Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-19
Իրաք մեկնելու մասին որոշումը
Օգոստոսի 19-ին Վաշինգթոնում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն էր տարածել սակրավորների դասակ եւ զինվորական բժիշկներ Իրաք ուղարկելու հայկական կողմի պատրաստակամության մասին՝ այդ երկրի վերականգնման գործընթացին մասնակցելու համար:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ
«Հայաստանը մշտական կապ է պահպանել ԱՄՆ կառավարության հետ մինչեւ Իրաքում ռազմական գործողությունների սկսելը, դրանց ընթացքում եւ դրանցից հետո` ամերիկյան զորքերին ցանկացած անհրաժեշտ եւ հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով», - ասված էր Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ:
ԵԿԳ կոչը
Pernod Ricard միջազգային խմբի կազմում ընդգրկված Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավարությունն օգոստոսի 19-ին Հայաստանի իշխանություններին կոչ էր արել «ձեռնարկել միջոցներ, որպեսզի ներմուծվող սպիրտերը, որոնց որակը եւ ծագումը վերահսկելի չեն, չօգտագործվեն հայկական կոնյակի արտադրության համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Չնայած նրան, որ սպիրտների ներմուծումը, հավանաբար, անօրինական չէ, ԵԿԳ ղեկավարությունը խիստ մտահոգված է շուկայում «հայկական կոնյակի» հայտնվելու հնարավորությամբ, որն իրենից կներկայացնի ոչ ավելին, քան սովորական բրենդի: Դա կարող է մոլորության մեջ գցել սպառողներին եւ կհանգեցնի հայկական կոնյակի նկատմամբ վստահության կորստին»,- ասված էր ԵԿԳ հայտարարությունում:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-19
Անջատումը Western Union-ից եւ Moneygram-ից
Օգոստոսի 14-ին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում գործող հայկական առեւտրային բանկերի մասնաճյուղերն անջատվել են դրամական փոխանցումների Western Union եւ Moneygram համակարգերից:

Լուսանկարը` REUTERS
Դրանից մեկ օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ իշխանությունները Ադրբեջանի տարածքում Western Union-ի եւ Moneygram-ի աշխատանքը վերսկսելու որոշում են կայացրել, քանի որ նշված ընկերությունները «դադարեցրել են անօրինական գործունեությունը գրավյալ տարածքներում»:
Իրավիճակը Վրաստանում
Օգոստոսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր Վրաստանում ստեղծված իրավիճակը:
Նախագահը մտահոգություն էր հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ ողջունել առկա կառուցողական դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:
Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը` բարեկամ երկիր, հետեւաբար, Հայաստանը մեծապես շահագրգռված է խնդրի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: Նախագահը վերահաստատել էր Հայաստանի «մարդասիրական միջանցք» հանդիսանալու պատրաստակամությունը եւ հանձնարարել էր Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների տարանցիկ ուղեւորությունների համար ժամանակավորապես սահմանել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: