50 գլոբալ հայերը` Լեւոն Էսիբով - Mediamax.am

exclusive
21414 դիտում

50 գլոբալ հայերը` Լեւոն Էսիբով

Այսօր մենք ներկայացնում ենք շարքի երկրորդ հերոսին՝ Լեւոն Էսիբովին, ով ապրում է Սիէթլում եւ աշխատում է Մայքրոսոֆթ կորպորացիայում:

Լեւոն Էսիբով
Լեւոն Էսիբով

Լուսանկարը` Լ. Էսիբովի արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը: Այսօր մենք ներկայացնում ենք շարքի երկրորդ հերոսին՝ Լեւոն Էսիբովին, ով ապրում է Սիէթլում եւ աշխատում է Մայքրոսոֆթ կորպորացիայում:

 

Նախագծի գլխավոր գործընկերն է Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ), որի ԱրԱրԱտ ապրանքանիշը ներկայանում է որպես գլոբալ հայկական բրենդ:

 

Լեւոն Էսիբովը ծնվել (1969թ.) եւ մեծացել է Բաքվում: 1992 թվականին ավարտել է Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը: 1998 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի համալսարանի ասպիրանտուրան երկու մասնագիտություններով՝ ֆիզիկա եւ համակարգչային տեխնոլոգիաներ: Ապրում է Ռեդմոնդում՝ Սիէթլի արվարձանում, որտեղ գտնվում է Microsoft Corporation-ի գլխավոր գրասենյակը: Նրա այսօրվա պաշտոնն ընկերությունում կոչվում է Principal Group Program Manager` Լեւոնը մասնագիտանում  է “ամպային տեխնոլոգիաներում”: Լեւոնն ամուսնացել է 1990 թվականին Լանա Բարխուդարյանի հետ, ում հետ ծանոթացել էր Մոսկվայում: Նրանք երկու երեխա ունեն:

Մինչեւ Ամերիկա մեկնելը, Լեւոնը հասցրել էր իր փոքրիկ գործը հիմնել Մոսկվայում: 1989 թվականի նոյեմբերին նա հիմնադրել էր ինժեներա-արտադրական “ՏՐՈՒԴ” կենտրոնը, որը զբաղվում էր տուրիզմով եւ գործեց մինչեւ 1992 թվականի օգոստոսը: 1993 թվականին Լեւոնը մեկնեց ԱՄՆ:

 

Երբ առաջացավ Արեւմուտք մեկնելու հնարավորությունը, դիմեցի Ռոդ Այլենդի համալսարանի ասպիրանտուրա: Մենք փախստականներ էինք Բաքվից` մեր ընտանիքի մի կեսը հայտնվեց Երեւանում (մայրս՝ Նելլի Զախարյանը եւ տատիկս՝ Արեւ Զախարյանը), իսկ մյուս կեսը՝ Մոսկվայում (քույրս՝ Լիլյա Էսիբովան եւ հորաքույրներս՝ Ելենա եւ Թերեզա Էսիբովաները): Մենք հերթագրված էինք Մոսկվայի ամերիկյան դեսպանությունում, որպեսզի ԱՄՆ մեկնենք: Եվ ստացվեց այնպես, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց մեկնել Ամերիկա, բայց ուսանողի կարգավիճակով:

 

Լեւոնը տեսավ ամենեւին ոչ այն Ամերիկան, որը սպասում էր:

 

Ես բավականին միամիտ պատկերացում ունեի Ամերիկայի մասին, եւ ցնցված էի նրանից, ինչ տեսա: Չէ՞ որ մինչ այդ մենք տեսնում էինք Ամերիկան միայն «Վրեմյա» հեռուստահաղորդման մեջ, որտեղ ցուցադրում էին սեւամորթների աղքատ թաղամասերը կամ Նյու Յորքի երկնաքերերը: Երևի թե, ամենամեծ շոկն ինձ համար այն էր, որ Ամերիկայի մեծ մասը բավականին «գյուղական» էր, եւ այն ուրբանիզացված համակարգը, որը տեսնում ենք Նյու Յորքում, հատուկ չէ երկրի մեծ մասի համար: Երբ ժամանեցի համալսարան, որը գտնվում էր համեմատաբար փոքր քաղաքում, պարզվեց, որ եթե չունես ավտոմեքենա, ապա ստիպված ես նստել տանը: Այնուամենայնիվ, նոր մշակույթին հարմարվելը շատ բարդ չէր, քանի որ ամերիկացիները մեծամասամբ լավ են տրամադրված նոր ժամանածների նկատմամբ, եւ նրանք շատ բարեհամբույր վերաբերվեցին նաեւ ինձ ու իմ ընտանիքին:

Լեւոնի որդին՝ Ալեքսանդրը, 21 տարեկան է, իսկ դուստրը՝ Նիկոլ-Արեւը, 8: Նա ասում է, որ շատերին զարմացնում է տարիքային այս մեծ տարբերությունը: Իրականում պատասխանը պարզ է. էմիգրացիան բարդ բան է ոչ միայն մշակութային, այլեւ ֆինանսական տեսանկյունից:

 

Լեւոն Էսիբովը կնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը` Լ. Էսիբովի արխիվից

 

Ես եկա որպես ուսանող՝ կնոջս եւ 3 տարեկան երեխայի հետ, մենք ապրում էինք կրթաթոշակիս հաշվին, որը բավականացնում էր միայն բնակվարձի եւ սննդի համար: Որդիս այսօր սովորում է Վաշինգտոնի համալսարանում՝ բիոինժեներիայի ֆակուլտետում եւ զուգահեռաբար աշխատում է Սիէթլի մանկական հիվանդանոցի հետազոտական կենտրոնում, զբաղվում է գենետիկական հիվանդությունների հետազոտությամբ:

 

Լեւոն Էսիբովն արդեն 19 տարի ապրում է Ամերիկայում եւ ասում է, որ իրեն լիովին ներդաշնակ է զգում ինչպես իր, այնպես էլ իրեն շրջապատող աշխարհի հետ:

 

Երբ եկանք Ամերիկա, որդիս 3 տարեկան էր, իսկ այսօր նա ոչնչով չի տարբերվում միջին վիճակագրական ամերիկացուց: Աղջիկս ծնվել է այստեղ: Երեխաները խոսում են մի քանի լեզուներով, բայց, ցավոք, հայերեն չգիտեն: Ես էլ եմ դժվարությամբ հայերեն խոսում: Հիմա մտածում ենք վերջերս բացված եկեղեցուն կից հայկական դպրոց բացելու մասին:

 

Սուրբ Վերածննդի Հայկական Առաքելական Եկեղեցին Սիէթլում կառուցվել է  ընդամենը 3 ամիս առաջ:

 

Երբ 1998 թվականին Ռոդ Այլենդից տեղափոխվեցի Սիէթլ, սկսեցի փնտրել, կա՞ն այստեղ հայեր եւ հայկական եկեղեցի: Արտագաղթած հայերը նոր տեղում հաճախ անմիջապես սկսում են փնտրել հայկական եկեղեցին՝ ոչ միայն որպես կրոնական, այլեւ մշակութային կենտրոն: Պարզվեց, որ Սիէթլում արդեն կար հայկական եկեղեցի: Ճիշտ է, այն չուներ իր սեփական շինությունը. Սիէթլի Եպիսկոպոսական եկեղեցին հնարավորություն էր ընձեռել մեզ ժամերգություններ անցկացնել իրենց տարածքում: Մենք նույնիսկ «մշտական» քահանա չունեինք. նա ամիսը երկու անգամ հատուկ գալիս էր Կալիֆոռնիայից ժամերգություն անցկացնելու համար: 2002 թվականին մեզ մոտ ուղարկեցին մշտական քահանա՝ Հ. Եղիա Իսայանին, ով օգնեց էլ ավելի համախմբել համայնքը: 2003 թվականին ինձ սարկավագի աստիճան շնորհեցին:

 

Լուսանկարը` Լ. Էսիբովի արխիվից

 

Սիէթլի դեռեւս առաջին հայ գաղթականները երազանք ունեին կառուցել «իսկական» հայկական եկեղեցի: Իհարկե, դա շատ բարդ էր եւ թանկ, բայց աստիճանաբար, 1990-ականների վերջին, անհրաժեշտ գումարը հավաքվեց եւ հողը գնվեց:

 

2012 թվականի հունվարին Սիէթլի հայկական համայնքի կյանքում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ. ավարտվեց նոր եկեղեցու շինարարությունը, որը տեւեց 1,5 տարի: Սիէթլում ապրող շատ հայերի, այդ թվում՝ Լեւոնի համար, հայկական եկեղեցու կառուցումն երկար տարիների աշխատանքի պտուղն էր: Հենց այդ ժամանակ էլ, 2012 թվականի հունվարին, Արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը Լեւոնին շնորհեց Hye Spirit Award շքանշանը՝ Հայկական եկեղեցուն նվիրվածության եւ Սիէթլում հայկական եկեղեցու շինարարության եւ զարգացման գործում ունեցած ներդրման համար:

 

Սիէթլի Սուրբ Վերածննդի հայկական եկեղեցին

Լուսանկարը` Լ. Էսիբովի արխիվից

 

Եկեղեցին օծելու համար ժամանեց արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը Կալիֆոռնիայից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատմության մեջ առաջին անգամ պատրաստվում է ժամանել Սիէթլ: Մենք ակնկալում ենք, որ նրա այցը կկայանա 2013 թվականի հունվարին:

Լեւոնը երկար 14 տարիներ աշխատում է Microsoft-ում՝ 1998 թվականից:

 

Երբեք չէի մտածում Մայքրոսոֆթում աշխատելու մասին: Երբ ապրում էի Ռոդ Այլենդում, Նյու Յորքի եւ Բոստոնի միջեւ, աշխատանքի մի քանի առաջարկ ունեի: Մայքրոսոֆթում աշխատում էր իմ փեսան (մենք ծանոթացել էինք ինստիտուտում Մոսկվայում եւ ամուսնացել հարազատ քույրերի հետ): Նա առաջարկեց ինձ ժամանել հարցազրույցի, եւ երբ վերադառնում էի Ռոդ Այլենդ, արդեն հստակ գիտեի, որ եթե ինձ աշխատանք առաջարկեն, ես կհամաձայնվեմ: Ինձ ցնցեց Մայքրոսոֆթի թիմը, նրանց ինտելեկտուալ մակարդակը: Նրանք ամբողջովին ներդնում էին հոգին աշխատանքի մեջ: Ընդամենը երկու օր անց ինձ Մայքրոսոֆթում աշխատանքի ընդունեցին:

Սովորաբար IT-ոլորտում աշխատող մարդիկ բավականին հաճախ են փոխում աշխատանքը՝ տեղափոխվում են ընկերությունից ընկերություն կամ որոշում են սկսել սեփական գործը: Այդ իմաստով Լեւոն Էսիբովը կարծես «սպիտակ ագռավ»  լինի, քանի որ աշխատում է Մայքրոսոֆթում գրեթե մեկուկես տասնամյակ:

 

Այդ իմաստով Մայքրոսոֆթը եզակի տեղ է: Այստեղ դու կարող ես արմատապես փոխել աշխատանքիդ ուղղությունը՝ չլքելով ընկերությունը: Այս 14 տարիների ընթացքում ես մի քանի անգամ բաժին եմ փոխել: Սկզբից աշխատում էի Windows Division-ում (Windows 2000 DNS Server and Client, Windows 2000 Server Active Directory Replication, Domain Controller Locator): Այնուհետեւ դարձա առաջատար ծրագրային մենեջեր Directory Services բաժնում, հետո աշխատում էի Windows Security-ում եւ Cloud Solutions-ում (SQL Azure): Վերջին կես տարին գլխավորում եմ խումբը, որը զբաղվում է մեր «ամպային» լուծումների միջով անցնող նամակագրությունը վիրուսներից եւ սփամից պաշտպանությամբ (Forefront Online Protection for Exchange): Մայքրոսոֆթի հմայքը կայանում է նրանում, որ այստեղ կարելի է անցկացնել ողջ կարիերան՝ գամված չմնալով նույն նախագծին կամ տեխնոլոգիային:

 

Լեւոնը երբեք չի ապրել Հայաստանում, եւ ինձ հետաքրքրում է, ինչպե՞ս է նա ընկալում Հայաստանը:

 

Հայաստանն ինձ համար ավելին է, քան տարածք, որտեղ շատ հայեր են ապրում: Այն մի տեղ է, որի հետ ես հատուկ կապ ունեմ, չնայած որ երբեք այնտեղ չեմ ապրել: Երբ մարդը մեծանում է, նրա մոտ տան զգացմունք է մնում: Ինձ մոտ նման զգացմունք կապված էր Բաքվի հետ, մինչեւ մեզ չվտարեցին այնտեղից: Ամերիկայում կատակում են. «Տունն այնտեղ է, որտեղ կախում ես գլխարկդ»: Մենք ապրում ենք Սիէթլում գրեթե 14 տարի: Փառք Աստծո, մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց Հայրենիքի զգացում այստեղ չի առաջանում: Կարծում եմ, Հայաստանը այն տեղն է, որն ամենամոտն է իմ Հայրենիքին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին