Ահա թե ինչու Հայաստանում վաճառողուհիները չեն ժպտում - Mediamax.am

Ահա թե ինչու Հայաստանում վաճառողուհիները չեն ժպտում
6921 դիտում

Ահա թե ինչու Հայաստանում վաճառողուհիները չեն ժպտում


Ես մոլեր չեմ սիրում: Մի տեսակ քաղքենի ցուցամոլություն կա այնտեղ` հայաստանյան իրական կյանքից խիստ տարբերվող`թե՛ էությամբ, թե՛ բովանդակությամբ, թե՛ տրամաբանությամբ: Իհարկե, ամբողջովին խուսափել էլ չի ստացվում, բայց, եթե կարող եմ, օրինակ, գուլպա գնել Դավիթաշենի սովորական խանութից, հենց այնտեղից էլ գնում եմ: Անկեղծ՝ մղումս փոքր ու միջին բիզնեսը խթանելը չէ, այդ առումով ես ինձ առաքյալ չեմ համարում, թեեւ լավ կլիներ, բայց նախընտրում եմ ամենօրյա գնումներն անել փոքր խանութներից: 

 

Մի քանի օր առաջ սովորականի պես մտա այդ նույն խանութներից մեկը՝ գուլպա ու շապիկ գնելու: Խամրած աչքերով աշխատակիցները սովորականի պես անհավես ու անժպիտ մոտեցան՝ սպասարկելու: Անհավես, բայց հոգատար, անժպիտ, բայց ջանասիրաբար փորձեցին գտնել հենց այն չափսը, որը հարկավոր էր, եւ հորդորեցին՝ «մի հատ առեք, թող երեխան փորձի. եթե լավ լինի վրան, էլի կառնեք»: Ու մինչ ինձ փորձում էին օգնել նաեւ սեփական փորձով, թե իրենց երեխաների համար որ տեսակն են անձնապես իրենք նախընտրում, կամ որ տեսակից խուսափում, խանութի մյուս ծայրից տղամարդու՝ կենդանու մռնչոց հիշեցնող ձայն լսվեց: Սկզբում չհասկացա՝ ինչ կատարվեց: Վաճառողուհու սփրթնած դեմքից հասկացա, որ խանութի տերն է եկել: Ցուցափեղկերը խանգարում էին, որ տեսնեի դեմքը: Ու լավ կլիներ՝ մինչեւ վերջ խանգարեին: Վերեւի դարակներից ցանկալի չափսի գուլպան գտնելու համար վաճառողուհին կանգնել էր հին, ճոճվող աստիճանի վրա. հենց տնօրենի ձայնը լսեց, արագ իջավ ու, փորձելով մեղմել անախորժ իրավիճակը, ասաց. «Հիմա հաճախորդ կա, սպասարկեմ, գամ»: 

 

Տնօրենի ցասումը տասնապատկվեց. «Ինձ չի հետաքրքրում՝ ով կա ըտեղ: Քեզ ասում եմ՝ արի: Ու սրանից հետո որ բաժնում առեւտուր չլինի, էդ բաժնի աշխատողը փող չի ստանալու»: 

 

Հազիվ զսպելով արցունքները՝ վաճառողուհին գուլպաները ձեռքս տվեց ու, քթի տակ մրմնջալով, թե «ոչ էլ տուր, կարաս էսօրվանից գործից էլ հանես»՝ մոտեցավ տնօրենին: Ես էլ չդիմացա ու, շրջանցելով ինձ ու տնօրենին բաժանող ցուցափեղկը, հայտնվեցի իրադարձությունների կենտրոնում: Բայց նույնիսկ իմ, ասել է թե՝ հաճախորդի ներկայությունը չլռեցրեց նրան: Ասացի․ «Կներեք, իսկ ո՞վ պետք է սպասարկի ինձ, եթե աշխատողին կանչում եք ձեզ մոտ: Չէ՞ որ ինձ նման հաճախորդների հաշվին է առեւտուրը ստացվում լավ կամ վատ»: 

 

Իմ հարցից էլ ավելի մոլեգնեց ու, բնականաբար, անցնելով «դու»-ի՝ ինձ դուրս հրավիրեց խանութից. «Քեզ չվերաբերվող հարցերի մի խառնվի, ուզում ես՝ առեւտուրդ արա, չես ուզում՝ դուրս արի»: Ձեռքիս գուլպաները նետեցի կողքի դարակին, նայեցի աչքերի մեջ ու դուրս եկա:

 

Ահա այն ամենը, ինչ պետք էր տեսնել՝ հասկանալու, թե ինչու չեն ժպտում սովորական խանութների աշխատողները: Եվ ահա այն ամենը, ինչ պետք էր իմանալ Հայաստանում աշխատողների իրավունքների մասին: 

 

Նույն օրն երեկոյան պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում կարդացի. «Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։  ...Հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մյուսներն ընդհանրապես հրամանագրված չեն... Այսպիսով, թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որեւէ պետական մարմին չի զբաղվում, հետեւաբար՝ աշխատողը կարող է իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել միայն դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է,  ծախսատար եւ ժամանակատար պրոցես է․դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ, կամ դիմել փաստաբանի ծառայությանը։ Մի՞թե նշյալ պայմաններում աշխատող քաղաքացին կդիմի դատարան։ Ակնհայտորեն՝ ո՛չ:»

 

Այո՛, չի դիմի: Մնում է հուսալ, որ պատգամավորի դիմումին ընթացք կտրվի, ու Դավիթաշենի խանութի վաճառողուհին մի օր կսկսի ժպտալ հաճախորդին: 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին