Արամ Ավետիս՝ հեղափոխության, քաղաքի եւ Գազանի մասին - Mediamax.am

exclusive
3686 դիտում

Արամ Ավետիս՝ հեղափոխության, քաղաքի եւ Գազանի մասին


Արամ Ավետիսը
Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվից

Արամ Ավետիսը
Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվից


Արամ Ավետիսը գրականություն մուտք գործեց «Կույր կետադրություն» գրքով: «Գրում եմ, ինչ գրում եմ, կարեւորը հետաքրքիր լինի, նյութ լինի, որ ինչ-որ բան կպակասեցնի կամ կավելացնի»,-ասում է երիտասարդ արձակագիրը`  մինչ  գրասերներն ու գրականության ներկայացուցիչները փորձում են հասկանալ, թե ինչ ժանրում են  նրա գրվածքները՝  էսսե, պատմվածք, արձակ բանաստեղծություն, մանրապատում... 

 

«Որբ են իմ գործերը»,- կեսկատակ եզրահանգում է գրողն ու սեղանին դնում «Ճարտարապետական մուտացիա» վեպը: Արամի նոր գիրքը քաղաքի մասին է:  Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը: 

 

- «Ամեն քաղաքի ներսում մշտապես մի այլ քաղաք կա». գիրքը սկսում է Ժիլ Դելյոզի այս տողերով: Քանի՞ քաղաք կա մեր քաղաքում: 

 

- Ինձ թվում է այնքան, ինչքան մարդ է ապրում այդ քաղաքում, բայց այդ հարցի պատասխանը ճշգրիտ իմանալու համար պիտի իմանալ թե քա՞նի մարդ կա այդ քաղաքում: Մարդ ոչ թե քանակի իմաստով, այլ այն արժեքով, որը իբր թե մեզ բարձրացնում է կենդանական աշխարհում: Ո՞րն է այդ արժեքը, որը համառ կերպով չի երեւում մեր մեջ: Միգուցե նա չկա, ուղղակի մենք եւս մի նոր աբստրակտ գաղափար ենք հորինել, որ մեզ կրկին կարեւոր կարծենք եւ դրանով իսկ կարեւորենք այն, ինչ մենք ենք ստեղծել, օրինակ՝ քաղաքը: 

 

- Գիրքդ սկսում ու ավարտվում է սեւ-սպիտակ թղթերով: Եթե նույնիսկ քաղաքական ենթատեքստ չկա դրանում, ինչ-որ բան պետք է նշանակի սեւ-սպիտակի համադրությունը: 

 

- Հենց ամեն ինչում քաղաքական ենթատեքստն է արել այնպես, որ այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, չկա մշակութային մթնոլորտ, որտեղ գրողները չինովնիկներ են, եւ նրանցից շատերը, ցավոք, հենց չինովնիկի ոճով էլ գրքեր են գրում: Օրինակ, Լենինի հեղափոխությունը նպաստեց, որ երկրում ծնվի ֆուտուրիզմը, առաջ գան այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք էին Մայակովսկին, Գորկին, Մալեւիչը, Տատլինը, բայց,  իհարկե, չմոռանանք եւ նրանց, ում գլուխները закуска դառան սովետական արյունոտ սեղանին: Այդ հեղափոխությունը նոր որակներ տվեց ստեղծագործ մարդուն եւ արվեստին: 

 

 

 

Հեղափոխությունը չլռվեց ինքն իր մեջ ու իրենով չխեղդեց բոլորին: Իսկ երբ սկսեց լռվել, արյունոտեց իր ձեռքերը հենց այդ մեծերի արյունով: Մենք այսօր լռված ենք այդ ամենի մեջ: Ամենուրեք դա է: Հեղափոխությունը պիտի օգնի մարդուն ապրել նոր ժամանակաշրջանում, այլ ոչ թե մտնի մարդու կյանք եւ իրենով փոխարինի կյանքը: Իմ գրականության մեջ քաղաքականություն չկա: Իմ գրականության մեջ չկա այդ անհետաքրքիր թեման: Քանի՞ մարդ է հիմա Լենին կարդում եւ քանի՞ մարդ Չարենց: Ո՞ւր են Լինինի արձանները եւ ո՞վ կհամարձակվի Մայակովսկու արձանին դիպչել: 

 

Գրականությունը ծառայում է այս պահին, որպեսզի հավերժանա, իսկ հեղափոխությունը ձգտում է հավերժությանը, այսինքն` ուտոպիային՝ կեղծ ուտոպիային եւ այսօրվա լուրերով սկսվում  եւ վերջանում, երբ ձանձրույթից անջատում ես հեռուստացույցը: Ի՞նչ է մեր առօրյան, եթե ոչ կպչուն ձանձրույթ, որի մեջ խեղդվում են մեր չգրված եւ նույնիսկ գրված փայլուն մտքերը:  

 

- «Ակտուալի» «Ջեբգիր» մատենաշարով լույս են տեսնելու գրքեր, որոնք հաջողություն են ունեցել ընթերցողների մոտ: Ի դեպ, գրքիդ շնորհանդեսի օրը, գիրք գնողների հերթ էր գոյացել: Իսկ գուցե քո իրական ընթերցողը ամենեւին էլ հերթի մեջ չէ՞: 

 

-Իմ ընթերցողին ես դեմքով չգիտեմ, ինչպես նա դեմքով չգիտի ինձ: Շատ անգամ եմ ես խոսել մարդկանց հետ, ովքեր ինձ կարդացել են եւ ինձ չիմանալով, պատմել ինձ իմ եւ իմ գրականության մասին: Նայելով ինձ՝ ես ծանոթացել եմ իմ անհայտ կեսի հետ եւ ինձ դուր է եկել իմ այդ անդեմ վիճակը: 

 

Արամ Ավետիսը Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

-Ինչի՞ց է ծնվել գիրքդ՝ անքնությունի՞ց, թե՞ քաղաքի հանդեպ ատելությունից:

 

-Միգուցե երկուսից: Ի՞նչ կարող է զգալ այն մարդը, ով անքնություն ունի, եթե ոչ՝ ատելություն: Բայց իմ գիրքը ծնվել է նաեւ շատ ուրիշ զգացմունքներից: Իմ լսածից ու տեսածից է ծնվել իմ գիրքը, եւ նաեւ նրանից՝ ինչը չի կարելի լսել եւ ինչը պատկեր չունի աչքի համար:

 

- Քաղաքը մեզ ոչնչացնում է ռնգեղջյուրի պես, բայց մենք դա չենք նկատում: Սա` ըստ քեզ: Քաղա՞քն է մեզ ոչնչացնում, թե՞ մենք քաղաքը: 

 

-Գրականությունը լուծումներ չի առաջարկում: Գրականությունը գիտություն չէ: Գրականությունը տեսնում է եւ ասում ես տեսնում եմ սա: Եվ նույն գիրքը մեկի համար գրել է պայծառատեսը, մյուսի համար՝ կույրը: 

 

Քաղաքը մարդն է ստեղծել: Եթե նա է մեզ ոչնչացնում, կամ եթե մենք ենք նրան ոչնչացնում, ապա երկուսն էլ կարելի է գնահատել որպես ինքնասպանություն: 

 

Ես չեմ ուզում մտնել բնության մեջ եւ դեմ առ դեմ դուրս գամ իմ Գազանի հետ, բայց մնալով քաղաքում՝ ես նրան ամեն օր հանդիպում եմ վանդակում՝ անկյունին սխմված: Այդպիսի Գազանը ավելի վտանգավոր է. նա ամեն ինչի պատրաստ է: Իսկ ազատության մեջ ես նրան չեմ կառավարի եւ ուժասպառ կվազեմ նրա հետեւից՝ ճանապարհին կորցնելով բոլոր շղթաներս:

 

Արամ Ավետիսը Արամ Ավետիսը

Լուսանկարը` անձնական արխիվից

 

Մեզնից շատերը՝ ոչինչ չիմանալով իրենց ներսի Գազանի մասին, ապրում են քաղաքում, ապրում են առանց ներքին զսպվածության ու հարգանքի, եւ երբեմն ինձ թվում է, թե մի մեծ Գազանանոցում եմ ապրում: Գազանանոց, որտեղ ես սպասումներ չունեմ: Գազանը կարդում է, բայց աչքի պոչով անընդհատ նայում ժամացույցին, նա սպասում է, թե երբ կբերեն իր կերը: Ուտելիքին սպասող ստամոքսը չի կարող գրականություն մարսել:

 

-Դու բառախաղ ես անում, «ոչ մի օր առանց տողի» արտահայտությունը փոխում ես «ոչ մի տող առանց ապրած  օրվա»-ի: Ո՞րն է ավելի ցավոտ, երբ գրում են առանց ապրելու, թե երբ ապրում են առանց ապրելու:

 

- Գրելը ինձ համար ապրել է: Եվ դրա համար այդ երկու նախադասությունները ինձ համար հոմանիշներ են: Իսկ թե ո՞րն է ցավոտ: Ինձ թվում է՝ այդպիսի գրքեր կարդալն է ցավոտ:

 

-Շարունակ խոսում ես  քաղաքի, մարդկանց  հանդեպ քո ատելության մասին,  բայց ինչպե՞ս է, որ ընթերցողին չի վիրավորում այդ ատելությունը: Ալեքսանդր Թոփչյանը վեպդ բնորոշում է գիրք-հայելի: 

 

-Իմ գիրքը եւս մեկ ապացույց էր, որ միակ զգացողությունը, որ միավորում է մեզ եւ ստեղծում քաղաքը, ատելությունն է ինքներս մեր հանդեպ: Չսիրելով մեզ՝ մենք ստեղծում ենք քաղաքը, լցնում նրան ուրիշ մարդկանցով, որպեսզի այդ խառնաշփոթի մեջ կորենք եւ մոռանանք ինքներս մեզ: Բայց քաղաքում ամեն հանդիպող մարդ, ում դու նայում ես, եւ ով քեզ է նայում, դառնում է քո իսկ հայելին, որը ուզում ես կոտրել: Այսինքն, ատում ես մարդկանց, որոնք քեզ ամեն անգամ հիշեցնում են քո խղճուկ գոյության մասին: Եվ քաղաքը մի մեծ հայելի է դառնում, եւ արեւից թափվող ճառագայթները սկսում են վառել հենց նույն այդ արեւի մաշկը: Ես քաղաքը ստեղծեցի իմ կերպարանքով: Անհնար է, բայց ես ուզում եմ սովորել իմ սեփական սխալներով:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին