«Երեւա, երեւա, Երեւան». պատերազմով ամփոփված հուշագրությունը - Mediamax.am

exclusive
2010 դիտում

«Երեւա, երեւա, Երեւան». պատերազմով ամփոփված հուշագրությունը


Լուսանկարը` Հրաչյա Պողոսյանի արխիվից

Լուսինե Հովհաննիսյանը
Լուսինե Հովհաննիսյանը

Առաջիկա օրերին գրախանութներում կհայտնվի Լուսինե Հովհաննիսյանի «Երեւա, երեւա, Երեւան» գիրքը՝ հրատարակված «Վերնատուն» հրատարակչության կողմից:

«Գրողի, հրապարակախոսի եւ հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք։ Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով»,- նշված է գրքի սեղմագրում։

 

Մեդիամաքսը զրուցել է Լուսինե Հովհաննիսյանի հետ:

 

- Ինչպե՞ս է ծնվել գիրքը, որքա՞ն ժամանակ է պահանջվել ինքնակենսագրական հուշերն ու երեւանյան պատմություններն այդքան դետալային նկարագրելու համար։

 

- Ինձ միշտ թվացել է՝ ինքնակենսագրական հուշեր գրել կարելի է միայն, երբ շատ կարեւոր մի բան արած մարդ ես։ Բնականաբար, ես այդպիսին չեմ եւ «ինքնակենսագրական հուշեր» ձեւակերպումը կուզեի փոխարինել ուրիշ բանով։

Լուսինե Հովհաննիսյանը Լուսինե Հովհաննիսյանը

 

Երեւանի եւ իմ մանկության ու մնացած կյանքի դետալները պատմելով` բոլորովին նպատակ չունեի իմ կյանքի մասին որեւէ մեկին տեղյակ պահելու, որովհետեւ այդ կյանքի մեջ չկա աշխարհի համար հույժ կարեւոր բան։ Այս գիրքը գրելու պատճառը մեծ ափսոսանքն էր, որ այն, ինչ եղել է, այնպես, ինչպես եղել է, կկորչի, շատ սրընթաց կյանքի մայրուղիներում, այն Երեւանը, այն կայսրության մեջ տեղավորված ու էլի լավ ապրելու ձգտումով մարդիկ կմոռացվեն։ Պատճառը սա էր, նպատակն էլ էր դա։

Ժամանակ առանձնապես չի պահանջվել։ Այն, ինչի մասին գրել եմ, անընդհատ իմ գլխի, հիշողության մեջ էր, նստել ու գրել եմ։ Պարզապես գրելս ընդհատվեց պատերազմով, եւ դրանով շատ բան փոխեց։

 

- Միջին ու ավագ սերնդի երեւանցիները կհիշեն «մոռացված սիրելի բաները», երիտասարդ ու եկող սերնդի համար գիրքը հրաշալի վավերագրություն է Երեւանի մասին, ի՞նչ կարող է ասել այն օտարազգի ընթերցողին։

 

- Ինչպես արդեն ասացի, գրելիս ես չեմ մտածել ոչ մեկի մասին, ուղղակի շատ թանկ ու գուցե շատ աննշան բաներ եմ փորձել փրկել մոռացվելու վտանգից։

 

Օտարազգի ընթերցողի պահով մի բան միանգամից հիշեցի։ Այս գիրքը ավարտելուց ու տպագրության հանձնելուց հետո, կարդացի Քիքոձեի «Հարավային փիղը»։ Գիշերը լուսամփոփի լույսի տակ կարդում էի, հրճվանքից վեր էի կենում, որ մատիտ գտնեմ ու նշեմ այն հատվածները, որտեղ կյանքը նույնությամբ կրկնվել էր կողքի պետության մայրաքաղաքում։ Խոսքս ապրումների, զգացածի նույնության մասին է։ Հիմա ես չգիտեմ՝ Քիքոձեն օտարազգի՞ գրող է, թե՝ նախկին ԽՍՀՄ եղբայրական, բայց որպես այլ ազգի, այլ երկրի, այլ լեզվաընտանիքի, այլ ժողովրդի, այլ մայրաքաղաքային հուշերի ու դեպքերի վավերագրող, ինձ համար լավ էր կարդալ ու իմանալ իր գրածը։ Հույս ունեմ՝ որեւէ մեկի համար էլ իմ գրածն այդպիսին կլինի, եթե թարգմանվի երբեւէ։

 

- Գրում եք. «Երեւանի մասին պատմությունը կիսատ մնաց։ Պատերազմ սկսվեց։ Սեպտեմբերի քսանյոթին Երեւանը դեռ քնած էր, երբ իր տասնութ տարեկան տղաներն արդեն սկսել էին զոհվել»։ Եթե չլիներ 2020-ի պատերազմը, գիրքն ա՞յլ շարունակություն ու ավարտ կունենար։

 

- Եթե չլիներ պատերազմը, գիրքն ուղղակի կշարունակվեր։ Բայց անբնական էր շարունակել մի հովվերգական պատմություն հայրական տան ժամացույցի, ռազմագիտության ուսուցչի, մորդ ջահել ժամանակվա վերարկուի մասին, երբ դու արդեն այլ բան ես զգում ավելի ուժեղ, երբ զգացածդ դոմինանտը արդեն հովվերգական կամ անցած տխրությունների մասին չէ, այլ իրական, ընթացիկ աղետի։ Աղետի մեջ հուշեր չեն գրում, եւ գիրքն ամփոփվեց պատերազմով՝ այնպես, ինչպես կար։

 

- «Երեւա, երեւա, Երեւան»... Ավելի դժվար է երեւան հանելը արդեն ապրա՞ծը, թե՞ ապրածդ ժամանակը, հատկապես պատերազմի արհավիրքները, որը դեռ չեն էլ ավարտվել։

 

- Պատերազմը երեւան հանելու կարիք չկա. մենք դրա մեջ ենք, չենք հասկացել՝ ինչ է կատարվել, չենք հասկանում՝ ինչպես դուրս գանք դրանից ու ինչ ենք անելու հետո։

Իսկ ապրածը հեշտ է երեւան հանել, որովհետեւ դա անընդհատ իմ մեջ էր, ուղղակի մեկ-մեկ երեխայական իրարանցման մեջ էի բռնացնում ինձ լարվածությունից, որ հանկարծ այս մեկը չմոռանամ, այն մարդու կերպարը բաց չթողնեմ ու իրականում շատ բան բաց եմ թողել։

 

- Ինչո՞ւ «վարդագույն, տուֆոտ, երիտասարդ» քաղաքը դարձավ «վիրավոր ժողովուրդ, վիրավոր քաղաք, վիրավոր ամեն ինչ»։ Հուշապատումի տողատակերում ընթերցողը կարո՞ղ է գտնել այս հարցի պատասխանը։

 

- Եթե ես կարողանայի պատասխանել այն հարցին, թե ինչու երիտասարդ, վարդագույն քաղաքը դարձավ վիրավոր, իրոք այդ հարցի լուրջ, արժեցող պատասխանն ունենայի, ապա ես հուշեր պատմող չէի լինի, այլ կլինեի մեծ գործիչ, մտածող։ Ես ունեմ ձեր հարցի պատասխանները, բայց դրանք զգացական հիմք ունեցող պատասխաններ են, չունեն որեւէ ճշգրիտ փաստարկված կամ գիտական հետազոտական հիմք, ուստի նախատեսված են մեր տան խոհանոցի սեղանի շուրջ հարազատներիս ու ընկերներիս համար։

 

- Գրքի շապիկին պատկերված է Երիտասարդական պալատը (շապիկի հեղինակը Արարատ Մինասյանն է)։ Նորանկախ Հայաստանում քանդվեց Նոր Երեւանի կերպարը խորհրդանշող այդ կառույցը։ Գիրքը, մեծ հաշվով, հուշերի՞ քաղաքի, թե՞ քանդվող քաղաքի մասին է։

 

- Քանդվող քաղաքը կա այնքան ժամանակ, քանի դեռ կան այդ քանդված կամ քանդվող քաղաքը տեսած ու այն ոչ որպես ընդամենը բնակավայր ընկալած մարդիկ։ Ես ամեն օր Սայաթ-Նովայով ու Աբովյանով անցնելիս տեսնում եմ Լեզվի ինստիտուտը, երբ Տերյանի կողմից մտնում եմ Սայաթ-Նովա, պատկերացնում եմ այդ ինստիտուտի ինձ ընդառաջ եկող կանանց ու տղամարդկանց կերպարները, նրանց քայլելու ձեւը։ Երբ հասնում եմ Մաշտոց-Խորենացի խաչմերուկին, անպայման հիշում եմ մորս ռումինահայ ընկերուհի Փիրուզին, որն այդ անկյունից վայրի մեխակներ էր առնում իր եւ մեր տան համար ու ինչ եղանակ էլ լիներ, ինչքան էլ ձեռքի բեռը ծանր լիներ՝ բերում էր ծաղիկները մեր տուն, որովհետեւ ինքը էսթետ էր։ Ես քաղաքով քայլելիս բոլորի տան, դպրոցի, հիմնարկի մոտով անցնելիս բոլորին հիշում եմ` ինձնից անկախ։ Դա ինձնից ջանք եւ ժամանակ չի խլում, ինքնաբերաբար լինող բան է, մեկ վայրկյան է պահանջում, ինձ թվում է՝ ես այդպես կենդանացնում եմ մարդկանց, որոնք այսօր չեն քայլում Երեւանի փողոցներով։ Տերյան փողոցով ես անցնում եմ օրվա մեջ երեւի մի տասն անգամ, ու ամեն անգամ իմ դպրոցի մոտով անցնելիս նայում եմ Կրուպսկայայի անվան դպրոցի դեպի Տերյան նայող բոլոր պատուհաններին ու հերթով բոլորին հիշում, հատկապես՝ մեր ռազմագիտության ուսուցիչ ընկեր Յուզբաշյանին, որովհետեւ իր կաբինետի պատուհանները միշտ բաց են՝ չգիտեմ ինչու։

 

- «Հետո ուրիշ Երեւան սկսվեց։ Տրամվայի գծերը հանեցին քաղաքից։ Ու ողնաշարից ու հաստ փշերից ազատված քաղաքը միանգամից դարձավ փափկամիս»։ Սա դիմագի՞ծը, թե՞ ամրությունը կորցրած քաղաքի պատկերն է։

 

- Տրամվայի գծերը ողնաշարի հետ համեմատելը, որը հանեցին ու քաղաքը սարքեցին «փափկամիս», դիմագիծը կորցրած քաղաքի մասին է։ Ճիշտ այնպես, ինչպես բոտոքսը ջահելացնում ու վերացնում է դիմագիծը, որով մարդու դեմքը տարբերվում է մյուս դեմքերից։

 

- Գրքի վերջում նկարագրում եք երեւանյան անհոգ առօրյան ու ընդգծում «մեզ, երեւի, թվում էր, որ միշտ այդպես է լինելու...»։ Արդեն կորցրածի համար ափսոսալուց զատ նաեւ զգուշացո՞ւմ կա։ Որովհետեւ այսօր էլ Երեւանը սպասում է «որ մի անհասկանալի տեղից մի անսպասելի բան կկատարվի» ու գուցե թվում է, որ «միշտ այդպես է լինելու»։

 

- «Մեզ թվում էր, որ միշտ այդպես է լինելու»-ն այլեւս չկա, մեզ հիմա ոչինչ հաստատ չի թվում։ Պատերազմից հետո ես չեմ զգում ո´չ քաղաքը, ո´չ մարդկանց, ո´չ ինձ այս քաղաքում։

 

- «Իսկ ամենակարեւոր հարցը մնաց չպարզված. պատերա՞զմ ենք ուզում, թե՞ խաղաղություն»։ Սա հենց այն փակուղին է, որին հասել է մեր երկիրը։ Հանրությա՞նը, թե՞ վերին օղակներին է վերապահված գտնելու այս հարցերի պատասխանը։

 

- Մեր պատերազմն ու մեր խաղաղությունը արդեն մենք չենք որոշում. սա սարսափելի է։

 

- Գրքում առկա հարցադրումներում, դիտարկումներում, փաստագրումներում նկատելի են քաղաքական ենթատեքստեր։ Այնուհանդերձ, «Երեւա, երեւա, Երեւան»-ը զե՞րծ է քաղաքական վիպակ բնորոշումից։

 

- Այս գրքին կարող էիք տալ ցանկացած բնորոշում, ներառյալ՝ անհեթեթությունը, բայց «քաղաքական»՝ ոչ մի դեպքում։ Այն մարդու սովորական ապրումների մասին է։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին