Պատերազմն ու շահած կյանքը «ռազմական պացիֆիստ» Ռեմարկի «Վերադարձ» վեպում - Mediamax.am

exclusive
1350 դիտում

Պատերազմն ու շահած կյանքը «ռազմական պացիֆիստ» Ռեմարկի «Վերադարձ» վեպում


Վանուհի Բաղմանյանը
Վանուհի Բաղմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«- Ինձ թվում է՝ մենք հիվանդ ենք Գեո՛րգ։ Պատերազմը մեր ոսկորներում է դեռ։

Ռահեն գլխով է անում․

- Երբեք էլ չենք պրծնելու նրանից։

- Պրծնելու ենք,- պատասխանում է Լյուդվիգը,- քանի որ այլապես ամեն ինչ իզուր էր»։

 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության ռեմարկյան շարքը համալրվել է եւս մեկ գրքով։ Լույս է տեսել Էրիխ Մարիա Ռեմարկի «Վերադարձ» վեպը՝Վանուհի Բաղմանյանի բնագրային թարգմանությամբ։ Մեդիամաքսի հետ զրույցում Վանուհի Բաղմանյանը նշեց, որ «Վերադարձ»-ը հայերեն է հրատարակվում առաջին անգամ։

 

- Ռեմարկի 1929-ին լույս տեսած «Արեւմտյան ճակատում նորություն չկա» վեպը պատերազմի մասին պատմող երբեւէ ստեղծված ամենավաճառված գրքերից է։ Ի՞նչ արձագանք է գտել 1931-ին լույս տեսած «Վերադարձ»-ը։

 

- Լինելով Ռեմարկի առաջին գործը՝ «Արեւմտյան ճակատում նորություն չկա»-ն աննախադեպ, գլխապտույտ հաջողություն բերեց հեղինակին, վաճառվեց միլիոնավոր օրինակներով, թարգմանվեց տասնյակ լեզուներով եւ, ի վերջո, մեծ անհանգստություն առաջացրեց նացիստների շրջանում: Հայտնվել էր մի երիտասարդ գրող, որ համարձակ քննադատում էր պատերազմը, ներկայացնում նրա կործանարար հետեւանքները եւ կոչ անում գալիք սերունդներին՝ չկրկնել իրենց հայրերի սխալը:

Վանուհի Բաղմանյանը Վանուհի Բաղմանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Ռեմարկի խոստովանությամբ՝ իր հետագա գրքերը մնացին «Արեւմտյան ճակատում նորություն չկա»-ի ստվերում: Այդուհանդերձ, սակայն, հատկանշական է, որ «Վերադարձ»-ի՝ որպես հակապատերազմական զգայացունց երկրորդ վեպի լույսընծայումից հետո, կարելի է ասել, լցվեց նացիստների համբերության բաժակը, եւ Բեռլինի կենտրոնում հրապարակավ հրկիզեցին Ռեմարկի «Արեւմտյան ճակատում նորություն չկա» եւ «Վերադարձ» վեպերը, արգելեցին գրադարաններում եւ գրախանութներում, եւ մի քանի տարի անց Ռեմարկին զրկեցին Գերմանիայի քաղաքացիությունից:

 

- «Վերադարձը» «Արեւմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությո՞ւնն է։

 

- Ըստ որոշ աղբյուրների՝ այո՛: Հապացույց այս տեսակետի՝ երկու վեպերի սյուժետային կապը, ոճի ընդհանրությունը, գերիշխող տրամադրության շարունակությունը:

 

- «Վերադարձ»-ը պացիֆիստակա՞ն վեպ է, քաղաքակա՞ն, հոգեբանակա՞ն…

 

- Ռեմարկն իրեն «ռազմական պացիֆիստ» է կոչում, եւ այդ վերնագրով պատմվածքների մի ժողովածու էլ ունի, որ որպես «մասունք»՝ բերել եմ Օսնաբրյուքից՝ իր ծննդավայրից: Նրա բոլոր վեպերն են պացիֆիստական, հետեւաբար նաեւ քաղաքական ու հոգեբանական:

 

«Լիսաբոնի գիշերը» վեպի հրատարակիչը փաստում է, որ Ռեմարկին ժամանակակիցները չեն հասկացել: Նրա միակ նպատակը եղել է զգուշացնել գալիք սերունդներին, որ պատերազմն աղետ է, որ պետք է դասեր քաղել պատմությունից եւ չմոռանալ այն: «Մեր հիշողությունը կեղծում է, որ վերապրել տա մեզ»,- զգուշացնում է Ռեմարկը եւ բերում այն եզրահանգման, որ եթե մենք պատմենք կատարվածի մասին, չենք մոռանա, ուստի եւ այլեւս թույլ չենք տա:

 

Որպես ընդգծված պացիֆիստական գործ՝ «Վերադարձ»-ը, ներկայացնելով պատերազմական դժոխքից մազապուրծ զինվորների ապրումները, միեւնույն ժամանակ հոգեբանական ցնցող ստեղծագործություն է:

 

- Գրքի գլխավոր հերոսը՝ Արեւմտյան ճակատից վերադարձած Էռնսթ Բիրքհոլցն ու նրա զինընկերները՝ Լյուդվիգը, Ալբերտը, Քառլը, Ադոլֆը, Վիլլին, Վալենտինը, իրակա՞ն կերպարներ են։ Ի՞նչ է հայտնի այս մասին։

 

- Ռեմարկի բոլոր վեպերն ինքնակենսագրական են: Յուրաքանչյուր ստեղծագործության գլխավոր հերոսն ինքը՝ Ռեմարկն է: «Վերադարձ»-ի Էռնսթ Բիրքհոլցը հեղինակն է, թվարկված մյուս հերոսները՝ նրա իրական զինընկերները: Ենթադրվում է, որ ինչպես իր անունն է փոխում վեպերում, այնպես էլ մյուս նախատիպերի անունները:

 

- Հետպատերազմական ճգնաժամը, խրամատից քաղաքացիական կյանքին վերադարձող զինվորի ապրումները, հասարակության վերաբերմունքը, ցավոք, զուգորդվում է մեր ապրածի հետ։ Նաեւ ա՞յս առումով հետաքրքիր կլինի վեպը հայ ընթերցողին:

 

- Անշուշտ: Քանի որ Ռեմարկը գրում է պատերազմի եւ ռազմաճակատի զինվորի մասին ընդհանրապես, նրա վեպերը դառնում են վերժամանակյա եւ  վերտարածական: Նա գրում է ոչ թե գերմանացի զինվորի, այլ զինվորի մասին առհասարակ, վերհանում նրա զգացմունքները, ապրումները, վախերն ու հույսերը:

Այս առումով «Վերադարձ»-ը խիստ հոգեմոտ է հայ ընթերցողին, ցավոք, մշտարդի մեր պարագայում: Արցախյան երկրորդ պատերազմը կամա-ակամա բավական խորն եմ ուսումնասիրել եւ շարունակում եմ ուսումնասիրել, ու պատերազմի ընթացքում ինձ հաճախ թվում էր՝ խելագարվում եմ, որովհետեւ ես արդեն անցել էի այդ ամենի միջով «Արեւմտյան ճակատում նորություն չկա»-ն թարգմանելիս: Ռեմարկն իր մաշկի վրա է զգացել պատերազմը եւ ընթերցողին նույն կերպ է զգալ տալիս պատերազմը:

 

«Պատերազմն ամեն տեղ նույնն է…Ես տեսնում եմ, որ ազգերին իրար դեմ են հանում, եւ նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար: Ես տեսնում եմ, որ աշխարհիս ամենաիմաստուն գլուխները զենքեր ու բառեր են հայտնաբերում՝ այս ամենն առավել նենգ ու երկարատեւ դարձնելու: Եվ այս ամենն ինձ հետ միասին տեսնում են իմ հասակակիցներն այստեղ ու այնտեղ՝ ամբողջ աշխարհում, ինձ հետ միասին այս ամենն ապրում է իմ սերունդը»,- գրում է Ռեմարկը:

 

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել հասարական- քաղաքական մտքի վրա ռեմարկյան գրականությունը։ Նրա գրքերը քննադատվել, բայց նաեւ  ընթերցող են ունեցել… եւ, այնուամենայնիվ, առջեւում Երկրորդ համաշխարհայինն էր։

 

- «Հաղթական կամար»-ում Ռեմարկը նկարագրում է կյանքը՝ «մահվան ու մահվան միջեւ», այսինքն՝ երկու պատերազմների միջեւ ընկած ժամանակավոր «խաղաղությունը»: Ռեմարկը ցույց է տալիս ապրելու ճանապարհը, դրա գինը, այդ գնով ձեռք բերված կյանքի ամեն վայրկյանը գնահատելու կարեւորությունը, «շահած կյանքի» արժեքների՝ ընկերության, սիրո անփոխարինելիությունը: Իր մի հարցազրույցում Ռեմարկը նշում է, որ դպրոցում աշխատելիս ուսումնասիրել է պատմության դասագրքերը եւ հասկացել, որ նոր սերնդին կատարվածի մասին գրեթե ոչինչ չեն պատմում: Ուստի նա իր պարտքն է համարում իր ստեղծագործությամբ ի լուր աշխարհի հայտարարել կատարվածի մասին, որպեսզի այն այլեւս չկրկնվի:

«Երեք ընկեր»՝ «վատ հորինված կյանքում»

Ռեմարկին հաջողվել էր ըստ էության համախոհների հսկայական բանակ հավաքել իր շուրջ, որից խուճապահար՝ նացիոնալ-սոցիալիստները նրան շուտով աքսորեցին Գերմանիայից: Դառնալով աշխարհաքաղաքացի՝ Ռեմարկը շարունակեց գրել Գերմանիայի ու գերմանացիների մասին, որովհետեւ  սրտացավ վերաբերմունք ուներ այն ազգի նկատմամբ, որ ծնունդ էր տվել իրեն, այն երկրի, որտեղ ծնվել էր: Մինչեւ կյանքի վերջ գրողը գոռաց աղաղակեց, բայց ոչ ոք չլսեց: Միայն կյանքի վերջին տարիներին, երբ ԱՄՆ-ում էր, Գերմանիայի կառավարությունը հրավիրեց նրան Գերմանիա՝ վերադարձնելու քաղաքացիությունը, որից, սակայն, նա հրաժարվեց:

 

- «Իմ կյանքի մի մասը ծառայել է ավերումին, այն վերաբերել է ատելությանը, թշնամանքին, սպանությանը։ Բայց կյանքը ինձ է մնացել։ Դա համարյա առաջադրանք է ու ճանապարհ»։ Սա՞ է լույսը ռեմարկյան գրականության։

 

- Լավատեսություն, միմիայն լավատեսություն. ահա՛ Ռեմարկի՝ որպես մարդու եւ գրողի հաջողության գրավականը: Կյանքը մնացել է իրեն, չեն խլել իրենից, ուրեմն շահած կյանք է, ուրեմն պետք է վայելել, ի բարին օգտագործել ժամանակը: Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները, որքան էլ պատերազմի ու մահվան գերակշիռ տարրերով, ավարտվում են լույսով, լավատեսությամբ, ապագայի նկատմամբ ամուր հավատով: Ռեմարկն ասում է այն, ինչ ուրիշները մտածում են, բայց չեն կարողանում ասել, եւ դա, իր խոստովանմամբ, իր հաջողության երաշխիքներից մեկն է:

 

- «Երեւի ես երբեք չկարողանամ լիարժեք երջանիկ լինել, երեւի պատերազմը դա սպանել է, եւ գուցե միշտ մի քիչ բացակա լինեմ եւ ոչ մի տեղ ինձ տանը չզգամ, բայց ես նաեւ երբեք լիարժեք դժբախտ չեմ լինի, որովհետեւ միշտ կլինի մի բան, որից կկառչեմ, լինեն իմ ձեռքերը կամ մի ծառ, կամ շնչող հողը»։ Իրեն՝ Ռեմարկին հաջողվո՞ւմ է կառչել կյանքից։ Գուցե նրա համար այդ հողը գրականությո՞ւնն էր։

 

- Երկու պատերազմների միջով անցած գրողին դժվար հաջողվեր 72 տարի ապրել, եթե կառչած չլիներ կյանքին: Կյանքում նրա համար նեցուկ են եղել հիշողությունը, սիրելի կանայք, գրականությունը եւ խմիչքը:

 

- «Վերադարձ»-ին ի՞նչն է հաջորդելու։

 

- Արդեն սկսել եմ թարգմանել «Սիրիր մերձավորիդ»-ը, որին կհաջորդեն եւս երկու վեպերի թարգմանություններ:

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին