Խարմսի «Պառավը/Դիպվածներ» գիրքը՝ Ֆերեշեթյանի թարգմանությամբ - Mediamax.am

exclusive
1554 դիտում

Խարմսի «Պառավը/Դիպվածներ» գիրքը՝ Ֆերեշեթյանի թարգմանությամբ


Դանիիլ Խարմսը
Դանիիլ Խարմսը
Վարդան Ֆերեշեթյանը
Վարդան Ֆերեշեթյանը

«Ակտուալ արվեստ մշակութային միությունը» Feresh մատենաշարով ներկայացնում է Դանիիլ Խարմսի «Պառավը/Դիպվածներ» գիրքը։ Թարգմանությունը Վարդան Ֆերեշեթյանինն է։

 

«Դանիիլ Խարմսը (Դանիիլ Իվանովիչ Յուվաչով) գրականության պատմության մեջ թերեւս ամենազվարթ, ամենաողբերգական, ամենաչհասկացված ու ամենազարմանալի հեղինակներից է, որը ծնվեց 1905 թվականի դեկտեմբերի 30-ին եւ, 1941 թվականի օգոստոսին երրորդ եւ վերջին անգամ ձերբակալվելով, մահացավ բանտի հոգեբուժարանում, բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում, քաղցից»,- գրում է Վարդան Ֆերեշեթյանը գրքի առաջաբանում:

 

- Ժողովածուն ի՞նչ սկզբունքով է կազմվել։ Ինչո՞ւ ընտրվեցին Խարմսի հենց այս ստեղծագործությունները։ Կլինե՞ն այլ անդրադարձներ։

 

- Կարծում եմ, հատուկ ինչ-որ սկզբունք՝ հատկապես այդ ստեղծագործություններն ընտրելու, չկար, թեեւ «Դիպվածներ»-ը եւ «Պառավը» վիպակը Խարմսի պոետիկան ընկալելու համար շատ կարեւոր են։

 

«Դիպվածներ» ժողովածուի տեքստերը գրվել են 1933-ից մինչեւ 1939 թվականները։ 1939 թվականին Խարմսը այդ տեքստերից միասնական ժողովածու կազմեց եւ նվիրեց այն իր կին Մարինա Մալիչին։ «Դիպվածներ» ժողովածուին զուգընթաց Խարմսը բազում այլ բանաստեղծություններ եւ պատմվածքներ, տեսարաններ եւ մանրապատումներ է գրել, որոնք լիովին կարող էին մտնել «Դիպվածներ» ժողովածուի մեջ։ Իր այս ժողովածուում Խարմսն ինչ-որ առումով կանխատեսեց մի շարք պոստմոդեռնիստ արձակագիրների հատվածական ոճն ու աշխարհընկալումը։

 

Ինչպես ասում էր բանաստեղծ Նիկոլայ Զաբոլոցկին իր ուշ շրջանի դիտարկումներից մեկում․«Նա ստեղծագործում էր մի երկրում, որտեղ չկան պատրաստի ձեւեր, որտեղ ամեն ինչ տարանջատված է, խառնված, մասնատված» - եւ «Դիպվածներ»-ը կարելի է ընթերցել որպես այդ երկրից եկած հեռագրեր։⁠ Ուշագրավ է նաեւ ուշ շրջանի Աննա Ախմատովայի արձագանքը․«Նրան հաջողվում էր այն, ինչը շատ քչերին է հաջողվում՝ այսպես կոչված քսաներորդ դարի արձակը»։

 

Խարմսն այդ տարիներին շատ էր խոհածում իր համար ամենակարեւոր գրողների մասին՝ նրանց բաժանում էր «հրեղենների» եւ «ջրայինների», դրանց մեջ առանձնացնում էր «ճշմարիտ հանճարներին» (Դանտե, Շեքսպիր, Գյոթե, Պուշկին եւ Գոգոլ) եւ կազմում էր իր սիրելի գրողների ցուցակները՝ Գոգոլ, Պրուտկով, Մայրինկ, Համսուն, Էդվարդ Լիր, Լյուիս Քերոլ։ Կարելի է տեսնել նաեւ «Դիպվածներ» շարքի կապը անգլիական նոնսենսի գրականության հետ՝ Քերոլի եւ Լիրի։ Էդվարդ Լիրի հնգատող լիմերիկները, որոնք կառուցվում էին «Ապրում էր ինչ-որ մարդ ինչ-որ տեղից, եւ նրա հետ ինչ-որ բան պատահեց» սխեմայով, իրոք ինչ-որ բանով հիշեցնում են «Դիպվածներ»-ը։ Որպես «Դիպվածներ» շարքի անուղղակի ակունքներից մեկը կարելի է հիշատակել նաեւ Ֆյոդոր Սոլոգուբի «Հեքիաթիկներ» գիրքը։

Ինչ վերաբերում է «Պառավը» վիպակին, ապա այն Խարմսի ամենաբազմաշերտ եւ առեղծվածային ստեղծագործություններից մեկն է, որ իր կառնավալային մենիպեա հիշեցնող մթնոլորտով եւ անսպասելի զարգացումներով կլանում է ընթերցողին։

 

«Պառավը» Դանիիլ Խարմսի ամենածավալուն արձակ ստեղծագործություններից մեկն է, որն օժտված է հար ծավալվող ամբողջական եւ խաղացկուն սյուժեով եւ նույնիսկ հոգեբանական տարրերով՝ այստեղ մեծ ուշադրություն է տրվում հերոսի հոգեվիճակներին, նրա գործողությունների դրդապատճառներին։ Ինքը՝ հերոսը, օժտված է նաեւ հենց հեղինակի հոգեբանական հատկանիշներով։ Միաժամանակ վիպակն իր մեջ բազում դրվագներ է պարունակում, որոնք կապված չեն հիմնական գործողության հետ, եւ որոնք զարգացում չեն ստանում եւ ընկալվում են որպես սիմվոլիկ նշաններ կամ ակնարկներ՝ անսլաք ժամացույցի տեսարանը, ոմն ծերունի, որ փնտրում է գլխավոր հերոսին, հեղինակի հրաշագործի մասին հորինած պատմությունը, Սակերդոն Միխայլովիչի հետ խոսակցությունները, փիլիսոփայական զրույցն ու վերջինիս վերափոխումը, մեռնող եւ հառնող պառավը, ինչպես նաեւ «Դիպվածներ» ժողովածուի կրկին հայտնվող մոտիվները շատ ավելի բարդ սյուժեում։ Այս ամենը միաձույլ ստեղծում են այս վիպակի անսպառ հմայքը։

Դանիիլ Խարմսը Դանիիլ Խարմսը

 

Իսկ այլ անդրադարձներ անշուշտ կլինեն՝ այլ պատմվածքների, բանաստեղծությունների, պիեսների եւ տրակտատների, նոթագրությունների եւ նամակների թարգմանություններ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում անպայման նորից նոր կանդրադառնանք Դանիիլ Խարմսին։

 

- Խարմսին թարգմանելն ի՞նչ դժվարություններ էր ենթադրում։

 

- Խարմսի թվացյալ պարզությունը շատ հաճախ խաբուսիկ է, եւ դժվարություններ, իհարկե, լինում են, որոնք այդուհանդերձ հաղթահարելի են՝ շնորհիվ հայոց լեզվի ճկունության եւ բազմաշերտության եւ այն ներքին լսողության, որն օգնում է ոչ միայն տեսնել ու ընկալել լեզվական նրբությունները, այլեւ երբեմն ընթերցել դրանք, ինչպես երաժշտական պարտիտուրներ։

 

- Խարմսի ստեղծած աշխարհը/գրականությունը հասկանալու համար հարկ է ծանոթ լինել նրա կենսագրությանն ու ապրած ժամանակաշրջանի՞ն։ Կամ եթե հարցին այլ կողմից մոտենանք, կարո՞ղ ենք ասել, որ նրա պատումները լավագույնս բնորոշում են հասարակարգն ու ժամանակը, որում ապրել է։

 

- Ցանկալի է, իհարկե։ Ինչպես գրող-ժամանակ հարաբերության մասին խոսելիս՝ ասում էր բանաստեղծ եւ իմ մտերմագույն ընկեր Հրաչյա Բեյլերյանը․«Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիր»,- պատվիրում էր Չարենցը։ Իսկ եթե ժամանակիդ շնչի մեջ գարշահոտությո՞ւն կա։ Գրականությունը կարող է դա նույնպես ֆիքսել, բայց ոչ թե նույնանալ դրա հետ»։ Ինչը որ խորհրդային շրջանում փայլուն կերպով եւ տարակերպ արել են այդ շրջանի երկու միանգամայն աննման եւ յուրատիպ գրող՝ Անդրեյ Պլատոնովը եւ Դանիիլ Խարմսը։

 

-Մանկագրությունը, առեղծվածային ոճը, հումորը օգնում էին ասել այն, ինչը չէ՞ր թույլատրվի այլ կերպ ասել։

 

- Մանկագրությանը զուգահեռ Խարմսը գրում էր նաեւ իր, այսպես կոչված, «հասուն արձակը», որը պարզապես այն տարիներին չէր տպագրվում եւ արգելված էր։

 

Չթույլատրվելը Խարմսին չի վերաբերում, եւ այդ պատճառով էլ նա ի սկզբանե զոհ էր, ինչը որ ինքն էլ էր հիանալիորեն գիտակցում։

 

- «ԽՍՀՄ-ը պատերազմը պարտվեց հենց առաջին օրը»։ Խարմսի այս բանաձեւումը, որը հիմք է դառնում նրա հալածանքի համար, կարո՞ղ ենք պարզեցնել։

 

- Պարզեցնել թերեւս չկարողանամ, բայց այն ամենն ինչ կատարվում է մեր շուրջն այսօր, այդ նախադասությանը շատ ավելի տրտմալի ու չարագուշակ իմաստ է հաղորդում։

 

- Գրում եք․ «Այն հրաշալի պայմանականության աշխարհում, որը արարում էր Դանիիլ Խարմսը, նրա իրականության զգացողությունը այնքան էլ հեռու չէր հենց տիրող իրականությունից, եւ այսօր ավելի ու ավելի հաճախ` նաեւ մեր իրականությունից»։ Ըստ այդմ՝ ի՞նչ կտա այս գիրքը մեր իրականությանը, այսժամանակյա ընթերցողին։

 

-Կարծում եմ, որ Խարմսը միշտ էլ ակտուալ կլինի։ Թե ինչ կտա մեր իրականությանը, դժվարանում եմ ասել։ Թե ինչ կտա այսօրվա ընթերցողին, յուրաքանչյուրն ինքը պիտի պարզի։

 

- «Կյանքը դարձյալ հաղթում է մահին՝ մարդկությանն անհայտ միջոցով»։ Խոսքը շարունակվող կյանքի անհեթեթությա՞ն մասին է։

 

-Կարծում եմ՝ թե՛ շարունակվող կյանքի, մահվան եւ թե՛ դրան զուգընթաց ընթացող եւ ծավալվող անհեթեթության մասին։

 

- Գրելու անսովոր, անհասկանալի կերպը ենթադրում է տարբեր մեկնաբանություններ։ Ի վերջո, ո՞ր կողմից պետք է դիտարկել նրա գործերը՝ հոգեւոր տեսակետից, քաղաքական, այլաբանական, հումորային, հոգեբանական։ Թե՞ բոլորը մեկում։

 

-Կարծում եմ՝ որեւէ ուղղագիծ մոտեցում կաղքատացնի Խարմսի աշխարհը։

 

- Խարմս ազգանունն առաջացել է ֆրանսիական charme (հմայք) եւ անգլերեն harm (վնաս) բառերից: Այս համադրությունը վերաբերում է նրա գրչի՞ն, իրականությա՞նը, որի մասին գրում է, թե՞ այլ բացատրություն ունի։ Գրողի ձեռագրերում հանդիպում են նաեւ այլ անուններ, որոնցով ներկայանում է…

 

- Խարմսի տարանունների եւ կեղծանունների մասին բազում հոդվածներ կան, ինչպես նաեւ կան հիշատակումներ զանազան մենագրություններում եւ ուսումնասիրություններում, որոնցից մի քանիսը նշել եմ։ Հետաքրքրվողները եթե չծուլանան, հաստատ շատ հետաքրքիր բաներ կգտնեն։ Խարմսին նվիրված առաջաբանում ես շատ թռուցիկ անդրադարձել եմ այդ հարցին․«Դանիիլ Իվանովիչ Յուվաչովը, դեռեւս դպրոցական տարիքից, իր համար հորինեց Խարմս կեղծանունը, որը տարակերպում էր ապշեցուցիչ հնարամտությամբ, երբեմն նույնիսկ միեւնույն ձեռագրի տակ մակագրելով տարբեր տարանուններ` Խարմս, Խորմս, Չարմս, Խաարմս, Շարդամ, Խարմս Դանդան եւ այլն:

Վարդան Ֆերեշեթյանը Վարդան Ֆերեշեթյանը

 

Բանն այն է, որ Խարմսը ենթադրում էր, որ անփոփոխ անունը դժբախտություն է բերում, եւ նոր ազգանուն էր ընտրում դժբախտությունից եւ խորհրդային երկրի մղձավանջից փախչելու համար: «Աշխարհը որսում էր ինձ, բայց այդպես էլ չբռնեց»,- գրված է ռուս փիլիսոփա Գրիգորի Սկովորոդայի դամբանաքարին: Աշխարհը, եւ այն էլ՝ վեհապանծ խորհրդային աշխարհը, որսաց, բայց այդպես էլ չբռնեց Խարմսին»:

 

- «Խարմսը հանճար էր։ Դրանից էլ՝ նրա բոլոր անախորժությունները», «Խարմսը տաղանդից զուրկ է։ Նա հանճար է»։ Նման բնորոշումները դիմադրության չե՞ն հանդիպել։

 

-Դիմադրության հանդիպել եւ միշտ էլ պիտի հանդիպեն արժեքների կանխորոշիչ ցանցը ստեղծողների եւ «բարձր», «միջին» եւ «ցածր» հոգեւոր արժեքների օրենսդիրների կողմից։

 

- Նրա գործերը բազմիցս էկրանավորվել են, բեմադրվել։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է, որ գրավում է ռեժիսորներին։

 

- Ինձ թվում է, որ ռեժիսորներին եւ թատերական բեմադրիչներին ամենից շատ գրավում են Խարմսի երեւակայությունը, տարընթերցումների առատությունը, խաղացկունությունը, եւ սյուրռեալիստական կինոնկար հիշեցնող զուտ իրեն ներհատուկ պատկերայնությունն ու տրամադրությունը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին