«Գե՛ւ, դեդեն չի մահացել, երկինք ա բարձրացել» - Mediamax.am

«Գե՛ւ, դեդեն չի մահացել, երկինք ա բարձրացել»
2245 դիտում

«Գե՛ւ, դեդեն չի մահացել, երկինք ա բարձրացել»


Գեւը 7 տարեկան էր, երբ պապիկը մահացավ։ Հիվանդ էր։ Գեւը գիտեր, որ իր պապիկը տարբերվում է մյուսներից՝ դժվար է քայլում, դժվար է խոսում, դժվար է ուտում։ Երբեք չէր ասում՝ բա ինչո՞ւ է պապիկը հիվանդ։ Բայց երբեմն նկատում էի՝ լուռ հետեւում է պապիկի շարժումներին։ Երբ հարցնում էի՝ «Ի՞նչ է եղել, Գե՛ւ», ասում էր՝ «Ոչ մի բան, մա՛մ, գնացի խաղալու»։ Ու գնում էր խաղալու։ Մենք էլ մտածում էինք, թե Գեւը փոքր է, ի՜նչ է հասկանում որ։

Գեւը հայրական կողմի պապիկին «դեդե» էր ասում։ «Դեդե», «նենե», «ամմո»՝ սրանք միակ արեւմտահայերեն բառերն են, որ Գեւն օգտագործում է։ Հասկանում է ամեն ինչ, բայց երբեք արեւմտահայերեն չի խոսում։ Ասում է՝ «Իմ հետ իմ լեզվով խոսեք»։ Իսկ երբ ե՛ս եմ փորձում արեւմտահայերեն բառեր օգտագործել, սկսում է բարձր ծիծաղել, ասում է՝ «Լավ, էլի՜, մամ, մի՛ արա տենց»։ Իսկ դեդեի հետ զրուցելիս էլ ծիծաղում էր, երբ նա էր փորձում արեւելահայերեն խոսել։ «Դեդե՛, էս ի՞նչ բառեր ես օգտագործում»՝ ասում էր Գեւը, ու դեդեն սկսում էր ժպտալ։ Իսկ դեդեն այնքա՜ն հազվադեպ էր ժպտում։

Գեւը գիտեր, որ տուն մտնելուն պես պիտի վազեր, առաջինը դեդեին համբուրեր։ Շքամուտքից վազքով գալիս էր սենյակ ու դանդաղ քայլերով մոտենում դեդեին։ Գիտեր՝ դեդեն թույլ է, պետք է զգույշ գրկի ու համբուրի։ Դեդեն ամեն կիրակի այդ համբույրին էր սպասում։

Գեւը համով ուտելիքներ շատ է սիրում՝ բազմազան, իրար հակասող համերով, համեմունքներով։ Նոր համեր փորձելիս բոլորիցս խիզախ է։ Մեկ տարեկան էր, երբ տեսանք՝ տատիկի ձեռքից հումմուսը վերցրել, չփչփացնելով ուտում է։ Դեդեն սիրում էր, որ իր տանը Գեւն ուտում էր ինչ ուզում էր, երբ ուզում էր ու որքան ուզում էր։ Հիշում եմ՝ մի անգամ նախատեցի Գեւին, թե «Հերիք է ուտես, ուշ է», դեդեն նեղվեց, ինձ կանչեց իր մոտ ու խնդրեց, որ իր ներկայությամբ երբեք պատառը չվերցնեմ Գեւի ձեռքից։ Էլ երբեք չվերցրի։ Գեւը հասկացավ, որ դեդեն՝ թեկուզ վատառողջ, բայց իր իրավունքների պաշտպանն է։

Ամիսներ անց դեդեի վիճակը վատացավ. բժիշկն ամեն օր գալիս էր տուն, փոխում վիրակապը։ Գեւին շեղում էինք, տանում մյուս սենյակ, որ չնկատի բժշկի ելումուտը, դեդեի ցավը, բոլորիս վախը։ Մենք վստահ էինք, որ Գեւը շատ բան չի հասկանում, բժիշկ է, էլի, գալիս-գնում է, ինքն էլ իր համար խաղում է։

Հետո դեդեն ընկավ հիվանդանոց։ Վիրահատեցին։ Մի քանի օր անց վիճակը կտրուկ վատացավ։ Գիտեինք, որ հաշված օրեր են մնացել։ Այդ կիրակի Գեւին չտարանք դեդեին համբուրելու։ Երբ հարցրեց՝ «Բա չե՞նք գնում դեդեենց», հասկացանք, որ պիտի խոսենք իր հետ։ Հեռվից եկանք, ասացինք, որ «Դեդեն վաղուց հիվանդ է, տարիքը մեծ է, հիմա տարել ենք հիվանդանոց, որովհետեւ լավ չի զգում իրեն, ու բժիշկները փորձում են բուժել»։ Մի քանի րոպե լռեց, մեքենաներով խաղը շարունակեց ու մեկ էլ թե՝ «Իսկ եթե չբուժվի, ի՞նչ կլինի»։ Ասացինք՝ «Կգնա երկինք ու այնտեղ առանց ցավերի կապրի»։ Այլեւս չշարունակեց։

Դեդեն մահացավ։ Գեւին կանչեցինք, իր բառերով ասած՝ «վկուսնյաշկաներ» տվեցինք, որ սիրտը շահենք, նստեցինք կողքին, սկսեցինք նրբորեն բացատրել, որ բժիշկները փորձեցին բուժել, բայց չստացվեց. դեդեն հիմա երկնքում է։ Լսեց, լռեց ու հարցրեց՝ «Իսկ էնտեղ լողավազան կա՞, մրգեր կա՞ն, դեդեն ինչ ուզի, կուտի՞»։ Ասացինք՝ այո, ու Գեւը գնաց իր սենյակ՝ խաղը շարունակելու։ Այլեւս ոչինչ Գեւը չխոսեց դեդեի մասին։

Մի քանի օր առաջ Գեւը դաս էր անում, Վահանն էլ վազվզում էր սենյակներում։ Վահանը դեռ չի խոսում, մի քանի բառ է միայն ասում, օրինակ՝ հեռախոսին՝ «դեդե», հացին՝ «աց», ջրին՝ «ջու»։ Նենեն Վահանին հաճախ է հեռախոսով ցույց տալիս դեդեի նկարը, ինքն էլ կարծում է, թե հեռախոսը «դեդե» է կոչվում։ Ու հենց այդ պահին Վահանը սկսեց «դեդե» ուզել։ Գեւը գրքերը թողեց, նայեց ինձ ու աչքերը լցրեց։ Կարծեցի՝ էլի դաս չի ուզում անել։ «Գեւ՛, լավ էլի, դասի համար կլացե՞ն բա, ախր մեծ տղա ես»՝ ասացի։  «Մա՛մ, Վահանը դեդե ասեց, ու ես դեդեին հիշեցի։ Ես կարոտում եմ դեդեին, մա՜մ։ Ես ամեն օր քնելուց իր մասին եմ մտածում ու հիշում՝ դուք ինձ ոնց ասեցիք, որ դեդեն մահացել ա։ Էդ պահերին ուզում եմ լացեմ, բայց զսպում եմ ինձ, որ դուք չտեսնեք»՝ պատասխանեց։ Շփոթվեցի։ Գրկեցի իրեն, հետո խնդրեցի, որ նստենք ու զրուցենք։ Ասացի՝ «Գե՛ւ, դեդեն չի մահացել, երկինք ա բարձրացել»։ «Հերիք ա ինձ անընդհատ նույն բանն ասեք, մա՛մ, ի՞նչ տարբերություն։ Մահացել ա։ Դա կոչվում ա մահանալ»՝ ասաց ու գրկեց ինձ։ Երկուսս էլ երկար լռեցինք։ Հետո խնդրեց, որ հայրիկին ոչինչ չպատմեմ, բայց կազմակերպեմ, որ շաբաթ օրն իր հետ տանի դեդեի մոտ։ 

Քնի մեջ դեռ երկար լսվում էր Գեւի՝ լացին հաջորդող հեւոցը։ Իսկ աչքերիս առաջ նրա՝ դեդեին ուղղված հարցաշատ հայացքներն էին, որոնք ժամանակին որսում, բայց անտեսում էինք. մտածում էինք՝ փոքր է, բան չի հասկանում։

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին