5/10/15. Պուտինի, Օբամայի եւ Օլանդի ափսոսանքը, ՀՀԿ vs. Սվիտալսկի - Mediamax.am

exclusive
8280 դիտում

5/10/15. Պուտինի, Օբամայի եւ Օլանդի ափսոսանքը, ՀՀԿ vs. Սվիտալսկի


2012 թվականի G20 գագաթնաժողովի մասնակիցները
2012 թվականի G20 գագաթնաժողովի մասնակիցները

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը
Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին
Վիկտոր Յուշչենկոն
Վիկտոր Յուշչենկոն

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-19

 

«Որոշակի հատուկ կարգավիճակ»

 

Հունիսի 15-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է օգտագործվի մի բանաձեւ, որը «կապահովի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Լեռնային Ղարաբաղի որոշակի հատուկ կարգավիճակը»։

Վիկտոր Յուշչենկոն Վիկտոր Յուշչենկոն

 

«Հարցը այն է, թե արդյո՞ք կողմերի քաղաքական կամքը կբավարարի ընդունել այդ բանաձեւը, հասկացնել իրենց ժողովրդներին, որ դա հակամարտության կարգավորման միակ ուղին է: Այլ ուղի չի լինելու: Ինձ թվում է, որ անհրաժեշտ է քաղաքական իմաստություն դրսեւորել եւ ազդանշան տալ հանրության այն զանգվածին, որն այս տարբերակը դեռեւս պատրաստ չէ ընդունել», - ասել էր Յուշչենկոն։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-19

 

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի առաջնորդները ափսոսում են

 

Հունիսի 18-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ քսանյակի Լոս-Կաբոսում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդունել էին համատեղ հայտարարություն ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ:

 

 «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներս, հավատարիմ ու միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության կողմերը չպետք է այլեւս հետաձգեն կարեւոր որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են  երկարատեւ եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն ձեռնարկել վճռական քայլեր, որոնց  մեր երկրները կոչ են արել նրանց Դովիլում 2011թ. մայիսի 26-ին արված համատեղ հայտարարություն մեջ: Այնուամենայնիվ, արդեն իսկ արձանագրված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքի ավարտին, որը կբերի համապարփակ խաղաղության ապահովման:

2012 թվականի G20 գագաթնաժողովի մասնակիցները 2012 թվականի G20 գագաթնաժողովի մասնակիցները

Լուսանկարը` REUTERS

Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կատարել ստանձնած պարտավորությունը, այն է՝ արագացնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնց մասին խոսվում է 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արված իրենց հայտարարության մեջ: Հաստատելու համար նրանց քաղաքական կամքը՝ կողմերին խորհուրդ է տրվում բանակցություններում ձեռնպահ մնալ ծայրահեղական դիրքորոշումներից, հավատարիմ մնալ հրադադարի մասին 1994 թ-ին կնքված համաձայնագրին եւ խուսափել լարվածությունը մեծացնող թշնամական հռետորաբանությունից:

 

Մենք կոչ ենք անում առաջնորդներին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, եւ 2009թ. Ակվիլայում եւ 2010թ. Մուսկոկայում մեր երկրների կողմից արված հայտարարությունում առկա կարգավորման տարրերով:        

 

Ռազմական ուժի կիրառումը չի բերի խնդրի կարգավորման, այլ միայն տեւական կդարձնի տառապանքը եւ աղետները, որոնց արդեն երկար ժամանակ ենթարկվել են տարածաշրջանի ժողովուրդները: Միայն բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը թույլ կտա գտնել ելքը ստեղծված իրավիճակից եւ ապահովել անվտանգ ապագա եւ տարածաշրջանի բարգավաճում:

 

Մեր երկրները կշարունակեն սերտ աշխատանքը կողմերի հետ: Մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը: Սակայն, վերջին հաշվով, խաղաղության ճակատագիրը կախված է լինելու կողմերի փոխըմբռնման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ շահելու հաշվին համաձայնության հասնելու պատրաստակամությունից,  եւ այն բարօրության ընդհանուր գիտակցումից, որը խաղաղություն կբերի իրենց ժողովուրդներին ու գալիք սերունդներին»,- ասվում էր հայտարարության մեջ:

Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Հուլիսի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ Պուտինի, Օբամայի եւ Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը «կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար»:

 

«Ինչպես եւ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին:

 

Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ, շարունակելու է ջանքերը ուղղված հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը», - ասվում էր Նալբանդյանի հայտարարության մեջ։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-19

 

Հայաստանն ակնկալում է «ընդգծված քաղաքական աջակցություն»

 

Հունիսի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը ասել էր, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համատեքստում Հայաստանը Եվրոպական միությունից ակնկալում է առավել ընդգծված քաղաքական աջակցություն՝ նաեւ արտաքին քաղաքական հարթությունում:

 

Հաջորդ օրը Պյոտր Սվիտալսկին առաջարկել էր փոխել Հայաստանի ընտրական օրենսգիրքը եւ օրենսդրական այլ ակտեր՝ համաձայնության գալով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

 

Սվիտալսկու խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտություն կա նաեւ «բարելավել տարբեր կառույցների՝ հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ հասարակության վստահությունը ընտրությունների հանդեպ բարձրացնելու նպատակով»։ «Անհրաժեշտ է աշխատել թերությունների վերացման շուրջ, որոնք ի հայտ են եկել ընտրություններից առաջ եւ հետո, մասնավորապես՝ ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման եւ աշխատողների ահաբեկման մասով»,- ասել էր ԵՄ դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Սվիտալսկու հայտարարությանը, հորդորել էր նրան «պահպանել քաղաքական կոռեկտությունը եւ չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին»։

 

«Մենք ընդունում ենք, որ, այո՛, մեր Եվրամիության գործընկերները կարող են առաջարկություններ անել, գնահատականներ հնչեցնել, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ որ այդ առաջարկություններն արվում են ավելի կոռեկտ, ավելի դիվանագիտական բառապաշարով։ Երբեմն մարդիկ, մի՞գուցե մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, եւ նույնիսկ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների խնդիրը, նույն ռեյտինգային խնդիրը, ընտրությունները բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի եւ պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է», - ասել էր Շարմազանովը։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին