5/10/15. «Ազնիվ» միջնորդները», ընտրությունները, Տեր-Պետրոսյանի «գլխավոր հարցը» - Mediamax.am

exclusive
4090 դիտում

5/10/15. «Ազնիվ» միջնորդները», ընտրությունները, Տեր-Պետրոսյանի «գլխավոր հարցը»


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը՝ 2012թ. ապրիլի 2-ին
Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը՝ 2012թ. ապրիլի 2-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը՝ 2007թ. ապրիլի 3-ին
Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը՝ 2007թ. ապրիլի 3-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերգեյ Լավրովը՝ 2007թ. ապրիլի 3-ին
Սերգեյ Լավրովը՝ 2007թ. ապրիլի 3-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2012թ. մարտի 30-ին
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2012թ. մարտի 30-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը
Վիգեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԱՊՐԻԼԻ 3

 

«Ռուսաստանի կոշտ պրագմատիզմը տարակուսանք է առաջացնում»

 

Մարտի 29-ին «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի կոշտ պրագմատիզմը տարակուսանք է առաջացնում Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը»:

 

«Հայ հասարակության մեջ հասունանում են հարցեր, որոնց անպատասխան են մնում: Օրինակ, ռուսական էներգետիկ քաղաքականությունը շատ պրագմատիկ է: Մենք, իհարկե գտնում ենք համագործակցության ճկուն սխեմաներ, բայց դրանք գտնելու հնարավորությունները սահմանափակ են: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի կոշտ պրագմատիզմը տարակուսանք է առաջացնում Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Դրա հետ կապված շատ ընդդիմադիր խմբեր գնում են ընտրությունների` տալով հետեւյալ հարցը. երաշխավորում է արդյո՞ք ռուսական ռազմակայանը մեր անվտանգությունը: Նրանք առաջ են քաշում Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջական վերակողմնորոշման հարցը: Պետական քաղաքականության վրա դա դեռեւս չի ազդում, սակայն տրամադրությունները պետք է հաշվի առնվեն»,- հայտարարել էր Հովհաննիսյանը:  

 

Մահափորձ Գյումրիի քաղաքապետի նկատմամբ

 

Ապրիլի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի հատվածում մահափորձ էր կատարվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ։

 

Մահափորձի հետեւանքով հրազենային վնասվածքներ էր ստացել Հայաստանի երկրորդ կարեւորագույն քաղաքի քաղաքապետը, սպանվել էին Ղուկասյանի երկու թիկնապահները եւ վարորդը։

 

ՀՀԿ խորհրդի որոշումը

 

Ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհուրդը միաձայն որոշել էր Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար եւ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

 

Միջնորդների «աննախադեպ միասնությունը»

 

Ապրիլի 3-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Երեւանում հայտարարել էր, որ «ղարաբաղյան հակամարտությունն, ավելի քան ցանկացած այլ հակամարտություն, հավակնում է եզակիության կարգավիճակին»։

Սերգեյ Լավրովը՝ 2007թ. ապրիլի 3-ին Սերգեյ Լավրովը՝ 2007թ. ապրիլի 3-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լավրովի խոսքերով, «ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության շահերը չեն հակասում միմյանց, ինչպես նաեւ կողմերի դիրքորոշումներին»:

Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը՝ 2007թ. ապրիլի 3-ին Սերգեյ Լավրովը եւ Վարդան Օսկանյանը՝ 2007թ. ապրիլի 3-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակվել են կարգավորման այնպիսի առաջարկներ, որ ցանկացած այլ հակամարտության մասնակիցները կարող են միայն նախանձել: Սակայն, վերջնական որոշումը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանինը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չափազանց զգույշ են վերաբերվում իրենց միջնորդի կարգավիճակին եւ իրենց իրավունք չեն վերապահում կողմերին որեւէ բան պարտադրել»,- նշել էր Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հույս էր հայտնել, որ միջնորդների «աննախադեպ միասնությունը» թույլ կտա կողմերին հասնել երկարաժամկետ եւ ամուր խաղաղության:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԱՊՐԻԼԻ 3

 

ՀԱԿ-ը մտադիր է պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին

 

Մարտի 30-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

 

Նախեւառաջ, ասել էր Հայաստանի առաջին նախագահը, ՀԱԿ-ը մտադիր է «անմիջապես բարձրացնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2012թ. մարտի 30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2012թ. մարտի 30-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը «ՀՀ նախագահի աթոռը զավթել է Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետեւանքով»։

 

«Միջնորդներն ազնվորեն անում են իրենց գործը»

 

Ապրիլի 2-ին Երեւանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն «ազնվորեն անում են իրենց գործը»:

 

Նա նշել էր, որ միջնորդները չեն հեռանում Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներից` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք:

Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը՝ 2012թ. ապրիլի 2-ին Սերգեյ Լավրովը եւ Էդվարդ Նալբանդյանը՝ 2012թ. ապրիլի 2-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Միջնորդների այս մոտեցումը չի փոխվել եւ հաստատվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունների մեջ, որոնք արվել են վերջին տարիներին Մեծ ութնյակի գագաթնաժողովների ժամանակ»,- նշել էր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԱՊՐԻԼԻ 3

 

Լուկաշենկոն «չի հավատում»

 

Մարտի 28-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի հավատում, որ «այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ եւ արժանապատիվ են ապրում»:

 

Մինսկում առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել էր.

 

«Լեռնային Ղարաբաղը մեր հարցը չէ: Մենք այնտեղ անելիք չունենք: Կան հակամարտող կողմեր, եւ նրանք էլ պետք է այդ հարցը լուծեն: Բայց ես ունեմ դիրքորոշում. մարդիկ արժանի են արժանապատիվ կյանք ունենալու: Չեմ հավատում, որ այսօր Լեռնային Ղարաբաղում մարդիկ լավ ու արժանապատիվ են ապրում: Դրա ի՞նչն է արժանապատիվ, եթե դու ամեն օր վախենում ես, որ գլխիդ կարող է մի բան ընկնել, եւ կյանքդ կավարտվի: Դրա համար մեր դիրքորոշումն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց որեւէ միջնորդի՝ ո՛չ ուժեղ, ո՛չ թույլ, նստեն սեղանի շուրջ եւ լուծեն խնդիրը»։

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն «անխուսափելի է» համարում տարածքների վերադարձը

 

Մարտի 29-ին Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել ու մնում է «մեր երկրի գլխավոր հարցը»:

 

Հայաստանի առաջին նախագահն ասել էր, որ 1998 թվականի հրաժարականի ժամանակ իր արված բոլոր բացասական կանխատեսումներն իրականացել են եւ հաստատվել է այն թեզը, որ Հայաստանը չի կարող զարգանալ, քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության գոտի ծառայող տարածքների վերադարձը անխուսափելի է, քանի որ դա բխում է ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերից:

 

«Ի՞նչ ենք անելու, ծնկի ենք բերելու ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: Անգամ եթե Բաքուն գրավեք, վաղ թե ուշ պետք է տարածքները վերադարձնեք: Տղա եք, հողերը ետ մի տվեք, բայց այս ազգը մեղք է», - ասել էր ՀԱԿ ղեկավարը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել էր, որ ազգի «իրական թշնամիները եւ գերեզմանափորերը բոլոր այն մարդիկ են, որոնք դավանում են «ոչ մի թիզ հող» սկզբունքը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը հերքել էր պնդումներն այն մասին, որ գաղտնի պայմանավորվածություններ ունի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ:

 

«Մենք սատարում ենք Սերժ Սարգսյանին եւ նրա կառավարությանը՝ Մադրիդյան սկզբունքները իրագործելու հարցում: Խոսքը միայն սրա մասին է: Որեւէ այլ հարցում մենք այդ քաղաքական ուժի հետ միասին անցնելու ճանապարհ չունենք: Անգամ մղձավանջային երազում հնարավոր չէ պատկերացնել, թե մենք կարող ենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա գնալ: Բայց ես պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնել Սերժ Սարգսյանի կողքին՝ կարգավորման ծրագիրը իրագործելու համար: Նույնը կանեի, եթե իշխանության լինեին եւ այս ծրագիրը իրագործելու պատրաստակամություն հայտնեին դաշնակցականները կամ կոմունիստները», - ասել էր ՀԱԿ առաջնորդը:

 

«Նոր մեքենա ստեղծել»

 

Մարտի 29-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ «մենք ցանկանում ենք փոխել այն մեքենան, որը մեր տնտեսության շարժիչ ուժն է»:

 

Մրցակից կուսակցությունների խոստումները աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին նա համարել էր «վտանգավոր տնտեսության ապագայի համար»:

Վիգեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը Վիգեն Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo

«Բայց անգամ եթե ենթադրենք, որ հրաշք տեղի կունենա եւ այդ բոլոր միջոցները կգտնվեն, նման խոստումները ես համեմատում եմ հին, անսարք մեքենայի անվադողերը փոխելու ցանկության հետ: Իսկ մեր թիմն առաջարկում է ստեղծել նոր մեքենա», - ասել էր Վիգեն Սարգսյանը:

 

Ընտրությունների արդյունքները

 

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, որոնց արդյունքում խորհրդարան անցան 4 քաղաքական ուժ։

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 49,15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 27,35% , «ԵԼՔ» դաշինքը՝ 7,78%-ը, ՀՅԴ-ն՝ 6,58%-ը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին