Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-12
ՀԲ-ն դժգոհ է
Հուլիսի 8-ին Համաշխարհային Բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը հայտարարել էր, որ ՀԲ-ն դժգոհ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակից
Ռոբինսոնը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ հանդես չի եկել որեւէ հայտարարությամբ, որը թույլ կտար լույս սփռել ռուսական «Միացյալ Էներգահամակարգերի» (ՌԱՕ ԵԷՍ) դուստր ընկերության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման մասին հաղորդագրությունների վրա:
Ռոբինսոնի խոսքով՝ «ՀԲ-ն «փորձում է պարզել, ո՞րն է իրական իրավիճակը»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Բաշխիչ էլեկտրական ցանցերը Հայաստանի ամենախոշոր եւ եկամտաբեր ոլորտներից է, որը ռազմավարական նշանակություն ունի, եւ ես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի կատարվող իրադարձությունների մասին հայտարարվի հրապարակայնորեն, թափանցիկ եւ պաշտոնապես»,- ասում էր Ռոջեր Ռոբինսոնը։
Նույն օրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը հերթական անգամ հերքել էր ռուսական «Միացյալ Էներգահամակարգերի» (ՌԱՕ ԵԷՍ) կողմից ընկերության ձեռքբերման մասին հաղորդագրությունները:
Մեդիամաքսի հետ հարցազրույցում նա ասել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարումը հանձնվել է հոլանդական Internergo BB ընկերությանը, որը մտնում է ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ կորպորացիայի կառուցվածքի մեջ, սակայն ընկերության վաճառքի մասին խոսք չի գնում:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-12
ԱԳԳԾ-ն գաղտնազերծվել է
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել էր 2009 թվականին ընդունված ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների նորացված ծրագիրը (ԱԳԳԾ)` հրապարակելով այն իր կայքում:
Լուսանկարը` ՀՀ ՊՆ
ՊՆ-ից հայտնել էին, որ որոշումը կայացվել էր «միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու եւ հանրությանն իրազեկելու նպատակով եւ ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-12
«Պետք չէ լուծել հիմա»
Հուլիսի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղին կարգավիճակի տրամադրումն այն հարցը չէ, որը պետք է լուծել հիմա»:
«Ադրբեջանի դիրքորոշումը շատ կառուցողական է: Առաջին հերթին, երկու կողմից էլ պետք է հետ քաշվեն զինծառայողները, տեղահանված անձինք պետք է վերադառնան տուն, ճանապարհները պետք է բացվեն: Այնուհետեւ անհրաժեշտ կլինի վերականգնել բոլոր կապերը: Դրա համար հայ զինծառայողները պետք է դուրս հանվեն Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ գրավյալ տարածքներից: Դրանից հետո Ադրբեջանը թույլ կտա բացել բոլոր ճանապարհները եւ հանգույցները: Աշխատելու ենք աստիճանաբար նորմալ հարաբերություններ կառուցել տարածաշրջանում»,- ասում էր Մամեդյարովը:

Լուսանկարը` REUTERS
«Կարող եմ ասել, որ եւ համանախագահները, եւ ադրբեջանական կողմը քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Մնում է, որ հայկական կողմն էլ դա ընդունի: Վաղ թե ուշ դա տեղի կունենա, ես կասկած չունեմ»,- հավելել էր ադրբեջանցի նախարարը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: