5/10/15. Դինքի սպանությունը, Սոչիի հանդիպումը, Ծառուկյանի comeback-ը - Mediamax.am

exclusive
4482 դիտում

5/10/15. Դինքի սպանությունը, Սոչիի հանդիպումը, Ծառուկյանի comeback-ը


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը 2017 թվականի հունվարի 21-ին
Սերժ Սարգսյանը 2017 թվականի հունվարի 21-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում 2012 թվականի հունվարի 23-ին
Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում 2012 թվականի հունվարի 23-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան

Լուսանկարը` PAN Photo


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-23

 

Հրանտ Դինքի սպանությունը

 

Հունվարի 19-ին Ստամբուլում սպանվել էր ազգությամբ հայազգի հայտնի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

Լուսանկարը` REUTERS

 «Ադրբեջանի համար որոշիչ պահ»

 

Հունվարի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյառովը հայտարարել էր, որ ռուսական գազը չգնելու ու ռուսական նավթատարը ադրբեջանական նավթը Եվրոպա արտահանելու համար չօգտագործելու Բաքվի որոշումը «որոշիչ պահ է Ադրբեջանի եւ ողջ Հարավային Կովկասի համար»։

 

«Պաշտպանեք մեզ վիրավորողներից» (Protect Us Against Bullies) հոդվածում, որն լույս էր տեսել The Wall Street Journal-ում, Մամեդյառովը գրել էր.

 

«Գազի գինը մեզ համար միանգամից կրկնապատկվեց: Դա ավելին է, քան ուղղակի շուկայական ազդանշան, եւ դա անընդունելի է Ադրբեջանի համար: Ի պատասխան մենք որոշեցինք չգնել ռուսական գազը, ինչպես նաեւ դադարեցնել օգտագործել ռուսական նավթատարն ադրբեջանական նավթը Եվրոպա արտահանելու համար: Սա որոշիչ պահ է Ադրբեջանի եւ ողջ Հարավային Կովկասի համար: Ադրբեջանն անկեղծորեն ցանկանում է պրագմատիկ, շուկայական սկզբունքների վրա հիմնված հարաբերյուններ ունենալ Ռուսաստանի հետ, սակայն, լինելով անկախ պետություն, մենք առաջնորդվում ենք մեր ազգային շահերով»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-23

 

 «Հայաստանը անհանգստություն եւ շփոթություն է ապրում»

 

Հունվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Հայաստանը խորին անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ»:

 

Հանդես գալով Ադրբեջանի նախարարների խորհրդի նիստում, նա ասել էր.

 

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանը մեծ անհանգստություն եւ շփոթություն է ապրում Ադրբեջանի ռազմական հնարավորությունների կապակցությամբ: Մենք ստանում ենք այս տեղեկությունները տարբեր աղբյուրներից, եւ նրանք ոչ մի հնարավորություն չունեն դիմակայելու մեր հզորությանը»:

 

«Մենք չենք ուզում պատերազմ: Բայց դա չի նշանակում, որ բանակցային գործընթացը դրվելու է մի կողմ, եւ բոլոր ջանքերն ուղղվելու են պատերազմ չսկսելուն: Նման բան չի լինի: Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ սկզբունքորեն համաձայն ենք 2009-ին կողմերին ներկայացված առաջարկներին: Այդ սկզբունքներն առաջ են քաշել համանախագահները, այլ ոչ թե մենք: Եթե այս սկզբունքները դեռ ուժի մեջ են, ապա հակամարտությունը կարելի է կարգավորել: Ուզում եմ եւս մեկ անգամ նշել հիմնական պահերը: Կասկածի տակ չի դրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են գրավված բոլոր տարածքներ եւ ապագայում» անորոշ ժամանակ եւ անորոշ ձեւով կներկայացվեն առաջարկներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղին չի կարող շնորհվել որեւէ կարգավիճակ: Եվ, բնականաբար, ադրբեջանական պետությունը եւ ժողովուրդն երբեք չեն կարող եւ չեն համաձայնվի որեւէ կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմից դուրս: Սա են սկզբունքները: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցություններն այս սկզբունքների հիման վրա, եւ եթե հակառակ կողմը նմանատիպ քայլեր նախաձեռնի, ապա խնդիրը լուծում կստանա շատ մոտ ժամանակում: Դրա հետ մեկտեղ, եւ դա գաղտնիք չէ, մենք ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը»,- ասել էր Իլհամ Ալիեւը:

 

«Մենք ունենք տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, ձեռք ենք բերում ամենաժամանակակից սպառազինությունները, տեխնիկան, մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հրթիռներ, հրետանի` ամեն ինչը դժվար է թվարկել: Աճում է Ադրբեջանում թողարկվող ռազմական արտադրանքի քանակը եւ տեսականին: Մենք արտադրում ենք շուրջ 600 տեսակ ռազմական արտադրանք: Այսինքն` այսօր ադրբեջանական բանակը մեծ ուժ է, որը մենք կարող ենք օգտագործել եւ կօգտագործենք անհրաժեշտության դեպքում»,- հայտարարել էր Իլհամ Ալիեւը:

 

Հանդիպում Սոչիում

 

Հունվարի 23-ին Սոչիում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

 

Հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն համատեղ հայտարարություն էին ընդունել, որում ասված էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության հասնելը»:

Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում 2012 թվականի հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիում 2012 թվականի հունվարի 23-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Երկու պետությունների նախագահները նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված` 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկովյան արձանագրության ընդունումից ի վեր կատարված մեծածավալ աշխատանքը:  Նախագահները հայտնել են, որ ակտիվ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման մեջ առաջընթաց է արձանագրվել:

 

Երկու նախագահները բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահ երկրների միջնորդությունը եւ հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ապագայում եւս կշարունակեն կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն ունենալ, մինչեւ տարածաշրջանում վերջանական խաղաղության եւ կայունության հաստատումը:

 

Ադրբեջանական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահներն ի գիտություն են ընդունել 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում արված Միասնական հայտարարության դրույթի զարգացման վերաբերյալ համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ համատեղ մշակված զեկույցը` շփման գծում հրադադարի ռեժիմի հետաքննությունների մեխանիզմների անց կացման մասին եւ հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը:  

 

Նախագահներն հաստատել են, որ վստահության ամրապնդման միջոցներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում կողմերի միջեւ մարդասիրական կապերի զարգացումն է:  Այս կապակցությամբ Ադրբեջանական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ երկխոսության հետագա զարգացմանը», - ասված էր փաստաթղթում։  

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-23

 

Ծառուկյանի վերադարձը

 

Հունվարի 17-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն եւ ձեւավորելու է լայն դաշինք:

 

«Դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որեւէ պաշտոն՝ հանուն փառքի եւ սեփական ամբիցիաների: 2015 թվականի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման եւ արյունահեղության: Ես ինձ երբեք չէի ների մարդկային հնարավոր կորուստների համար եւ շնորհակալ եմ, որ ժողովուրդն ինձ հասկացավ: Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից եւ անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունը», - ասված էր հայտարարության մեջ:

Գագիկ Ծառուկյան Գագիկ Ծառուկյան

Լուսանկարը` PAN Photo

Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իր որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը «ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել»:

 

«2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձեւավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով», - ասված է հայտարարության մեջ:

 

 «Լուրջ փոփոխությունների» կարեւորությունը

 

Հունվարի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ առաջիկա «երկու-երեք տարիները լինելու են շատ կարեւոր, շրջադարձային»:

 

«Այս տարի թեւակոխել ենք մեր պետականության, մեր հանրապետության երկրորդ 25-ամյակը: Այն իր արդյունավետությամբ պետք է մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին, որովհետեւ դրա համար բոլոր նախադրյալները կան: Ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը:

Սերժ Սարգսյանը 2017 թվականի հունվարի 21-ին Սերժ Սարգսյանը 2017 թվականի հունվարի 21-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարեւոր, լինելու են շրջադարձային:

Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Առանց լուրջ փոփոխությունների մենք չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, եւ որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

 «Հայաստանը կախյալ պետություն է».

 

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել էր, որ

«Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա զուտ ձեւական է»:

 

«Մենք 25 տարի է ինչ անկախ պետություն ենք, եւ կարողացել ենք դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու: Այսօր մենք պետք է բացահայտ ասենք, որ որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է: Նա սեփական ապագան ինքնուրույն որոշել չի խարող», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

 

«Երկար տարիներ Հայաստանը առասպելներ է ստեղծել սեփական բանակի մասին,  թե իբր անպարտելի բանակ ունի: Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, թե ում բանակն է անպարտելի: Չնայած Հայաստանը չի ցանկանում ընդունել սեփական ցավալի պարտությունը, նա ստիպված է անել դա », - ասել էր Իլհամ Ալիեւը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին