5/10/15. «Շատ վաղ է», «ինչ-որ մեկի դեմ» չէ», «պատմական որոշում» - Mediamax.am

exclusive
10949 դիտում

5/10/15. «Շատ վաղ է», «ինչ-որ մեկի դեմ» չէ», «պատմական որոշում»


Լեոնիդ Սլուցկին
Լեոնիդ Սլուցկին

Լուսանկարը` ՌԴ Պետդումա

Դմիտրի Մեդվեդեւը՝ 2009 թվականին
Դմիտրի Մեդվեդեւը՝ 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին
Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի համատեղ ասուլիսը
Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի համատեղ ասուլիսը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-15

 

«Դեռեւս շատ վաղ է»

 

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «դեռեւս շատ վաղ է» խոսել 2008 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այդ մասին ասել էր՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին:

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Այդ մասին խոսելը շատ վաղ է: Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց հետաքրքրությունը, սակայն ես նույնիսկ դեռ չեմ մտածել դրա մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականաշնորհումը

 

Դեկտեմբերի 14-ին Երեւանում ստորագրվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 100%-ի մասնավորեցման մասին համաձայնագիրը:

 

Բաժնետոմսերի 100%-ի արժեքը կազմել էր $‌132 միլիոն:

 

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ի գնորդը գերմանական Chronimet կոնցեռնն էր: ԶՊՄԿ -ի բաժնետոմսերի մնացած 40 տոկոսի գնորդներն էին «Մաքուր երկաթի գործարան» (15%), Armenian Molybdenum Production ու Zangezur Mining (յուրաքանչյուրը՝ 12,5%) հայկական ընկերությունները:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-15

 

«Ինչ-որ մեկի դեմ չէ»

 

Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել էր, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ինչ-որ մեկի դեմ չէ»:

 

«Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք վերաբերվում նրան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ զգալիորեն ջերմացել են հարաբերությունները, որ դուք փորձում եք հաղթահարել այն հսկայական խնդիրները, որոնք եղել են 20-րդ դարում` ցուցաբերելով թե փոխադարձ զսպվածություն, թե փոխզիջման որոնում:

Դմիտրի Մեդվեդեւը՝ 2009 թվականին Դմիտրի Մեդվեդեւը՝ 2009 թվականին

Լուսանկարը` REUTERS

Միաժամանակ, ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի մյուս բոլոր պետությունները հասկանան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն «ինչ-որ մեկի դեմ» չէ. այն Հայաստանի ու Թուրքիայի եւ բոլոր սահմանակից երկրների համար է: Եթե այս ուղերձը ճիշտ հասցեագրվի, լարվածություն չի ստեղծվի նաեւ այլ երկրներում, որոնք ուշադիր հետեւում են այդ գործընթացներին»,- նշել էր Դմիտրի Մեդվեդեւը:

 

«Դատապարտված են ձախողման»

 

Դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում հայտարարել էր, որ Թուրքիայի փորձերը՝ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, դատապարտված են ձախողման:

 

Ելույթ ունենալով Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսում, նախագահը շեշտել էր, որ «հայկական կողմը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները եւ նույնն ակնկալում է Թուրքիայից»:

Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի համատեղ ասուլիսը Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի համատեղ ասուլիսը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը հայտարարել էր, եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող բոլոր հնարավորություններից:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-15

 

Պետդուման վավերացրել է

 

Դեկտեմբերի 10-ին ՌԴ Պետդուման վավերացրել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը:

 

Այդ որոշումը պատգամավորներն ընդունել էին միաձայն: 

Լեոնիդ Սլուցկին Լեոնիդ Սլուցկին

Լուսանկարը` ՌԴ Պետդումա

«Հայաստանը մեծ կամք դրսեւորեց եվրասիական զարգացման ուղով ընթանալու համար: Սա պատմական որոշում է ԵՏՄ-ի ճարտարապետության ձեւավորման տեսակետից»,- ասել էր Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին