Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի վրա աշխատող Էդուարդ Գրիգորյանը - Mediamax.am

exclusive
8790 դիտում

Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի վրա աշխատող Էդուարդ Գրիգորյանը


Էդուարդ Գրիգորյան
Էդուարդ Գրիգորյան

Լուսանկարը` Է. Գրիգորյանի արխիվից

Էդուարդ Գրիգորյանը կնոջ եւ երեխաների հետ
Էդուարդ Գրիգորյանը կնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը` Է. Գրիգորյանի արխիվից

Էնդրյու Ջոնսը (կենտրոնում) «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ
Էնդրյու Ջոնսը (կենտրոնում) «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ
Էդուարդ Գրիգորյանը դստեր հետ
Էդուարդ Գրիգորյանը դստեր հետ

Լուսանկարը` Է. Գրիգորյանի արխիվից

Industrial Light and Magic ընկերության թիմը
Industrial Light and Magic ընկերության թիմը

Լուսանկարը` Guardians of the Galaxy ֆիլմի պաստառը

«Ջունգլիների գիրքը» (The Jungle Book, 2016) ֆիլմի պաստառը
«Ջունգլիների գիրքը» (The Jungle Book, 2016) ֆիլմի պաստառը

Շատերս կյանքում գոնե մեկ անգամ հոլիվուդյան ֆիլմերի վերջում լուսագրերի մեջ հայի անուն-ազգանուն ենք փնտրել, հաճախ բնազդաբար` ենթադրելով, որ հայերն ամենուր են: Հայեր Հոլիվուդում եղել են կինոյի զարգացման գրեթե բոլոր փուլերում, կան նաեւ այսօր: Մեդիամաքսը իր 50 գլոբալ հայերը խորագրի շրջանակում որոշել է ներկայացնել նաեւ համաշխարհային ֆիլմերի վիզուալ էֆեկտների վրա աշխատող հայ երիտասարդներին: Շարքի երկրորդ հերոսը անիմատոր Էդուարդ Գրիգորյանն է:

***

Էդուարդ Գրիգորյանը որպես եռաչափ մոդելավորմամբ եւ անիմացիայով սկսել է զբաղվել 2004 թվականից, 2006-ից աշխատել է Triada Studio-ում: 2010-ից հետո որպես անիմատոր աշխատել է ֆիլմերի վիզուալ էֆեկտների արտադրությամբ զբաղվող մի քանի առաջատար համաշխարհային կազմակերպություններում (Framestore, Moving Pictures Company, Industrial Light and Magic):

2017-ին Moving Pictures Company ընկերության համահեղինակությամբ ստեղծված The Jungle Book ֆիլմը «Օսկար» ստացավ լավագույն վիզուալ էֆեկտների համար, որոնց վրա աշխատել էր նաեւ Էդուարդ Գրիգորյանը: Այժմ նա աշխատում է կինոարտադրության մեջ վիզուալ էֆեկտները առաջին անգամ ներդրած Industrial Light and Magic ամերիկյան ընկերության Սինգապուրի գրասենյակում: 

- Էդուարդ, ե՞րբ  առաջին անգամ նստեցիր համակարգչի առաջ ու սկսեցիր զբաղվել եռաչափ մոդելավորմամբ ու հետո նաեւ անիմացիայով:

- 2004-ն էր, սովորում էի Պոլիտեխնիկում: Երբ բակալավրիատը ավարտեցի, ծնողներս որպես նվեր համակարգիչ գնեցին: Սկսեցի եռաչափ մոդելավորում սովորել: Ամեն ինչ սկսվում էր գրքերից, զրոյից: Այսօրվա պես ինֆորմացիայի աղբյուրները շատ չէին, ու ամեն մի նոր գործողություն սովորելու համար տասնյակ էջեր էր պետք կարդալ մասնագիտական գրքերից, հետո փորձել սովորածդ 3D Max-ի վրա:

Սկզբում պարզ մոդելներ էի ստեղծում, հետո նոր սկսեցի ինչ-որ օբյեկտներ շարժել, ու հասկացա, որ դա ինձ ավելի է դուր գալիս: 

- Աշխատանք գտնելու մասին չէի՞ր մտածում:

- Համալսարանն արդեն ավարտել էի, ցանկանում էի ձեռք բերված գիտելիքներով նաեւ գումար վաստակել: Ընկերներիցս մեկը ասաց, որ Հայաստանում կա «Տրիադա» ընկերությունը: Ծանոթացրեցին հիմնադիրներից մեկի` Արա Աղամյանի հետ, հավանեց  աշխատանքներս: Սկսեցի տանից ինչ-որ փոքր գործեր անել իրենց համար: Երկու տարի հետո «Տրիադայում» անիմատորի մշտական աշխատանքի տեղ բացվեց:

- Առաջին աշխատանքդ ո՞րն էր այնտեղ:

- Առաջին լուրջ գործը, որ վստահեցին, «Երեւան» ֆիլմերի ստուդիայի փոքրիկ հոլովակն էր: Հետո «Գյումրի» գարեջրի գովազդային հոլովակի վրա աշխատեցի, որը շատ հայտնի դարձավ: Չորս տարվա մեջ մի քանի հաջողված գովազդային նախագծերի վրա աշխատեցի, դա ինձ պրակտիկ գիտելիքների բազա ապահովեց:


«Երեւան» ստուդիայի հոլովակը  
 
- Որոնք են այդ ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ նախապայմանները:

- Եռաչափ մոդելավորման մեջ հաջողության հասնելու համար երկու հատկանիշ է կարեւոր: Նախ, պետք է նկարչական ձիրք ունենաս, որպեսզի հերոսի շարժումը տեսնես մինչեւ պատրաստ լինելը: Շարժումը թելադրում է պերսոնաժի անատոմիան:

Մինչեւ ֆիլմերի ստեղծումը երկար քննարկումներ են գնում, որոշվում է հերոսների տեսքի հետ կապված ամեն մանրուք: Եթե հանդիսատեսը նայեց ֆիլմն ու չհավատաց կերպարիդ իրական լինելուն, ուրեմն ձախողել ես: Բացի այդ, ֆիլմերի կերպարներն ու անիմացիան հաճախ մի քանի ընկերություններ են հավաքում, որոնց վրա կարող են հարյուրավոր մարդիկ աշխատել: Այստեղ եւս պրոֆեսիոնալիզմը շատ կարեւոր է, քանի որ կերպարները տարբեր տեսարաններում իրար նման պատրաստելու խնդիր կա:

Լուսանկարը` Guardians of the Galaxy ֆիլմի պաստառը


Երկրորդը աշխատասիրությունն է՝ ոլորտն ամեն օր փոխվում է, նոր ստանդարտներ են գալիս, որոնց հետեւից պետք է հասցնես: Շատ կարեւոր են նաեւ այն մարդիկ, ումից ամեն օր նոր բան ես սովորում, ովքեր մեծ փորձ ունեն այդ բնագավառում: Իմ առաջին ուսուցիչը եղել է «Տրիադան», հետո մյուս ընկերություններում էլ` Framestore, Industrial Light and Magic, Moving  Pictures Company, աշխատել եմ լուրջ պրոֆեսիոնալների հետ:

-Ինչպե՞ս Հայաստանից հասար այդ կազմակերպություններում աշխատելուն:

- 2006-2010 թվականներին աշխատեցի «Տրիադայում», հետո հրավեր ստացա ամերիկյան Prologue Films ընկերությունում աշխատելու, որը մասնագիտացած է համաշխարհային բլոկբասթերների լուսագրերի (titles) պատրասման մեջ: Չորս ամիս պայմանագրով աշխատեցի որպես անիմատոր, արդեն ֆուլ-թայմ աշխատանքի էին հրավիրում, առաջարկում քին ընտանիքիս էլ տեղափոխեմ ԱՄՆ, բայց Երեւանում առաջնեկիս էինք սպասում, որոշեցի վերադառնալ:

- Իսկ ընտանիքի, երեխաների գործոնը քեզ խանգարո՞ւմ է, թե` օգնում:

- Ինձ շատ է օգնում: Կինս, երեխաներս իմ ներշնչանքի աղբյուրներն են: Չնայած առաջացող դժվարություններին, բացակայություններիս, տեղից տեղ տեղափոխվելուն, կարոտին, նրանք են ինձ ուժ տալիս` կինս, որդիս ու դուստրս:
Էդուարդ Գրիգորյանը դստեր հետ Էդուարդ Գրիգորյանը դստեր հետ

Լուսանկարը` Է. Գրիգորյանի արխիվից


Ճիշտ է, չենք կարողանում բոլոր աշխատանքային ուղեւորություններին միասին մեկնել, բայց աշխատում եմ շատ երկար ժամանակով չբացակայել:   
Էդուարդ Գրիգորյանը կնոջ եւ երեխաների հետ Էդուարդ Գրիգորյանը կնոջ եւ երեխաների հետ

Լուսանկարը` Է. Գրիգորյանի արխիվից


- Դժվար չէ՞ր այդ մեծ ընկերությունից նորից վերադառնալ Հայաստան:

- Ընտանիքս այստեղ էր, երեխաս ուր որ է`ծնվելու էր, որոշեցի ամեն դեպքում նրանց կողքին լինել: Նորից սկսեցի «Տրիադայում» աշխատել: Եկավ մի փուլ, որ սկսեցի դիմել վիզուալ էֆեկտներով զբաղվող տարբեր համաշխարհային կազմակերպությունների, բայց ոչ մի տեղից արձագանք չկար: Շատ դժվար էր, պետք էր որոշում կայացնել, կամ մնալ տեղում, կամ էլ փորձել ու շարունակել պայքարել: 

Նստեցի համակարգչի առաջ ու սկսեցի մի անհատական աշխատանք հավաքել, որը գործատուին ցույց կտար, թե ինչ կարող եմ անել: Տռոլի ու մարդաձիու մենամարտ էր: Կերպարներին  ու միջավայրը որոշեցի, շարժման մեջ դրեցի, ինը ամիս տեւեց:

Էդուարդ Գրիգորյանի պատրաստած անիմացիոն հոլովակը

Հոլովակը սկսեցի ուղարկել տարբեր ընկերությունների: Մի շաբաթվա ընթացքում վիզուալ էֆեկտներով զբաղվող ամենամեծ ու հեղինակավոր ընկերություններից մեկը` Framestore-ը, հրավեր ուղարկեց: Այդ հոլովակն «տոմս» հանդիսացավ դեպի մասնագիտական առաջխաղացում: Այնտեղ աշխատեցի Guardians of the Galaxy եւ  Jupiter Ascending  ֆիլմերի վրա, որոնք համաշխարհային ճանաչում ունեցան:

- Դու աշխատել ես նաեւ «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book, 2016) ֆիլմի վրա, որը վիզուալ էֆեկտների համար այս տարի «Օսկար» ստացավ:

«Ջունգլիների գիրքը» (The Jungle Book, 2016) ֆիլմի պաստառը «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book, 2016) ֆիլմի պաստառը


- Դա իմ համագործակցությունն էր Լոնդոնում գտնվող աշխարհահռչակ Moving Picture Company ընկերության հետ, որը աշխարհի վիզուալ էֆեկտներով զբաղվող առաջին կազմակերպություններից մեկն է:  Երբ ֆիլմը «Օսկար» ստացավ, աննկարագրելի զգացողություններ ունեի, զգում էի, որ իմ ներդրումն ունեմ այդ գործում:

Հատվածներ «Ջունգլիների գիրքը» ֆիլմում Է.Գրիգորյանի աշխատանքից

Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցավ ֆիլմի անիմացիայի հեղինակ Էնդրյու Ջոնսը, շնորհակալություն հայտնեց թիմին: Նրա հետ անձամբ աշխատել էի ֆիլմի վրա, լսել նկատառումներն ու խորհուրդները:

Էնդրյու Ջոնսը (կենտրոնում) «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ Էնդրյու Ջոնսը (կենտրոնում) «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ


- Հիմա Սինգապուրում ես աշխատում, ինչո՞վ ես զբաղված այնտեղ:

- Այժմ աշխատում եմ ամերիկյան ILM (Industrial Light and Magic) ընկերության Սինգապուրի գրասենյակում: Այս ընկերությունն է առաջին անգամ ներդրել վիզուալ էֆեկտները կինոարտադրության մեջ, ստեղծել, օրինակ, «Աստղային պատերազմների» բոլոր սերիաները: 
Industrial Light and Magic ընկերության թիմը Industrial Light and Magic ընկերության թիմը


Հասցրել եմ աշխատել «Մեծ պարիսպը» (The Great Wall, 2016) ֆիլմի վրա: Հիմա աշխատում եմ Սթիվեն Սփիլբերգի նոր` Ready Player One (2018) ֆիլմի վիզուալ էֆեկտների վրա:

Էդուարդ Գրիգորյանի հետ զրուցել է Սուրեն Ստեփանյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին