Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-20
Հայաստանը սպասում է, որ ՆԱՏՕ-ն «սկզբունքայնություն կդրսեւորի»
Հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն էր հայտնել՝ «հունվարի 13-ին Ստամբուլի օդանավակայանում` Ադրբեջանի իշխանությունների պահանջով ու միջամտությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը Բաքվում Cooperative Best Effort 2004 զորավարժությունների առաջին պլանավորման կոնֆերանսին մասնակցելու հնարավորությունից զրկելու կապակցությամբ»:
«Հայաստանի ԱԳՆ-ը դատապարտում է այդ արարքը եւ կարծում է, որ այդ փաստը ամբողջությամբ հակասում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգուն, տառին եւ տրամաբանությանը: Ադրբեջանի իշխանությունների այդ աննախադեպ քայլը կասկածի տակ է դնում Գործընկերության հիմնական նպատակների իրագործումը՝ ուղղված Եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հարավային Կովկասի երկրների միջեւ երկխոսության եւ փոխգործակցության ընդլայնմանը»,- ասվում էր Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Նույն օրը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Cooperative Best Effort 2004 զորավարժություններին մասնակցությունից: Հայաստանի արտգործնախարարը հույս էր հայտնել, որ ՆԱՏՕ-ն «սկզբունքայնություն կդրսեւորի եւ համապատասխան քայլեր կձեռնարկի ստեղծված իրավիճակը շտկելու համար»:
Ալիեւը նոր առաջարկությունների է սպասում
Հունվարի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր առաջարկներով:
Ալիեւն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին տարիների ընթացքում «անարդյունք» է եղել եւ նշել էր, որ Ադրբեջանի հասարակությունը «մեծ ակնկալիքներ ունի միջնորդներից»:
«Մենք պատերազմ չենք ցանկանում, նոր զոհեր չենք ցանկանում», - ասել էր Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում շարունակել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անմիջական երկխոսությունն այն պայմանով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես չի գա «դիտորդի» դերում:
Լուսանկարը` REUTERS
Իլհամ Ալիեւը համոզմունք էր հայտնել, որ «Ադրբեջանը կհասնի խնդրի քաղաքական կարգավորմանը` ամրապնդելով իր տնտեսական եւ ռազմական ներուժը»:
«Սակայն եթե դա տեղի չունենա, մենք մտադիր չենք հաշտվել ստեղծված իրադրության հետ», - նշել էր նա: «Ադրբեջանը միանշանակ իրավունք ունի ցանկացած պահին եւ ցանկացած միջոցներով ազատագրել իր տարածքները», - նշել էր Իլհամ Ալիեւը:
Սակայն հակամարտության լուծման այլ տարբերակների մասին հնարավոր կլինի մտածել միայն այն բանից հետո, երբ «միանգամայն համոզված կլինենք նրանում, որ կարգավորման գործընթացի խաղաղ ներուժը լիովին սպառված է», - ասել էր Ադրբեջանի նախագահը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-20
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրում է Ռուսաստանին
Հունվարի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանին $ 800 մլն-ի ռազմամթերք հատկացնելու եւ «ադրբեջանական հողերը գրաված Հայաստանի ռազմական ներուժն հզորացնելու» համար:
«Դա հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւերին: Խոսքը Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերից մեկին աջակցություն չցուցաբերելու վերաբերյալ պարտավորությունների խախտման մասին է»,- ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Լուսանկարը` REUTERS
«Ադրբեջանի ԱԳՆ-ը դեմ է արտահայտվում ադրբեջանական հողերի օկուպացիայի ուժեղացմանն ուղղված գործողություններին եւ Ռուսաստանին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները` Հայաստանին զինամթերք տրամադրելու հետեւանքները կանխելու նպատակով», - նշվում էր հայտարարությունում:
Լավրովը հերքում է
Հունվարի 16-ին Սերգեյ Լավրովը հերքել էր Հայաստանին զենքի մատակարարման մասին տեղեկատվությունը:
Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը ուսումնասիրել է Հայաստանին ռուսաստանյան մեծածավալ մատակարարումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների շուրջ ստեղծված իրադրությունը, եւ տվյալները չեն հաստատվել:
Լուսանկարը` REUTERS
«Գլխավոր շտաբի հետ մենք հետազոտել ենք այդ իրավիճակը: Այն մարդը, ում ազգանունը հիշատակվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, եւ անցած տարի Հայաստանին ոչ մի սպառազինություն չի մատակարարվել»,- ասել էր Լավրովը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-20
«Իշխանությունը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը»
Հունվարի 16-ին ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյան ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ «առկա է բանավեճ եւ ոչ ավելին»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այն կարող է դիտվել որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու նախանշան` ՀԱԿ անդամն ասել է հետեւյալը.
«Այս պահի դրությամբ, ավելի զարգացումներ, քան բանավեճը, մենք չենք տեսնում: Ավելին, մենք տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել այդ բանավեճի վրա` շեղելով այն կարեւորագույն խնդիրներից, որոնք առկա են, իսկ մենք մտադիր չենք շեղվել»,-ասել էր նա:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: