5/10/15. Մարգարյանի մահը, Բաբայանի ձերբակալումը, Սարգսյանի «մարգարեությունը» - Mediamax.am

exclusive
5944 դիտում

5/10/15. Մարգարյանի մահը, Բաբայանի ձերբակալումը, Սարգսյանի «մարգարեությունը»


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սամվել Բաբայանը
Սամվել Բաբայանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-27

 

Մարգարյանի մահը

 

Մարտի 25-ին, 55 տարեկան հասակում, սրտի կաթվածից մահացել էր Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։

 

Անդրանիկ Մարգարյանը վարչապետ էր նշանակվել 2000 թվականի մայիսին եւ դարձել անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին մարդը, ով այդքան երկար  զբաղեցրել էր կառավարության ղեկավարի պաշտոնը ։

Լուսանկարը` Ֆոտոլուր

Անդրանիկ Մարգարյանը սրտի վիրահատության էր ենթարկվել 1999 թվականի աշնանը։ 2001 թվականի հոկտեմբերին Փարիզում սրտային համակարգի հետազոտությունից հետո Անդրանիկ Մարգարյանին շտապ բուժում էին առաջարկել։

 

Ինչպես այն ժամանակ նշել էր Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, «ֆրանսիացի բժիշկները դիմել էին ոչ վիրահատական միջամտության՝ վարչապետի սրտի անոթների անցանելիությունը բարձրացնելու համար»։

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարգարյանի մահն անվանել էր «ծանր կորուստ հայ ժողովրդի համար»։

 

Մարտի 26-ին Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, նախագահը ընդունել էր ՀՀ կառավարության հրաժարականը։ Ռոբերտ Քոչարյանը վարել էր կառավարության արտահերթ նիստը, որի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել էին Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք կորցրել ենք պետական գործիչ, գործընկեր, ընկեր, որը 7 տարի գլխավորել է կառավարությունը, եւ այդ 7 տարիները մեր պետության լավագույն տարիներն էին: Մի մարդ, որը զբաղեցնելով այդ բարձր պետական պաշտոնը եղել եւ մնացել է համեստ, հանդուրժողական եւ պարկեշտ: Բոլորիս  հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը մնալու է հենց այդպիսին առաջին հերթին իր մարդկային որակներով: Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից շատ պատասխանատու պահի, եւ իշխանությունը պետք է տա ճիշտ լուծումներ ներկա վիճակից դուրս գալու համար», -  ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-27

 

Քլինթոնի, Լավրովի եւ Ժյուպեի կոչը

 

Մարտի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Հիլարի Քլինթոնը, Սերգեյ Լավրովը եւ Ալեն Ժյուպեն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված էր.

 

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով հրավիրված համաժողովի 20-ամյակի կապակցությամբ, մենք՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարները, կոչ ենք անում հակամարտության կողմերին դրսեւորել հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական կամք: Ինչպես ասվում է 2011թ. մայիսին նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի՝ Դովիլում ընդունված համատեղ հայտարարության մեջ, միայն բանակցությունների միջոցով խնդրի կարգավորումը կբերի խաղաղության, կայունության եւ հաշտեցման, իսկ ուժի կիրառման ցանկացած փորձ կվնասի առանց այդ էլ երկար ժամանակ անորոշության մեջ գտնվող տարածաշրջանին»:

 

Համանախագահ երկրների ԱԳ նախարարները հիշեցրել էին, որ խնդրի կարգավորման ձգձգումը միայն կերկարացնի տարածաշրջանում բնակվող ազգերի դժվարությունները, որոնք մեծապես տուժել են պատերազմի հետեւանքով:

 

Միջնորդները կրկին հորդորել էին կողմերին նախապատրաստել բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմին:    

 

«Մենք կոչ ենք անում կողմերին ավարտել շրջանակային համաձայնագրի եւ  Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման, ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա մշակված՝ խնդրի վերջանական կարգավորման շուրջ աշխատանքը, ինչը թույլ կտա հանել տարածաշրջանը ստատուս-քվոյի շրջանակներից եւ ապահովել անվտանգ եւ բարգավաճ ապագա»։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-27

 

«Կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքին է»

 

Մարտի 22-ի Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւորել էր արտաքին ուժերի դերակատարությունը ԼՂ կարգավորման գործում:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք էր հայտնել, որ վերջին տարիներին շփման գծում արձանագրվող սրացումները, որոնք իրենց գագաթնակետին հասան 2016 թվականի ապրիլին, պայմանավորված էին նրանով, որ «միջազգային հանրությունը հարմարվել է սառեցված կոնֆլիկտի հետ եւ լուրջ ջանքեր չի գործադրում:

 

«Այժմ նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Մասնավորապես, Հայաստանի առաջին նախագահն ասել էր, որ կարգավորման գործընթացում առանցքային դեր ունի Ռուսաստանը, որն այժմ ակտիվ ներգրավված է Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձություններում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Քանի որ Ռուսաստանը ներքաշվել է Մերձավոր Արեւելքում, այն չի կարող հանդուրժել, որ այդ ճակատն այսպիսի պայթյունավտանգ թիկունք ունենա: Արդեն բոլորի կողմից ընդունված է, որ Արցախի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է: Համանախագահ բոլոր երկրներն էլ ըմբռնումով են մոտենում այս հարցին եւ չեն խանդում: Արեւմուտքն անգամ շնորհակալ կլինի Ռուսաստանին՝ այս հարցը լուծելու համար: Եթե աշխարհում կա մի գերտերություն, որ շահագրգռված է այս հարցի լուծումով՝ Ռուսաստանն է՝ առաջին հերթին իր շահերից ելնելով»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

«Խնդիրը մեր եւ Ադրբեջանի մեջ չէ, խնդիրն աշխարհաքաղաքական է: Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային կառույցների անդամներ են, եւ այդ կառույցներն են որոշելու հակամարտության ուղին, ոչ թե մենք, Ադրբեջանը կամ Արցախը»,- հավելել էր Հայաստանի առաջին նախագահը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասել էր, որ եթե բանակցությունների սկզբում կողմերի տարաձայնությունները հսկայական էին, ապա այսօր խոսքը «մեկ-երկու առարկության» մասին է:

 

«Եթե Հայաստանը հստակ հայտարարի, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը, միջնորդների ճնշումները կուղղվեն Ադրբեջանի կողմ»,- կարծիք էր հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Բաբայանի ձերբակալումը

 

Մարտի 22-ին մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված էին 3 անձ, այդ թվում՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր, որ «իշխանությունների այս վարքագիծը գնահատում են որպես մեր երկրում վախի մթնոլորտ ձեւավորելուն եւ ընտրությունների արդյունքների վրա հակաօրինական միջոցներով ազդելուն ուղղված քայլ»:

Սամվել Բաբայանը Սամվել Բաբայանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մարտի 27-ին Սեյրան Օհանյանն ասել էր.

 

«Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից գործընկերը եւ տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորությունների սահմաններում աջակցել է մեզ։ Նրա իրավունքների պաշտպանության գործում մենք պետք է հաստատակամ լինենք եւ մինչեւ վերջ գնանք»։

 

Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Սամվել Բաբայանին անվանել էին «քաղաքական բանտարկյալ»:

 

Սարգսյանի «մարգարեությունը»

 

Մարտի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունները «կարող էին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել ՌԴ զինված ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

 

«Ռուսաստանը մեծ ավանդ ունի այդ պայքարում, եւ մենք պետք է ստանձնենք այդ պատասխանատվության որոշ մասը: Հայաստանի համար դա կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Մերձավոր Արեւելքում բնակվում էին մեր մեծաթիվ հայրենակիցները: Ինչպես հայտնի է, ԻՊ-ն առանձնապես դաժան է գործում ազգային փոքրամասնությունների, առավել եւս՝ քրիստոնյաների դեմ: Դրանից շատ են տուժել իմ եղբայրներն ու քույրերը Սիրիայում եւ Իրաքում: Իհարկե, որքան շուտ ոչնչացվեն ԻՊ-ի գրոհայինները, այդքան լավ կլինի մարդկության համար»,- ասել էր նախագահը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Հայաստանը գտնվում է ԻՊ գործողությունների գոտուց մոտ 400 կմ հեռավորության վրա: Դա նշանակում է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերը անմիջական կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ ԻՊ գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ պետությունների շատ քաղաքացիներ, ապա ուշ թե շուտ մեր տարածքում եւս կհայտնվեն ռազմական փորձ ունեցող մարդիկ: Մենք արդեն, ցավոք սրտի, շփման գծից այն կողմ նկատում ենք արաբերեն խոսք եւ այլ ձայներ: Մեզ թվում է, որ Մերձավոր Արեւելքը լքած մարդիկ աստիճանաբար սկսում են ներգրավվել մեր տարածաշրջանի հակամարտություններում: Դա, իհարկե, շատ վտանգավոր է»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին