Մեր գյուղի թախտը, Մխիթար սպարապետն ու Spider-Man-ը - Mediamax.am

Մեր գյուղի թախտը, Մխիթար սպարապետն ու Spider-Man-ը
3669 դիտում

Մեր գյուղի թախտը, Մխիթար սպարապետն ու Spider-Man-ը


Մեր գյուղի տանը՝ պատի տակ թախտ կար: Բոլոր գյուղերի բոլորի տներում՝ ինչ-որ մի անկյունում, պատի տակ, մի թախտ լինում է՝ չոր, վրան նախշավոր կարպետ, մութաքա ու ինչ-որ մի գիրք: Մերն էլ չէր տարբերվում: Իմ սիրած անկյունն էր՝ վառարանի մոտ, կողքին՝ պատուհան, որը չէր բացվում: Խոսքը մեր մեջ, բոլոր պատուհանները զմռսված էին, ճաղապատ, չէին բացվում: Թուրքի տներ էին: Մեզ այդպես էին ասում մեծերը: Ու այդ ձեւակերպումը նաեւ պատասխանում էր հարցին, թե ինչու պատուհանները չեն բացվում: 

 

88-ի շարժումը փոխեց նաեւ տատիս ու պապիս կյանքի հունը: Իրենց համար ուրախ ապրում էին Նախիջեւանում՝ Գողթան գավառի Ողոհի գյուղում: Հողաշեն տուն էր, լվացարանը՝ ծառից կախ, զուգարանը՝ հեռվում: Դռան դիմաց առվակ էր հոսում, այգիներում՝ ծառերի վրայից հորդում էին թութն ու կեռասը: Գյուղից մի քիչ հեռու նարզան կար՝ հանքաջուր. ընդերքից անմահական ջուր էր բխում, ու հայրս, ինձ ուսերին դրած, ամեն առավոտ գնում էր նարզան՝ ջուր բերելու: Ի՜նչ երանությամբ էի հորս բռից ջուր խմում ու իր պես «ուխա՜յ» ասում: Ասում են՝ հազար ու մի հիվանդություն էր բուժում: Նարզանից էր, թե ոչ՝ էական չէ, կարեւորը՝ մարդիկ առողջ ու իսկապես երկար էին ապրում մեր գյուղում: Բայց այնտեղ երկար չապրեցին: 88-ին մի օր արթնացան ու իմացան, որ էլ իրենց տուն ու տեղի տերը չեն: Հարյուր տարվա հարեւանները, պարզվեց, թշնամիներ են: Մի քանի ժամում հավաքեցին առաջին անհրաժեշտության իրերն ու դուրս եկան Նախիջեւանից: Ոչ ոք չէր հավատում, որ մեկընդմիշտ են հեռանում: Տատիկս նույնիսկ ղազանները չվերցրեց, ասում էր՝ մի քանի օրից հետ ենք գալու: Մի ամբողջ գյուղ օրեր շարունակ նոր բնակավայր էր փնտրում, որ բնությունը, օդը, սարերն ու թփերը նման լինեին իրենց գյուղին: Հատկապես մեղվապահները փնտրում էին այնպիսի տարածք, որ ծառ ու ծաղիկը շատ լիներ: Գտան: Հաստատվեցին Վայոց ձորի Ղաբախլու գյուղում: Դե՜, հայտնի պատճառներով թուրքական անուն ուներ: Անվանափոխեցին, կոչեցին Գողթանիկ: Սկսեցին սիրել գյուղը: Պապիկս Գողթանիկում հաստատված միակ բնակիչն էր, որը ստիպեց որդուն՝ հորս, մինչեւ վերջին կոպեկը վճարել տանտիրոջը՝ թուրք տանտիրոջը: Ասում էր՝ ես հարամ ճանապարհով տան տեր չեմ դառնա, ով էլ որ լինի տերը: 

 

Ու իմ մանկությունն անցավ այդ՝ ոչ հարամ ճանապարհով ձեռք բերված տան պատի տակի թախտին՝ գիրք կարդալով: Դպրոցական էի: Անհագուրդ կարդում էի մեր պատմավեպերը: Կարդում ու համեմատում էի տատիկ-պապիկիս կյանքի պատմության հետ: Համեմատում ու հավատում էի, որ արդարությունը հաղթելու է: Մի շնչով կարդում էի մինչեւ նախավերջին էջը: Վերջին էջը կարդում էի տողերով, ամեն օր՝ մի քանի տող: Չէի ուզում՝ վերջանար:

 

«Մխիթար սպարապետ»-ը միակ գիրքը չէր, որի ավարտին հոնգուր-հոնգուր լաց էի լինում: Չէի ուզում, որ սպարապետը մահանար: Իսկ ես գիտեի, որ հերոսները վերջում մահանում են: 

 

Իսկ այսօրվա հերոսները չեն մահանում: Նրանք չեն էլ կարող մահանալ, որովհետեւ  սարդ-մարդիկ են, ռոբոտ-ամենագնացներ, տանկ-հրեշներ, սպունգ-հիմարիկներ: Այսօրվա սերունդն այլեւս չունի գյուղի տուն, որի պատի տակ կլինի թախտ՝ վրան էլ «Մխիթար սպարապետ»: Նա ունի ճոխ առանձնատուն, որտեղ ունի իր առանձնասենյակը, սեղանին՝ վերջին սերնդի iPad, մեջը՝ անմահ հերոսներ:

 

Մի քանի օր առաջ Գրքի տոնն էր: Տղայիս դպրոցը հրաշալի բան էր նախաձեռնել. երեխաները պետք է իրենց ձեռքերով գրքեր պատրաստեին ու վաճառքի հանեին: Հավաքված գումարով բարեգործություն էին անելու: Գեւը Մոնթեի մասին գիրք էր պատրաստել՝ ձեռագիր, ջնջումներով, նկարները՝ մի քիչ ծուռումուռ փակցրած, բայց իր ձեռքերով: Գեւի գիրքը ամենավերջինը վաճառվեց: Գնորդները նախընտրում էին մեծ, գունավոր, տպագիր գրքերը: Իսկ գնորդները ծնողներն էին՝ այն նույն ծնողները, որոնք երեխաների փոխարեն պատրաստել էին գրքերը: 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին