5/10/15. Իրան-Հայաստան գազատարը, Սվիտալսկու կոչն ու Լավրովի հավաստիացումը - Mediamax.am

exclusive
4364 դիտում

5/10/15. Իրան-Հայաստան գազատարը, Սվիտալսկու կոչն ու Լավրովի հավաստիացումը


Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ համագումարում
Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ համագումարում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ համագումարում
Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ համագումարում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գիդո Վեսթերվելեն եւ Էդվարդ Նալբանդյանը
Գիդո Վեսթերվելեն եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-20

 

Իրան-Հայաստանի գազատարը

 

Մարտի 19-ին Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես գործարկեցին Իրան-Հայաստանի գազատարը:

 

Արարողությունից հետո Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-ի համատեղ կառուցման եւ շահագործման մասին:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ՀԷԿ-ի համատեղ կառուցումը «նոր էջ կբացի հայ-իրանական հարաբերություներում»: Նա ընդգծել էր, որ 15 տարի առաջ Մեղրիում ոչինչ չէր վկայում հայ-իրանական հարաբերությունների մասին, եւ երկու կողմերին բաժանում էր փշալարը:

 

«Այսօր այստեղ շատ բան է վկայում մեր աճող կապերի մասին: Այն կամրջով, որի վրա ես այսօր դիմավորեցի Իրանի նախագահին, անցած տարի տեղափոխվել են 600 հազար տոննա բեռներ»,- ասել էր Հայաստանի նախագահը:

 

Ստորագրել փաստաթուղթը

 

Մարտի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հույս էր հայտնել, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կողմերին կհաջողվի ստորագրել մի փաստաթուղթ, որը կսահմանի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:   

 

Պատասխանելով Բրյուսելում Մեդիամաքսի հատուկ թղթակցի հարցին Արազ Ազիմովն ասել էր.

 

«Բոլոր հարցերը հստակ են եւ դրված են սեղանին: Լուծումներն առաջարկված են, ընդունել դրանք, թե ոչ` պետք է որոշեն կողմերը: Մյուս տարի կայանալու են նախագահական ընտրություններ, սակայն հակամարտությունը կարելի է կարգավորել մինչեւ դա: Ես կցանկանայի երաշխիքներ ունենալ, որ նախագահական ընտրությունները չեն փոխի մեր ձեռք բերված պայմանավորվածությունները»։

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-20

 

Հավասարակշռել սկզբունքները

 

Մարտի 16-ին Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն Երեւանում ասել էր, որ Բեռլինը աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Գիդո Վեսթերվելեն եւ Էդվարդ Նալբանդյանը Գիդո Վեսթերվելեն եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նա ասել էր, որ ստատուս-քվոն չի կարող տեւական լինել եւ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների միջեւ:

 

«Հակամարտության կարգավորումը օգուտներ կբերի բոլորին, հատկապես` Հայաստանին», - ասել էր Գերմանիայի ԱԳ նախարարը:

 

«Ժողովրդական կապիտալիզմ»

 

Մարտի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջարկել էր անցնել «ժողովրդական կապիտալիզմին»:

Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ համագումարում

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Անցումը ժողովրդական կապիտալիզմին անհրաժեշտ է, որպեսզի երկրի բարիքներից օգտվի ողջ ժողովուրդը, շարքային քաղաքացին: Հին մեթոդներով մենք փոփոխություններ չենք կարող ակնկալել։ Պետք են համակարգային լուծումներ, մասնավորապես, աջակցություն փոքր եւ միջին ձեռներեցությանը, որը կբերի միջին խավի ձեւավորմանը»,- նշել էր Գագիկ Ծառուկյանը:

 

«Դառնալ ավելի ժողովրդավարական երկիր»

 

Մարտի 17-ին Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հայանպաստ կարգավորման համար Հայաստանը պետք է ավելի ժողովրդավարական երկիր դառնա:

Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ համագումարում Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ համագումարում

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Փոխանակ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումը լինի մեր ներշնչանքի աղբյուր եւ տնտեսության զարգացման խթան, Ադրբեջանի շարունակվող հոխորտանքները եւ սպառնալիքները, կարծես, դարձրել ենք ժողովրդավարության եւ քաղաքական ազատությունների ոլորտում մեր անգործությունն արդարացնելու գործոն»,- նկատել էր Վարդան Օսկանյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-20

 

«Չգայթակղվեք եւ չվաճառեք ձայնը»

 

Մարտի 16-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կոչով դիմել էր Հայաստանի ընտրողներին:

 

«1. Գնացե՛ք եւ ընտրե՛ք: Ես գիտեմ, որ շատ հայաստանցիներ վստահ չեն, որ իրենց ձայնը կարող է հաշվարկվել: Նրանք անցյալի վատ փորձ ունեն, սակայն ցանկանում եմ ասել, որ այս անգամ մենք կանենք հնարավորը, որ ձեր ձայնը հաշվարկվի: Այնպես որ՝ գնացե՛ք եւ ընտրե՛ք:

 

2. Հավատացե՛ք, որ ձեր ընտրությունը կլինի գաղտնի եւ անանուն: Նոր տեղադրված տեխնիկական միջոցները` տեսանկարահանող սարքավորումները, չեն բացահայտի ձեր ընտրությունը: Մի՛ հավատացեք այն մարդկանց, որոնք ասում են, թե կբացահայտեն` ում օգտին եք քվեարկել, քանի որ դա հնարավոր չէ:

Պյոտր Սվիտալսկին Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` Մեդիամաքս

3. Մի՛ գայթակղվեք եւ մի՛ վաճառեք ձեր ձայնը: Կլինեն մարդիկ, որոնք ձեզ փող, ծառայություններ կառաջարկեն կամ խոստումներ կտան ձեր ձայնի դիմաց: Չկա աշխարհում այնպիսի փող, որը կարժենա ձեր ձայնը:

 

4. Խիզա՛խ եղեք, մի՛ ահաբեկվեք, ձեզ կարող են սպառնալ, մի՛ վախեցեք: Ընտրական այս գործընթացը կորոշի ձեր ապագան:

 

5. Եթե ինչ-որ բան տեսնում եք, որ սխալ է, մի՛ վախեցեք բարձրաձայնել դրա մասին եւ հայտնել իրավապահներին, նույնիսկ եթե չեք հավատում, որ նրանց գործողություններն արդյունավետ կլինեն: Դա նրանց պարտականությունն է», - ասել էր նա:

 

Լավրով. Հայաստանը չպետք է վախենա

 

Մարտի 16-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է վախենա ռուս-թուրքական հարաբերությունների խորացումից:

 

«Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք չէ դիտարկել որպես մի գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին: Ռուսաստանը ոչ մի թաքուն օրակարգ չունի: Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական միություններ, որոնք ուղղված կլինեն այլ պետությունների դեմ կամ կվնասեն որեւէ մեկի շահերին: Համոզված ենք, որ ռուս-թուրքական կապերի բազմամսյա ճգնաժամի ավարտը կբարձրացնի տարածաշրջանում վստահության ու փոխըմբռնման մակարդակը: Ակնկալում ենք, որ երկկողմանի համագործակցության շարունակական զարգացումը օգտակար կլինի Անդրկովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության համար»:

 

«Բնականաբար, մեզ համար ողջունելի կլիներ, եթե ԵԱՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների տեղափոխման համար: Դա, անկասկած, ընդհանուր տարածաշրջանի համար օգտակար կլիներ:

 

Ռուսաստանը ակտիվ դերակատարություն է ունեցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապասառեցման գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թթ.: Ընդհանուր ջանքերի, բնականաբար, առաջին հերթին՝ Երեւանի ու Անկարայի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Ցավոք սրտի, հետագայում կարգավորման գործընթացը դանդաղեց եւ ներկա պահին այն դադարեցվել է: Սակայն սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու եւ լուրջ ու պատասխանատու որոշումներ կայացնելու ընդունակություն: Համոզված եմ, որ ընդունակ են առկա խնդիրները կարգավորել: Ընդորում շատ բան հենց իրենցից է կախված: Չէ՞ որ քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությունից, այլեւ լավատես լինելու ընդունակությունից՝ սեփական քաղաքացիների հույսերն ու երազանքները իրականացնելու համար: Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի իրենց ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել», - հայտարարել էր Լավրովը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին