Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-18
«Քննարկում ծավալելու հնարավորություն»
Հուլիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի որոշ մանրամասների բացահայտումը հայկական կողմի համար անսպասելի չէր»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ «որոշ մանրամասների բացահայտումը հասարակությունում առողջ քննարկում ծավալելու հնարավորություն է տալիս»: Միեւնույն ժամանակ, ասել էր նախարարը, բանակցային ամբողջական առաջարկի հրապարակումը «պարունակում է հակամարտող այս կամ այն կողմի` դրա սկզբունքներից հրաժարվելու վտանգը»։
Վարդան Օսկանյանը կարծիքով, դեռ չի եկել այն ժամանակը, երբ Հայաստանի իշխանությունները պետք էն հայ հասարակությանը համոզեն հրապարակված սկզբունքներն ընդունելու անհրաժեշտության մեջ, «քանզի Ադրբեջանը համաձայն չէ այս փաստաթղթի որոշ դրույթների հետ»։
Rescuer-2006
Հուլիսի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն ինստիտուտում մեկնարկել էին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Rescuer-2006 զորավարժությունները:
Դրանց մասնակցում էին ավելի քան 300 սպաներ 11 երկրներից` ԱՄՆ, Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Ռումինիա, Տաջիկստան եւ Ուկրաինա:
ՀՀԿ անդամության հայտ
Հուլիսի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը համալրելու համար:
Հուլիսի 18-ին Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի անդամակցությունը ՀՀԴ-ին «քայլ կլինի երկրում փաստացի միակուսակցական համակարգ հաստատելու ուղղությամբ»:
«Կողմնորոշվել ռազմավարության հետ»
Հուլիսի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանին «կոչ էր արել կողմնորոշվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ռազմավարության հարցում»։
«Ես չեմ զգում նրանց ռազմավարությունը, չեմ կարողանում այն հասկանալ», - ասել էր Մամեդյարովը:
«Եթե իրենց ռազմավարությունն ուղղված է Ադրբեջանի տարածքի մի հատվածը անջատելուն, ապա այն ոչ թե ռազմավարություն է, այլ ինքնասպանություն»,- ընդգծել էր ադրբեջանցի նախարարը:
Նա Հայաստանի ղեկավարությանը կոչ էր արել ելնել իրավիճակի զարգացման երկարաժամկետ հեռանկարից: «Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպիսին են իրենք տեսնում իրենց երկիրը որոշ ժամանակ անց` 10-30 տարի, կամ մի քանի սերունդ հետո»,- նշել էր նա:
«Մեծ Ութնյակի» առաջնորդների հայտարարությունը
Հուլիսի 18-ին Մեծ Ութնյակի /G8/ երկրների ղեկավարներն հայտարարել էին «այս տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների անհապաղ համաձայնեցման» անհրաժեշտության մասին:

Լուսանկարը` REUTERS
«Հանդիպման ընթացքում բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք հաստատել ենք, որ G8 սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա) համանախագահների միջնորդական ջանքերին, եւ ընդգծել ենք խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների անհապաղ համաձայնեցման անհրաժեշտությունը հենց 2006 թվականին: Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին քաղաքական կամք ցուցաբերել, հասնել համաձայնության եւ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- ասվում էր փաստաթղթում:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-18
ՀԱԿ-ը մեղադրում է վարչապետին
Հուլիսի 14-ին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ոչ միայն պաշտոնանկ արվի, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկվի։
ՀԱԿ հայտարարության մեջ մի շարք մեղադրանքներ էին արվել Տիգրան Սարգսյանի հասցեին: Մասնավորապես, ՀԱԿ-ը պնդում էր, որ վարչապետը «երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ» եւ «նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200 000 մարդ է արտագաղթել»: ՀԱԿ-ը նաեւ հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանի օրոք «գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը», «ոչնչացել է հայկական գյուղը», «դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղական արտադրությունը»։
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-18
«Հաջողության հեռանկարին» մոտ
Հուլիսի 12-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ հակամարտության կողմերն ու միջնորդները ավելի մոտ են «հաջողության հեռանկարին»:
«Հասկանալի պատճառներով մենք հրապարակայնորեն չենք քննարկում այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների ու ԱԳՆ ղեկավարների հանդիպումներին: Սանկտ-Պետերբուրգի հանդիպման ավարտին երեք նախագահները պայմանավորվել են, որ զգույշ կվարվեն առաջացած հույսի նշույլների հետ, որպեսզի բաց չթողնեն պահը, եւ մեկնաբանությունները ընդհանուր բնույթ են կրելու, առանց մանրամասների: Դա ցանկացած բանակցային գործընթացի բարոյական նորմ է, եւ ես հույս ունեմ, որ մենք կհետեւենք դրան: Մենք հիմքեր ունենք կարծելու, որ այս անգամ ավելի ենք մոտեցել հաջողության հեռանկարին, քան նախկինում էր», - հայտարարել էր Սերգեյ Լավրովը:
Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել էր.
«Ընթացող բանակցությունները առարկայական են, բովանդակային, եւ մենք հույս ունենք, որ չլուծված հարցերի շուրջ հետեւողական քննարկումների դեպքում կկարողանանք զգուշավոր լավատեսությամբ նայել դեպի ապագան»:
«Առաջընթացի ներուժ»
Հուլիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ տեսնում է «առաջընթացի ներուժ» ԼՂ կարգավորման գործընթացում:

Լուսանկարը` REUTERS
«Նախորդ ամիս նախագահ Պուտինը հանդիպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Սանկտ Պետերբուրգում, եւ երբ ես հանդիպեցի նրանց Վարշավայում, նրանք շնորհակալ էին այդ ջանքերի համար եւ քննարկում էին առաջ շարժվելու հնարավորությունը: Հստակ է, որ նոր մարտերի բռնկումից խուսափելը բխում է բոլորի շահերից, եւ ես վստահ եմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությամբ կա առաջընթացի ներուժ: Մենք կշարունակենք այս հարցի շուրջ քննարկումները Սերգեյ Լավրովի հետ եւ պարբերական շփումները երկու նախագահների հետ՝ խաղաղ եւ մշտական լուծումը խրախուսելու նպատակով», - ասել էր Ջոն Քերին Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:
ՊՊԾ գնդի գրավումը
Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա Ծռեր» խումբը Երեւանում գրավել էր
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:
Հարձակման ընթացքում սպանվել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ էին ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

ՊՊԾ գնդի տարածք ժամանած մի քանի բարձրաստիճան ոստիկաններ պատանդ էին վերցվել:
«Սասնա Ծռեր»-ը իր գործողություններն անվանել էր «զինված ապստամբություն»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: