5/10/15. «Արժանի պատասխան» եւ «բարձր նշաձող» - Mediamax.am

exclusive
5672 դիտում

5/10/15. «Արժանի պատասխան» եւ «բարձր նշաձող»


Սերժ Սարգսյանը՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների շքերթին
Սերժ Սարգսյանը՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների շքերթին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանը 2014 թվականին
Վիգեն Սարգսյանը 2014 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ՕԳՈՍՏՈՍԻ 4

 

«Ավելի ուժեղ ենք, քան երբեւէ»

 

Հուլիսի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանին ուղղված ռազմական սպառնալիքների հեղինակները համարձակվեն իրականացնել դրանք, ապա նրանք արժանի պատասխան կստանան:

 

Ելույթ ունենալով ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների շքերթին, նախագահն ասել էր, որ «հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային եւ անփոխարինելի բաղադրիչը»:

Սերժ Սարգսյանը՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների շքերթին Սերժ Սարգսյանը՝ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների շքերթին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ո՛չ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29- ՕԳՈՍՏՈՍԻ 4

 

«Ամեն ինչ կախված է մեզանից»

 

Հուլիսի 30-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն «Լույս» հիմնադրամի ուսանողներին եւ շրջանավարտներին ներկայացրել էր Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշման շարժառիթները:

 

«Մաքսատուրքի խոչընդոտների վերացումը կարող է իրապես մեծացնել Հայաստանի տնտեսության որոշ ճյուղերի մրցունակությունը:  Անգամ միջազգային վարկանշային կազմակերպությունների տվյալներն են վկայում այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի համեմատությամբ, Հայաստանն ունի առավել բարենպաստ բիզնես միջավայր եւ հնարավորություններ ներդրողների համար: Մենք գտնում ենք, որ այն միջազգային ընկերությունները, որոնք ցանկանում են բացահայտել այդ հսկա շուկան, կարող են դիտարկել Հայաստանը որպես իրենց բիզնեսը սկսելու լավագույն վայր»,- նշել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Վիգեն Սարգսյանը 2014 թվականին Վիգեն Սարգսյանը 2014 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիգեն Սարգսյանն ասում էր, որ ՄՄ անդամ պետությունների տնտեսություններն այն մակարդակի վրա չեն գտնվում, որպեսզի խթան հանդիսանան Հայաստանի տնտեսության համար շուկաների մրցակցության ապահովման տեսանկյունից:

 

«Սա կարող է միտում ստեղծել իջեցնելու մեր տնտեսության զարգացման չափանիշների նշաձողը, բայց ամեն ինչ կախված է մեզանից: Եթե մենք բարձր նշաձող սահմանենք եւ շարունակենք աշխատել Եվրամիության հետ ոչ միայն քաղաքական եւ դատաիրավական բարեփոխումների, այլեւ տնտեսական մոդելների բարեփոխման ուղղությամբ, մենք կարող ենք մրցակցային լինել ոչ միայն Մաքսային միության, այլեւ եվրոպական շուկայի համար»,- նշում էր նա:

 

«Հայաստանի համար, որը  գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, չափազանց կարեւոր էր ունենալ առավելություն մեր արդյունաբերության համար: Այստեղ կարեւոր դեր են խաղում տրանսպորտային ենթակառուցվածքները եւ էներգետիկ ռեսուրսները: Քանի որ մենք չկարողացանք կտրուկ փոխել իրավիճակը տրանսպորտային ենթակառուցվածքի տեսանկյունից, քանի որ Թուրքիայի հետ սահմանը շարունակում  է փակ մնալ, շատ կարեւոր էր փոխհատուցել այդ բացը էժան էներգակիրների ներմուծմամբ, եւ մենք դա արեցինք՝ որոշելով միանալ ՄՄ-ին: Այժմ մենք գազ եւ նավթամթերք ենք ներմուծում ներռուսաստանյան գներով, առանց մաքսատուրքի: Բացի այդ, որոշումը սերտորեն կապված էր Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության եւ Թուրքիայի սահմանից եկող սպառնալիքները»,- ասում էր Վիգեն Սարգսյանը:       

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին