այս գրքի համար եղած քչից նորից ընտրություն եմ կատարել։

 

-Ունե՞ք խորհրդային գրաքննության մաղով անցած գործեր, որ այդպես էլ չեն հասել ընթերցողին։

 

- Չէ, հետո, երբ սովետական գրաքննությունը վերացավ, դրանք տպագրվել են։ Ուրիշ բան է, որ ինքս եմ երբեմն հետաձգել հրապարակելը։ Մի կողմից՝ ուզում ես կարդալ մարդկանց՝ տեսնեն, թե ինչ լավ բանաստեղծություն ես գրել, մյուս կողմից՝ ոնց որ մի գաղտնիք քեզ վստահված լինի, միայն քեզ։ Եղել են գործեր, որ երկար ժամանակ ոչ մեկի ցույց չեմ տվել, տարիներ հետո եմ հրապարակել։ Այսինքն՝ այդպիսի արգելքներ ունեցել եմ ու կարծում եմ, որ ճիշտ է այդ արգելքները հարգելը՝ Պոեզիան շատ ինտիմ բան է։

 

- «Լավ եմ, հեռու ենք, մա, ու տեղներս՝ հանգիստ։

(Տղերք, չկրակեք, մորս հետ եմ խոսում)»:

«Վերջին զանգ» բանաստեղծությունից է։ Մեկնաբանության կարիք չկա…ամեն ինչ ասել եք։ Բայց նաեւ բողո՞ք կա հայրենիքից, երբ ասում եք․

«-Պաշտում ենք ձեզ, քանզի հարյուր տարի, հազար

Հողը չէր պաշտպանել տասնութամյա զինվոր»։

 

- Հետաքրքիր է որ, այդպիսի մեկնաբանություն կարող է լինել, բայց ես նկատի եմ ունեցել, որ շատ վաղուց մեր պատմության մեջ չէր եղել, որ 18-ամյա զինվորներով համալրված կանոնավոր բանակը պաշտպանի հայրենիքը։ Իհարկե, ճիշտ է նաև, որ մենք մեր զինվորին բավականաչափ թիկունք չենք  եղել: Դա գաղտնիք չէ, պարտությունից հետո արդեն երկու տարի քննարկվում է։ Այնպես որ, չեմ վշտանա, եթե ընթերցողն այդպես ընկալի՝ մենք պարտք ենք մնացել հերթական նոր սերնդին՝ լավ կրթություն, սոցիալական արդարություն (ավելի շատ աղքատ ընտանիքների երեխաներն են ծառայել)։

 

- «Համեմատություններ կյանքի եւ մահվան մասին» բանաստեղծության մեջ երբեմն շատ նման են կյանքի ու մահվան համեմատությունները։ Ու կարծես շարունակելի՞ է այդ շարքը։

 

- Շարունակելի չէ, անվերջ է, եւ դա մի օրինակ է պոեզիայի նոր ձեւի, երբ դու չես ձգտում կատարելության, այլ ձգտում ես առավելագույն անմիջականության, առաջին մտքերդ փոխանցելու, երբ չես հասցրել դրանք «կոկիկացնել»։ Յուրատեսակ կոչ է այդպիսի ստեղծագործության, այդպես ստեղծագործելու։

Վահրամ Մարտիրոսյանը Վահրամ Մարտիրոսյանը

 

Գյումրեցի ընկեր ունեմ, նկարիչ է, պատերազմական տարիներին տանը խաղ են խաղացել՝ այս համեմատությունները շարունակելով։ Ինչ վերաբերում է նմանություններին, այո՛, դիպուկ եք նկատել, կան տողեր, որ ե՛ւ կյանքին են վերաբերվում, ե՛ւ մահվանը, դա թերեւս նրա մասին է, որ մենք մահը կյանքի կողմից ենք ճանաչում եւ «համընկնումները պատահական չեն»։

 

- «Մենք ողբերգությունը գերադասո՞ւմ ենք կատակերգությունից»։ Երբեմն կարծես հակառակն է։

 

- Մենք իրական կատակերգություններ շատ քիչ ունենք, որովհետեւ իրական կատակերգությունը իրական ողբերգության, իրական դրամայի չափ արժեքավոր է, իսկ ջրիկ, մեր օրերում էնքան հաճախադեպ դարձած պատվերով ծաղրը ես համարում եմ մեր փորձանքներից մեկը, որովհետեւ թույլ չի տալիս, որ մենք մեր վիշտը, ողբերգությունը մինչեւ վերջ ապրենք, սիրելուց, զվարճանալուց էլ լիասիրտ ու անկեղծ լինենք։ Իսկ շարքը, որից դուք տող մեջբերեցիք, սովետական դասագրքի հարցերից է, կաղապարային։ Այդ հարցը հակադրվում է արհեստական լավատեսությանը, որ տարածում էր պրոպագանդան, մինչև հսկա պետությունը փլվեց։

 

- «Դե, ես ո՞վ եմ, ո՞վ՝ ինչ-որ բանաստեղծ,

քսաներորդ դար, անհայտ հեղինակ»։

Ի՞նչ կասեք ընթերցող-գրող կապի կամ այդ կապի խզման մասին։

 

- Կապը խզվել է ընդհանրապես մշակույթի հետ։ Ես պատրանքներ չունեմ, որ հասարակությունը 100 տոկոսով կարող է լինել մշակութային, բայց կարող է գրականության «պատվիրատուն», սպառողը գոնե 10-20 տոկոս լինել։ Դա կարող է առաջ շարժել գրականությունը, մշակույթը օրգանական ու կենդանի կապ պահպանել։ Մեզ մոտ այդ տոկոսային հարաբերությունը հարյուրը մեկին է՝ ամենաշատը։ Այդ իմաստով, այո, խախտվել է կապը, բայց դա ինչ-որ չափով հետեւանքն է պատմական գործընթացների. սովետական գորշ հակաիրականությունից, որտեղ գրականությունը՝ որպես գրեթե միակ հասանելի գույն, մենաշնորհ ուներ (արտասահմանյան կինոն, երաժշտությունը մեծ արգելքների էր բախվում), տեղափոխեցինք Անկախ Հայաստան, որտեղ նախ դժվարությունները, պատերազմը, ապա դյուրամատչելի դարձող նոր ժամանցները «վրեժ լուծեցին», դուրս մղեցին գրականությունը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին