5/10/15. Գրիզլովի խոսքերը «ֆորպոստի» մասին ու Ալիեւի «տրոլինգը» - Mediamax.am

exclusive
13455 դիտում

5/10/15. Գրիզլովի խոսքերը «ֆորպոստի» մասին ու Ալիեւի «տրոլինգը»


Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը 2004 թվականին
Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2004 թվականին
Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

Բորիս Գրիզլովը 2004 թվականին
Բորիս Գրիզլովը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-22

 

Էրդողանի «դրական տրամադրվածությունը»

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ կլինի բացել Հայաստանի հետ սահմանը, եթե «դրական մոտեցում տեսնի Հայաստանի կողմից»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2004 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Պատմության մեջ կատարվածը պետք է մնա պատմության գրկում: Մենք պետք է մեր նոր հարաբերությունները կառուցենք խաղաղության պայմաններում: Մենք դրականորեն ենք տրամադրված Հայաստանի նկատմամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի հարգվեն ազգային սահմանները: Մենք բացել ենք մեր օդային տարածքը հայկական մասնավոր ավիաընկերությունների համար: Չկան պատճառներ, որոնք թույլ չեն տալիս մեզ բացել նաեւ ցամաքային սահմանը: Սակայն, մենք ցանկանում ենք, որպեսզի նմանատիպ դրական մոտեցում ցուցաբերի նաեւ Հայաստանը: Ադրբեջանի կարեւոր մասը շարունակում է օկուպացված մնալ Հայաստանի կողմից: Այս փաստը չի կարելի արհամարհել եւ մոռացության մատնել»,- հայտարարել էր Թուրքիայի վարչապետը:

 

«Հայաստանը Ռուսաստանի ֆորպո՞ստն է»

 

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կասկածի տակ էր առել ինքնուրույն քաղաքականություն վարելու Հայաստանի ունակությունը:

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը 2004 թվականին Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Վերջերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում: Մենք միշտ կարծում էինք, որ Հայաստանը պետություն է: Իսկ հիմա պարզվեց, որ այն ‎‎‎‎‎‎ֆորպոստ է, եւ մենք այժմ չգիտենք, թե ու՞մ հետ վարենք բանակցությունները` այդ ֆորպոստի, թե նրա տիրոջ հետ»,- ասում էր Իլհամ Ալիեւը:

 

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, որ բացասական է վերաբերվում Բորիս Գրիզլովի հայտարարությանը:

Բորիս Գրիզլովը 2004 թվականին Բորիս Գրիզլովը 2004 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ չի կարող լինել որեւէ երկրի‎‎‎‎‎‎ ֆորպոստ», - ասել էր Բաղդասարյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են «բնականոն հունով»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-22

 

«Սպեկուլյատիվ տարրեր»

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումները «հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»:

 

«Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին:

 

«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաեւ իր միջազգային գործընկերների հետ, եւ վստահ է, որ համատեղ ջանքերով եւ սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- ամփոփել էր վարչապետը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին