5/10/15. «Նուրբ թեման», «Իսկանդերը», Կարապետյանի կոչը սփյուռքին - Mediamax.am

exclusive
4908 դիտում

5/10/15. «Նուրբ թեման», «Իսկանդերը», Կարապետյանի կոչը սփյուռքին


Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2007 թվականին
Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS

Միխայիլ Սահակաշվիլին 2007 թվականին
Միխայիլ Սահակաշվիլին 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը
Սերժ Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը

Լուսանկարը` ՆԱՏՕ


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-28

 

«Նուրբ թեման»

 

Փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Բերլինում կայացած հանդիպմանը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը:

Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2007 թվականին Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Մենք կարծիքներ ենք փոխանակել ղարաբաղյան կարգավորման շուրջ: Դա շատ նուրբ թեմա է, եւ երեք միջնորդների դերը, ովքեր անընդհատ միասին աշխատում են կողմերի հետ, կայանում է նրանում, որ օգնեն Բաքվին եւ Երեւանին հասնել այնպիսի համաձայնության, որը լայն աջակցություն կունենա Հայաստանում եւ Ադրբեջանում», - ասել էր Սերգեյ Լավրովը:

 

Վրաստանի նախագահը տպավորված է

 

Փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ «տպավորված է Հայաստանի տնտեսական աճով»։

 

Վրաստանի նախագահն այդ մասին ասել էր` պատասխանելով Բրյուսելում Մեդիամաքսի հատուկ թղթակցի հարցին` ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի Տրանսատլանտյան կենտրոնում կայացած բանավեճի ժամանակ:

Միխայիլ Սահակաշվիլին 2007 թվականին Միխայիլ Սահակաշվիլին 2007 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Ես տպավորված եմ Հայաստանի զարգացման տեմպերով եւ տնտեսական աճով: Ես նաեւ տպավորված եմ ձեր երկրում իրականացված բարեփոխումներով»,- ասել էր Վրաստանի նախագահը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-28

 

«Հետկոնֆլիկտային սցենարներ Լեռնային Ղարաբաղի համար»

 

Փետրվարի 27-ին ԵՄ-ն մտահոգություն էր հայտնել ԼՂ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների դանդաղ առաջընթացի կապակցությամբ:

 

«ԵՄ-Ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ընդունում է եռակողմ բանակցություններում առաջխաղացման հասնելու ուղղությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գործադրած ջանքերը: ԵՄ-ն հաստատում է իր հավատարմությունը Մադրիդի սկզբունքներին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ջանքեր գործադրել այդ սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար: ԵՄ-ն մտահոգություն է հայտնում շփման գծում լարվածության ավելացման կապակցությամբ եւ ընդգծում հրատապ քայլերի անհրաժեշտությունը` հրադադարի ռեժիմի իրականացման եւ վստահության ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ», - ասվում էր ԵՄ-ի Խորհրդի եզրակացության մեջ:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-28

 

Հայաստանը «Ռուսաստանից թույլտվություն չի հարցնում»

 

Փետրվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ  կոռեկտ էր համարել ենթադրությունները, որ Երեւանը «Ռուսաստանից թույլտվություն է հարցնում» ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

 

Պատասխանելով Deutsche Welle-ի հարցին, թե արդյո՞ք Երեւանը ՌԴ իշխանությունների հետ խորհրդակցում է այդ համաձայնագրի շուրջ, Էդվարդ Նալբանդյանն ասել էր.

 

«Մենք բաց բանակցություններ ենք վարում ե՛ւ Եվրոպական միության, ե՛ւ այլ գործընկերների հետ: Մենք վարում ենք թափանցիկ քաղաքականություն ու դիվանագիտություն: Մենք ուրեւէ մեկի թիկունքում բանակցություններ չենք վարում: Մեր նախագահը եւ ես բազմիցս հրապարակային հայտարարություններ ենք արել Եվրոպական միության հետ մշակվող համաձայնագրի մասին»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS

Այնուհետ Deutsche Welle-ի թղթակիցը հարցրել էր. «Ես ճի՞շտ եմ  հասկանում, որ չեք պատրաստվում համաձայնեցնել այն փաստաթղթերը, որոնք մտադիր եք ստորագրել ԵՄ-ի հետ», որին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր.

 

«Դուք շատ տարօրինակ ենթատեքստով եք հարցը դնում, թե իբրեւ մենք պետք է ինչ-որ մեկից ինչ-որ թույլտվություն ստանանք: Դա, ըստ իս, այդքան էլ կոռեկտ հարց չէ: Ես Ձեզ բացատրեցի, որ Ռուսաստանի եւ այլ գործընկերների հետ մենք սերտ եւ հնարավորինս ամուր հարաբերությունների կողմնակից ենք: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա դեռ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ մենք տիկին Էշթոնի հետ փոխանակվեցինք համապատասխան նամակներով, իսկ հետո արվեց Եվրամիության հետ համատեղ համապատասխան հայտարարությունը: Եվ երբ մենք տիկին Մոգերինիի հետ ազդարարում էինք ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, հստակ հայտարարեցինք, որ մտադիր ենք գնալ որքան հնարավոր է հեռու մեր հարաբերությունների, համագործակցության, գործընկերության հարցում՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն գործընթացներում: Այնպես որ, այստեղ ամեն բան պարզ է»:

 

Երբ Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդերը»

 

Փետրվարի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել էր Հայաստանի կողմից «Իսկանդերը» կիրառելու հնարավորությունը

 

«Այդ զենքի նշանակությունն ու ցուցանիշները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կիրառվում է: Հետեւաբար, «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտորեն կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման կարիք լինի: Դա առաջին հերթին զսպման զենք է: Բացարձակ ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել այդ մոտեցումների վերանայում, բայց, ընդհանուր առմամբ, դա այնպիսի զենք է, որ կարող է ցանկացած տաք գլուխ սառեցնել՝ որոշում ընդունելիս»,- ասել էր նախարարը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում։

 

Կարեն Կարապետյանի կոչը սփյուռքին

 

Փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես էր եկել սփյուռքահայությանն ուղղված կոչով` սփյուռքի կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին հրավիրելով մասնակից դառնալ Հայաստանում ընթացող բարեփոխումներին:

 

«Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով: Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին եւ ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում: Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր», - ասվում էր կոչում։

 

Հակամարտությունն այլեւս «ակտիվ» է

 

Փետրվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ԼՂ հակամարտությունն այլեւս «ակտիվ» է:

Սերժ Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը Սերժ Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը

Լուսանկարը` ՆԱՏՕ

Հանդես գալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նախագահն ասել էր.

 

«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու եւ զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է, եւ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին