Նաիրի Հոխիկյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

4023 դիտում

Նաիրի Հոխիկյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Մարգարիտ Բարանկիցեին. Սերմերը կարող են ծիլ տալ նաև 200 տարի հետո

 

Սիրելի Մարգարիտ, մտքիցս չի հեռանում քո հայրենիքում տեղի ունեցած մարդկային ողբերգության մասին արտահայտած խոսքը, թե. «Նրանք մեզ թաղել են՝ մոռանալով, որ մենք սերմեր ենք…»: Ամեն անգամ այդ բառերի հետ աչքիս առաջ գալիս է 2014-ին Թուրքիայի Մուշ քաղաքում ինձ հանդիպած մի կնոջ դեմք, որը ներողամիտ ժպիտով ասում էր. «մենք մնացինք մերանի համար…»:

 

Հունիս ամսվա առաջին օրն էր, Թուրքիայի՝ երբեմնի հայկական ու ծաղկուն բնակավայրերում մեկ շաբաթ շրջելուց հետո ընկերոջս հետ կանգ առա Մուշում: Հայկական առասպելն ասում է՝ Նոյի դուստր Աստղիկ աստվածուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող գետում, ու որպեսզի սիրահարված երիտասարդները չտեսնեին իր նրբիրան մարմինը, դաշտը պատում էր մշուշով: Ժամանակակից Թուրքիայի ամենագեղեցիկ վայրերից մեկը հենց դրա համար է կոչվում Մուշ:

 

Այստեղ հիմա բնակիչների մեծ մասը քրդեր ու թուրքեր են, բոլորը՝ մահմեդական, բայց եթե հարցուփորձ անես, շատ կհանդիպեն նաև կրոնափոխ հայեր, մարդիկ, որոնց նախնիները իրենց բնօրրանում 1915թ. ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացվել են կամ ուղղակի նրանց փրկել են բարեհոգի քրդեր կամ թուրքեր: Այդպիսի մի քուրդ ինձ պատմեց, որ փնտրում է իր հայուհի կնոջ ազգականներին: Իսմայիլը (այդպես էր քրդի անունը) 1984-ից փորձում է օգնել կնոջը՝ Սուսլիին, որի նախնիները դարձել են դաժան սպանդի զոհ. բոլորին ողջ-ողջ այրել են, փրկվել է միայն պապը՝ պատսպարվելով մի թուրքական ընտանիքում:

 

«Բոյիդ մեռնիմ». այսպես էր խոսքն սկսում տիկին Սուսլին՝ պատմելով, թե ինչպես իր նախապապ Ղազարը ընտանիքով Ալաշկերտից դեռևս 1812-ին տեղափոխվեց Մուշին մոտ Կնծու գյուղ, որտեղ ապրեց մինչև 1828թ.: Այդ ժամանակ Ղազարը վերցրեց 4 որդիներից երկուսին՝ Հակոբին ու Վարդանին և գնաց Արևելյան Հայաստան, իսկ երկու ավագ որդիները՝ Մանուկն ու Մարտիրոսը մնացին Մուշում:

 

Սուսլին Մանուկի հետնորդն է: Չէր իմանա նախնիների պատմությունը, եթե գյուղի հարևան քուրդ ու թուրք ընտանիքները չպատմեին: Երբեմնի կառավարությունը փորձել է ոչնչացնել  տարածաշրջանի բոլոր հայերին, շատերը գաղթել են, իսկ ով կարողացել  է ողջ մնալ ու ապրել բնօրրանում, արտաքուստ ձևացել է քուրդ, թուրք կամ ուղղակի մահմեդական:

 

Հիշո՞ւմ ես, սիրելի Մարգարիտ, դու էլ պատմում էիր հութուների ու տուտսիների մասին, որ հասարակ մարդկային շփումներում նրանք ամենևին էլ թշնամիներ չեն: Իմ պատմության հերոսներն էլ մեծացել են քուրդ ու թուրք ընտանիքների հետ, չնայած մինչև այսօր Թուրքիայի կառավարությունը քարոզում է, թե հայերը թշնամիներ են: Այդպես պետք էր ասել այն ժամանակ, ասում են նաև հիմա:

 

Խոնավ աչքերով Սուսլին պատմում էր, որ երազում է գտնել գոնե մեկ ազգականի, որի նախնին ևս հրաշքով փրկվել է կոտորածի ժամանակ: Գուցե մոտ 200 տարի առաջ Արևելյան Հայաստան տեղափոխված արնակիցների հետնորդնե՞րը գտնվեն:

 

Նայում էի Սուսլիի նորափթիթ դստերն ու աչքերի մեջ այնքա՜ն նմանություն տեսնում զարմուհուս… Մտածում եմ՝ իսկ ի՞նչ կասի Սուսլին, եթե իմանա, որ իմ նախապապի անունն էլ Ղազար է եղել… իմ նախապապն էլ ճիշտ 1812-ին Ալաշկերտից տեղափոխվել է Մուշ, հետո՝ 1828-ին՝ Արևելյան Հայաստան: Իմ նախապապ Ղազարի 4 որդիներից 2-ը՝ Մանուկն ու Մարտիրոսը մնացել են Մուշում, իսկ Հակոբն ու Վարդանը հաստատվել Սևանա լճի ափին՝ սերնդեսերունդ պատմելով արմատներին ամուր կառչելու և մարդու նկատմամբ սերը պահելու կարևորության մասին:

 

Ամիսներ անց Երևանում Սուսլիի հետ մեր հանձնած գենետիկ անալիզը հաստատեց ազգակցական կապը:

 

Հ.Գ. Սիրելի Մարգարիտ, ուղարկում եմ նաև մի լուսանկար, որտեղ մենք՝ 200 տարվա բաժանումից հետո երջանիկ նախախնամությամբ իրար գտած ազգականներն ենք՝ քուրդ փեսայի հետ միասին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին