5/10/15. «Կարեւոր գործընկերը», «ճակատագրական ձախողումների» ռիսկը - Mediamax.am

exclusive
4378 դիտում

5/10/15. «Կարեւոր գործընկերը», «ճակատագրական ձախողումների» ռիսկը


Սերգեյ Լավրովը 2017 թվականին
Սերգեյ Լավրովը 2017 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը
Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը եւ Անդերս ֆոգ Ռասմուսենը
Սերժ Սարգսյանը եւ Անդերս ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` ՆԱՏՕ

ՀՀ պատվիրակության հանդիպումը Ռասմուսենի հետ
ՀՀ պատվիրակության հանդիպումը Ռասմուսենի հետ

Լուսանկարը` ՆԱՏՕ


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-6

 

«Մնում է գլխավոր հարցը»

 

Մարտի 2-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ» եւ դա «աքսիոմ է»:

 

«Մենք խոսում ենք հակամարտության փուլային կարգավորման մասին. հայկական զորքերի դուրս բերում գրավված տարածքներից, ադրբեջանական բնակչության վերադարձ, ականազերծում, ենթակառույցների վերականգնում, տնտեսական համագործակցության սկիզբ: Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը մնում է բանակցությունների առարկա: Կարեւոր է, որպեսզի ադրբեջանական բնակչությունը վերադառնա, եւ նրանք միասին կարողանան որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` լինելու է դա հանրապետություն, թե ինքնավար շրջան Ադրբեջանի կազմում»,- հայտարարել էր Էլմար Մամեդյարովը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-6

 

«Հայաստանը մեր կարեւոր գործընկերն է»

 

Մարտի 6-ին Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ ու մասնակցել էր «Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան» նիստին:

 

Ռասմուսենը շնորհակալություն էր հայտնել Հայաստանի նախագահին` Աֆղանստանի օպերացիային Հայաստանի մասնակցության համար:

Սերժ Սարգսյանը եւ Անդերս ֆոգ Ռասմուսենը Սերժ Սարգսյանը եւ Անդերս ֆոգ Ռասմուսենը

Լուսանկարը` ՆԱՏՕ

«Մեր համագործակցությունն ու երկխոսությունը զարգացել է տարիների ընթացքում, եւ այն նպաստում է տարածաշրջանային ու եվրոատլանտյան անվտանգության ապահովմանը: Մենք մտադիր ենք շարունակել այդ ընթացքը», - ասել էր դաշինքի ղեկավարը:

 

«Հարավային Կովկասը կարեւոր է ՆԱՏՕ-ի համար, եւ Հայաստանը մեր կարեւոր գործընկերն է: Մայիսին Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովում մենք քննարկելու ենք 2014 թվականից աֆղանական ուժերի կողմից երկրի անվտանգության ամբողջական ապահովումը ստանձնելու հարցը: Հայաստանը, լինելով ISAF-ի մասնակից, անմիջական մասնակցություն է ունենալու այդ որոշումների կայացմանը», - ասել էր Հայաստանի նախագահը:

 

Սերժ Սարգսյանն իր հերթին ասել էր, որ Հայաստանն ակտիվ համագործակ¬ցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում:

ՀՀ պատվիրակության հանդիպումը Ռասմուսենի հետ ՀՀ պատվիրակության հանդիպումը Ռասմուսենի հետ

Լուսանկարը` ՆԱՏՕ

 «Արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործըն¬թա¬ցը պաշտպանության, անվտանգության եւ արտակարգ իրավիճակնե¬րի ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ ստացած ներքին բարեփոխում¬ների բաղկացուցիչ մասն են կազմում:

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկե¬րային հարաբերությունների անկյունաքարը: Անցյալ տարվա նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները եւ ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-6

 

«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում»

 

Մարտի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում:

 

Ստեփանակերտում զրուցելով լրագրողների հետ, նախարարը դրանով էր պայմանավորել Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները:

 

«Դա նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, եւ այն, ինչ ասում է Ադրբեջանը, հակասում է միմյանց։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ կիրառել, եւ իրենց թվում է, թե միգուցե այդպես հաջողություն կունենան։ Բայց մեր զինվորներն ապացուցում են, որ ապարդյուն են այդ պատրանքները», - ասել էր Նալբանդյանը:

 

«Առանցքային հարցերի շուրջ համաձայնություն չկա »

 

Մարտի 6-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բովանդակային բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է նվազեցնել սահմանային լարվածությունը։

 

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ենթակա է կարգավորման։ Սրա մասին են խոսում բազմամյա շփումների արդյունքները, որոնք հանգեցրել են կարգավորման համար կարեւոր հարցերի փոխըմբռնման»,- ասել էր Սերգեյ Լավրովը՝ Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո։

Սերգեյ Լավրովը 2017 թվականին Սերգեյ Լավրովը 2017 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ըստ նրա՝ խոսքն այնպիսի հարցերի մասին է, ինչպիսիք են «անվտանգությունը, մարդասիրությունը, ԼՂ որոշ շրջանների վերադարձը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը»։

 

«Այս հարցերի մեծ մասով մենք համաձայնություն ունենք,- նշել էր Սերգեյ Լավրովը։

Բայց երկու-երեք թեմաներ, որոնք վերջնական փաթեթի համար առանցքային են, դեռ քննարկվում են։ Չեմ թաքցի, մենք դեռ հեռու ենք նրանից, որ տեսնենք մի իրավիճակ, երբ կողմերը մշակում են միասնական մոտեցում այս ասպեկտների շուրջ», - ասել էր Լավրովը։

 

«Պատրաստ ենք կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»

 

Մարտի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»:

Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Երեւանը եւ Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է եւ հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում եւ ինչ խնդիր է լուծում», - ասել էր Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական գրասենյակի հանդիպման մասնակիցների եւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

«Յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական»

 

Մարտի 6-ին Հայաստանի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որեւէ մեկի մեջ կասկածներ չառաջանան դրանց ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ»:

 

Ելույթ ունենալով ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը նախագահն ասել էր.

 

«Վերջին քսանհինգ եւ ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի եւ պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է:

 

Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է  ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին