Մոնթեի պատգամը՝ որպես հայոց պետականության կողմնացույց - Mediamax.am

Մոնթեի պատգամը՝ որպես հայոց պետականության կողմնացույց
14069 դիտում

Մոնթեի պատգամը՝ որպես հայոց պետականության կողմնացույց


Հայկական աշխարհի տարբեր մասերում ակտիվ վեճեր են ընթանում, թե արդյոք ճիշտ էր նոր իշխանությունների՝ Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշումը: Անձամբ ես կարծում եմ, որ հենց այդ որոշումն է (քչերից մեկը) ճիշտ եւ տրամաբանական, քանի որ չի կարող մինչեւ վերջ չձեւավորված պետականությունն ունենալ կառավարական հաստատություն, որը պատասխանատու է գոյություն չունեցող սուբյեկտի հետ փոխհարաբերությունների համար: Խորապես ուսումնասիրված տեսական հիմքի բացակայությունը մինչ այժմ մեզ թույլ չի տալիս կողմնորոշվել անգամ պարզ եզրութաբանությունում (համայնք, սփյուռք), էլ չեմ խոսում ավելի բարդ սոցիալական եւ քաղաքական կառուցվածքների մասին (ժողովուրդ, ազգ): Այսօր մի կողմից՝ ունենք իրավաբանական ֆիզիկական սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բնակվում է երկու միլիոնից քիչ ավելի քաղաքացի, մյուս կողմից՝ անհայտ քանակությամբ էթնիկ հայեր (մեր տրամադրության տակ առկա է ընդամենը կարծրատիպային եւ անփոփոխ թիվ՝ 10 միլիոն), որոնք ցրված են ամբողջ աշխարհով մեկ: Հաշվի առնելով արդիական սոցիոլոգիական ուսումնասիրությունների բացակայությունն այնպիսի կարեւոր չափորոշիչների վերաբերյալ, ինչպիսիք են լեզվի, կրոնի, մշակութային եւ ավանդական ատրիբուտների պահպանվածությունը, մեզ համար չափազանց բարդ կլինի տալ այդ համայնքների վիճակի օբյեկտիվ գնահատականը: Ավելին, մինչ այժմ մշակված չեն ո՛չ մեթոդաբանություն, ո՛չ չափանիշներ, որոնց հիման վրա պետք է իրականացվի համաշխարհային հայության մանրակրկիտ «գույքագրում» (ինվենտարիզացիա): Հետեւապես, նախքան նման կարեւոր պետական հաստատություններ ստեղծելը, ինչպիսին Սփյուռքի նախարարությունն է, անհրաժեշտ է ձեւավորել հիմնարար պարադիգմ, որը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարիքների հիման վրա մենք պետք է որոշենք նրա գործառնական ծանրաբեռնվածությունը:

Եկեք սկսենք այն հարցի պատասխանից, թե ինչ են «հայկականությունն» ու «հայությունը» (բոլոր հետագա դատողություններն ունեն բացառապես սուբյեկտիվ բնույթ):

Առաջին պարադիգմը մշակութային-ատրիբուտիվ է, որտեղ հիմք են ընդունվում միասնական լեզուն եւ առասպելաբանությունը, որոնք ձեւավորում են ավանդական մատրիցա (պարեր, խոհանոց, երգեր):

Երկրորդը պատմական հիշողությունն է, որի հիմքի վրա ստեղծվում են քաղաքական տարրերը (գաղափարախոսություն, ինստիտուտներ):

Երրորդը կրոնն է՝ արտահայտված բարոյական եւ հոգեւոր հենքի կառուցման մեջ Հայ առաքելական եկեղեցու առաջատար դերով:

Աշխարհում միակ վայրը, որտեղ հայերի լիարժեք մեծամասնությունը խոսում, կարդում եւ գրում է միասնական լեզվով, հայկական պետականությունն է (պետական լեզու): Դժվար թե որեւէ մեկը վիճարկի այն փաստը, որ ռուսաստանաբնակ հայերի նշանակալի մասը ռուսերենի կրողներ են, ֆրանսիաբնակներինը՝ ֆրանսերենի, ամերիկաբնակներինը՝ անգլերենի: Այլ մշակութային տարրերի պարագայում իրավիճակը կարող է ուղիղ հակառակը լինել. գտնվելով օտարածին հասարակությունում՝ հայկական շատ համայնքներ ունեն ավելի ուժեղ ազգային իմունիտետ (միազգ ամուսնություններ, ավանդույթներ եւ տոնակատարություններ, «մերոնց» նկատմամբ մտերմության սուր զգացում), քան Հայաստանի քաղաքացիները: Ընդ որում, «համայնքային հայը» մետաֆիզիկականորեն կապված է իր մայր պետությանը, եւ պարտադիր չէ, որ նա այն տեսնի ֆիզիկապես: Նա զգում է այն իր սեփական, հաճախ իդեալականացված կերպարներում, որոնք ստեղծվել են պատմվածքների, ավանդությունների եւ առասպելների միջոցով: Այդ պատճառով այդ ատրիբուտների պահպանումն ու փոխանցումը բոլորովին այլ որակ են ձեռք բերում, քանի որ նրանց գոյությունից է կախված «համայնքային հայկականության» կենսակայունությունը: Նորմալ սոցիալական երեւույթները չընկալելը հանգեցնում է բացարձակապես անընդունելի վեճերի եւ քննարկումների այն մասին, թե ով է ավելի շատ հայ, ով է ավելի լավ պահպանում ավանդույթները, եւ, որն ամենավտանգավորն է, ով է ում ավելի շատ պետք՝ համա՞յնքը Հայաստանին, թե՞ Հայաստանը՝ համայնքին: Նման նարատիվները բացառապես բաժանարար գծեր են ստեղծում, որոնք վերջիվերջո մեզ կհասցնեն հերթական պատմական անդունդին:

Չի կարելի ստեղծել իդեալական հայի կերպար, սակայն կարելի է փորձել առանձին հավաքական գծերի միջոցով ձեւավորել «հայկականության» կամ «հայկական երազանքի (մոնթեականության)» հայեցակարգը, որի հիմքում պետք է ընկած լինի շատ պարզ եւ հասկանալի նախադրույթ՝ հայկական աշխարհի բոլոր մասերը պետք են միմյանց  այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ իրենց առավելություններով եւ թերություններով հանդերձ: Ինչո՞ւ մոնթեականություն: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Մոնթե Մելքոնյանը պարզապես մարտիկ եւ զորահրամանատար չէ, նա մեծ մտածող է, որը դարձել է հայկական աշխարհի երկու հատվածների՝ համայնքայինի եւ պետականի միասնության խորհրդանիշ: Նա իր մեջ համադրել է այն բոլոր լավագույն որակներն ու բնութագրիչները, որոնք դարեդար մեծարվել են մեր միջավայրում՝ կրթություն՝ աշխարհի լավագույն համալսարաններից մեկի շրջանավարտ, որն ազատ տիրապետում էր արեւմտյան եւ արեւելյան շատ լեզուների, ասկետիզմ՝ նա անմահ գաղափարների եւ արժեքների համար պայքարը գերադասեց հասանելի, մահկանացու եւ նյութական աշխարհից, ազնվություն եւ ինքնաքննադատություն՝ Մոնթեն, ինչպես եւ ցանկացած մարդ, իդեալական չի եղել, բայց համազգային գործերում նա միշտ հավատարիմ է մնացել այդ սկզբունքներին, սառնարյունություն եւ ազգային արժանապատվություն՝ այս հատկանիշները լավագույնս ընդգծում են նրա այն խոսքերը, որ «Ամերիկայի նախագահը չէ, որ մեզ պետք է ասի, թե որտեղ է մեր Հայրենիքը» (դատողություններ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ Սեւրի պայմանագրի վերաբերյալ):

Երկու «հայկականությունների» միավորման հաջողության բանաձեւն ընկած է հենց Մոնթե Մելքոնյանի կյանքի ճանապարհին, որն իր գլոբալ որակներն ու գիտելիքներն օգտագործեց ի շահ ազգային եւ պետական շինարարության: Չափազանց կարեւոր է նաեւ այն, որ նա այդ ճանապարհին հանգեց ոչ թե լեզվի, մշակույթի կամ կրոնի միջոցով (այդ ամենը եկավ հետագայում եւ օգնեց մինչեւ վերջ ձեւավորել իրեն որպես հայ պետական գործիչ): Հարազատ վայրեր այցելելուց հետո մի որոշակի պահի նա սկսեց ինքն իրեն բարդ հարցեր տալ իր նախնիների անցյալի վերաբերյալ: Հենց այստեղից կարելի է անցում կատարել մի պարադիգմից մյուսին՝ պատմական հիշողությանը: Բոլոր կարեւորագույն բացասական իրադարձությունները՝ Մեծ Հայքի կորուստը, Կիլիկիայի ստրկացումը, հայ ժողովրդի կոտորածն ու վտարումը իր ծագման շրջանից, Առաջին համաշխարհային պատերազմից հետո անկախության վերականգնման շանսի կորուստը, տեղի են ունեցել մեկ հիմնական պատճառով՝ սառնարյուն համակարգային սցենարային հաշվարկների նկատմամբ ներքին բաժանարար գծերի եւ հակասությունների գերակշռման: Նմանատիպ ճակատագրով այլ ազգերի օրինակը (հրեաներ, իռլանդացիներ) ցույց է տալիս, որ նոր սերունդների գործունեության հիմքում պետք է լինի մեկ հիմնարար նպատակ՝ մեր ազգի անվտանգությունը բոլոր առումներով՝ ֆիզիկական, տնտեսական, մշակութային, հոգեւոր եւ կրոնական:

Այդ նպատակին հասնելու համար հաջողության գլխավոր պայմանը կրթված ազգն է, որը տարբեր ոլորտներում որակյալ մասնագետներ է տալիս: Ցավոք սրտի, այսօր այդ ոլորտում իրավիճակը գրեթե աղետային է: Երկրի գլխավոր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը, համաշխարհային վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 2746-րդ տեղը, Բժշկական համալսարանը հաստատվել է 6904-րդ տեղում, Մանկավարժականը տատանվում է 8117-8118-րդ տեղերի միջեւ: Համեմատության համար նշենք, որ Թեհրանի համալսարանը 390-րդ տեղում է, թուրքական «Սաբանչի» եւ «Կոչ» համալսարանները առաջին տարին չէ, որ հաստատվում են համապատասխանաբար 351-րդ եւ 401-րդ հորիզոնականներում, Բաքվի պետական համալսարանը 801-րդն է, Թբիլիսիի պետական համալսարանը՝ 1001-րդ հորիզոնականում: Մենք սովոր ենք մեզ համարել ինտելեկտուալ եւ կրթված ազգ, բայց դրա հետ մեկտեղ բոլոր ցուցիչներով էապես զիջում ենք մեր բոլոր հարեւաններին, էլ չասենք Իսրայելի մասին, որտեղ երեք համալսարաններ ընդգրկված են թոփ 100-ում: Մեկ այլ ցուցանիշով՝ հրապարակումների թվով, Հայաստանը, ըստ 2017թ. տվյալների, զբաղեցնում է 93-րդ տեղը՝ հետ մնալով ոչ միայն վերոնշյալ երկրներից, այլեւ Տանզանիայից, Կամերունից եւ Մակաոյից: Գրանցված պատենտների թվով մենք 88-րդ տեղում ենք (Իրան՝ 14-րդ, Թուրքիա՝ 20-րդ, Իսրայել՝ 24-րդ, Վրաստան՝ 73-րդ):

Այդ ուղղությամբ ընդհանուր բաղադրատոմսերը շատ պարզ են. պետական բյուջեից կրթության եւ գիտության ֆինանսավորման ավելացում, նպատակային պրոֆիլային նախագծերի ստեղծում, որոնց համար գումար կհավաքվի համայնքներում, դեպի երկրի գիտակրթական միջավայր արտասահմանյան էթնիկ հայ մասնագետների ներգրավման համար պայմանների ստեղծում, պետական եւ զինվորական (սպայական) ծառայության ընդունվելու համար բարձր կրթական ցենզերի հաստատում: Այսօր ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կրթական ծախսերի ցուցանիշով Հայաստանը 121-րդն է (Ադրբեջանը՝ 120-րդ, Վրաստանը՝ 119-րդ, Իրանը՝ 75-րդ, Իսրայել՝ 35-րդ): Վերոնշյալ օրինակները բավականաչափ հստակորեն ի ցույց են դնում ճգնաժամի խորությունն ու լայնությունը, չէ՞ որ կրթությունը եւ գիտությունը որակյալ քաղաքականության եւ կառավարման, ուժեղ տնտեսության եւ սոցիալական զարգացման, ժողովրդագրական անվտանգության եւ առողջապահության, ռազմա-տեխնիկական եւ բարձրտեխնոլոգիական զարգացման հիմնարար տարրերն են:

Երկրորդ պայմանն անձի պաշտամունքի ավանդույթից հրաժարումը եւ պետական համակարգի կառուցումն է: ԱՄՆ-ի առաջին նախագահին է պատկանում անմահ մեջբերումն այն մասին, որ «ազգը, որը մեկ այլ ազգի վերաբերում է սովորական ատելությամբ կամ սովորական բարի զգացմունքներով, որոշակի աստիճանով իր սեփական թշնամանքի կամ բարի զգացմունքների գերին է: Երկուսից ցանկացածն էլ բավարար է, որ նրան հեռացնի իր պարտքից եւ շահերից»: Այս բանաձեւն ավելի քան լավ է նկարագրում հայ ժողովրդի դրությունը մեկ կարեւոր բացառությամբ՝ այդ զգացմունքները հաճախ արտահայտվում են մեր ներսում, միմյանց եւ հատկապես մեր էլիտաների նկատմամբ: Մենք չափազանց հաջողել ենք կուռքեր ստեղծելու վարպետության մեջ, որոնց մենք այսօր կարող ենք սրտի թրթիռով պաշտպանել եւ սիրել, իսկ վաղը՝ ատել եւ ցանկանալ նրանց շուտափույթ մահը: Բոլոր անհաջողություններում կմեղադրվեն հենց նրանք, որոնց իրենց իդեալականացված կերպարներում ժողովուրդը հասցրել է բացարձականացման: Նման մոտեցումը ծնում է «ինչ-որ մեկից» չափից ավելի մեծ սպասումների դասական համակարգ, երբ ամբողջ պատասխանատվությունը կընկնի մեկ անձի, խմբի կամ կուսակցության վրա: Սակայն միանգամայն ակնհայտ է, որ հիմնարար խնդիրները՝ էգոիստաբար սեւեռվելը սեփական «ես»-ի վրա, համընդհանուր ագահությունը, գերռացիոնալությունը եւ կողմնորոշումը դեպի նյութականը, ամենեւին էլ ի հայտ չեն եկել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Արդյոք այդ վիրուսները չե՞ն, որ հետզհետե ոչնչացրել են մեզ ներսից, նրանք չե՞ն, որ «կերել» են մեծ կայսրությունը՝ թողնելով նրանից 29 հազար քառակուսի կիլոմետր:

«Ժողովրդական զգացմունքների կտրականության» էությունը միշտ եւ ամենուր կրում է կործանարար բնույթ, ուստի այն կա՛մ պետք է սանձահարվի, կա՛մ ձեւափոխվի: Այս աշխարհում ոչ մի կենդանի մարդ ունակ չէ լուծելու այդքան բարդ եւ բազմաշերտ խնդիրները, որոնք կուտակվել են ոչ մեկ հարյուրամյակում: Անհրաժեշտ է ստեղծել համակարգ, որը, ի տարբերություն սուբյեկտիվ անհատի, կլինի ազգային շահերի մշտական կրողն ու պահապանը: Դա իրականացվում է իշխանությունը պետական տարբեր ինստիտուտների միջեւ հավասարաչափ բաշխելով: Իրենց ժամանակների մեծ ինտելեկտուալները՝ ֆրանսիացի Շառլ Մոնթեսքյոն եւ ամերիկացի Ջեյմս Մեդիսոնը, համոզված էին, որ իշխանության գործադիր, օրենսդիր եւ դատական ճյուղերը պետք է լրացնեն եւ զսպեն մեկը մյուսին: Սակայն ամենամեծ առավելությունը մեխանիզմների առկայության մեջ է, որոնք թույլ չեն տա մեկ մարդու կամ մի խումբ անձանց լիակատար իշխանություն կենտրոնացնել իրենց ձեռքում: Նման համակարգի աշխատանքի ամենավառ օրինակը Միացյալ Նահանգներն են: Կոնգրեսը հավասարակշռում է Սպիտակ տան վարչակազմի ազդեցությունը, նույն օրենսդիր մարմնի ներսում մրցություն է ընթանում Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի միջեւ, այդ պալատներում պայքար է ընթանում կուսակցությունների միջեւ, որոնք, իրենց հերթին, բաժանված են տարբեր ֆրակցիաների: Բացի պաշտոնական ինստիտուտներից քաղաքական գործընթացների վրա ազդում են ԶԼՄ-երը, ոչ կառավարական կազմակերպությունները, արհմիությունները, հասարակական շարժումները եւ այլն:

«Մոնթեականության» երրորդ դրույթը «Միացում» հայեցակարգի անխախտությունն է (Արցախի ներառումը Հայաստանի կազմում): Դրա հետ կապված՝ հայկական կողմից խիստ անթույլատրելի է ցանկացած հռետորաբանություն, որը կտարանջատի Երեւանին եւ Ստեփանակերտին: Մոնթեն Արցախը տեսնում էր ոչ թե որպես զուտ ֆիզիկական տարածքային միավոր, այլ պատմական արդարության վերականգնման եւ հայ ազգի՝ իր բնական աշխարհաքաղաքական արեալում կենսագործելու իրավունքի պաշտպանության խորհրդանիշ: Հայկական կողմից ցանկացած զիջում կասկածի տակ կդնի ոչ միայն մեր հաղթանակի արդյունքները եւ ապագայի հաջողությունների հույսերը, այլեւ ազգի եւ պետության գոյությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հիանալի հնարավորություն կար կտրուկ փոխել ամբողջ գործընթացի դիսկուրսը՝ ճանաչելով Արցախի անկախությունը: Այդ իրադարձություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը չունի կարգավորման մեխանիզմ, նույնպես կորցրել է իր զսպման գործառույթներն Ադրբեջանի նկատմամբ, որը կանոնավոր կերպով խախտում է հրադադարի ռեժիմը: Բաքվի կողմից անգամ ակնհայտորեն ագրեսիվ գործողությունները պարադոքսային կերպով «ընդմիջվել» են ոչ թե կոնկրետ կողմին հասցեագրված հստակ հայտարարություններով, այլ երկու կողմերին ուղղված՝ «լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր անելու» կոչերով: Միջազգային հանրության կողմից նման անտարբերությունը միանգամայն նորմալ է, չէ՞ որ հայ երիտասարդ զինվորի կյանքի պահպանումն առաջնահերթություն չէ ամերիկացի, ֆրանսիացի կամ ռուս պաշտոնյայի համար:

Քանի որ ճանաչման պահը բաց է թողնված, անհրաժեշտ է այլ՝ ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել: Իմ կարծիքով՝ առաջինը պետք է հայկական սահմանները, հատկապես՝ արցախյան եւ նախիջեւանյան ուղղություններով, անառիկ ամրոց դարձնել, երբ հակառակորդը հստակ կգիտակցի, որ ագրեսիան անօգուտ եւ անհեռանկարային է: Վստահ եմ, որ ռազմական փորձագետները եւ գործիչները գիտեն, թե դրա համար ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել: Մնում է քաղաքական գործիչների աշխատանքը՝ ռեսուրսներ գտնելը: Ըստ իս, երկրի պաշտպանունակության որակապես բարձրացումը կարող է դառնալ նոր գաղափար համազգային ռեսուրսների համապարփակ մոբիլիզացման համար: Մի՞թե 10-միլիոնանոց ազգը, որի համայնքները կոմպակտ տեղակայվել են Լոս Անջելեսից մինչեւ Սիդնեյ, ունակ չէ իր Հայրենիքի պաշտպանությանն ուղղված կանխարգելիչ միջոցների համար գոնե մեկ միլիարդ դոլար հավաքել: Դա նաեւ մեր հայրենասիրության գործնականությունը ստուգելու լավ միջոց է: Մի՞թե հայը արգենտինական Կորդովայից, ֆրանսիական Մարսելից, ամերիկյան Ֆրեզնոյից, ռուսաստանյան Սոչիից եւ լիբանանյան Բեյրութից, որն ակտիվորեն պրոպագանդում է «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքը, իր գրպանից խորհրդանշական միջոցներ չի հատկացնի:

Երկրորդ՝ փոխել բանակցային գործընթացի սկզբունքները: Աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի սահմանների անսասանությունը Հայաստանի եւ հայության անվտանգության անբաժանելի մասն է: Այդ հողի յուրաքանչյուր մետր ունի մետաֆիզիկական նշանակություն եւ պարունակում է մեր կենսապես կարեւոր տարածքի  ամբողջականությունը: Ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ հոգեբանական գործոնը, չէ՞ որ Արցախը ինքներս մեր հանդեպ ունեցած հավատի, պայքարի, հայկական աշխարհի բոլոր մասերի միասնության եւ համազգային հաղթանակի կենդանի խորհրդանիշն է: Աուստրելիցի ճակատամարտում (1805թ.) ավստրիացիների նկատմամբ ֆրանսիական զորքերի տարած հաղթանակից հետո Նապոլեոնը կանչեց արտաքին գործերի նախարար Թալեյրանին եւ տարավ նրան մարտի դաշտ, որը ծածկված էր իրենց զինվորների դիակներով: Նախարարը սրտխառնոց ունեցավ հոտերից եւ խնդրեց կայսրին իրեն քաղաք վերադառնալու հնարավորություն տալ, ինչին Նապոլեոնը պատասխանեց. «Նայե՛ք՝ սրանք ֆրանսիացիներ են, զգացե՛ք այն, ինչ կզգան նրանց հայրերն ու մայրերը, շնչե՛ք այդ հոտերը: Դուք խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ եք վարելու եւ պարտավոր եք հասկանալ՝ ինչպիսին այն չպետք է լինի Ֆրանսիայի համար»: Լինելով որեւէ համոզմունք չունեցող անսկզբունքային պաշտոնյա (սկզբում դավաճանեց թագավորին եւ աջակցեց հեղափոխությանը, հետո հանդես եկավ Նապոլեոնի կողմից ընդդեմ Դիրեկտորիայի, եւ, իհարկե, դավաճանեց Նապոլեոնին)՝ նա չհասկացավ տիրակալի ուղերձը: Ավելի ուշ Նապոլեոնն ուղղակի կտոր-կտոր արեց Թալեյրանի կողմից պատրաստած առաջին երկու փաստաթղթերը, քանի որ դրանք, ըստ նրա, թույլ էին արտահայտում ազգային շահերը:

Մոնթե Մելքոնյանը հանդես եկավ մեր «Նապոլեոնի» դերում՝ հայտարարելով, որ Արցախի կորստով կավարտվի մեր պատմությունը: Ցավոք սրտի, հայկական աշխարհում միշտ եղել են բավարար թվով «թալեյրաններ», այդ իսկ պատճառով յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում, որը մասնակցում է արտաքին քաղաքական որոշումների ընդունմանը, պետք է փորագրված լինեն այդ բառերը՝ ամեն անգամ հիշեցնելով այն գինը, որ ստիպված ենք եղել վճարել ազգի լավագույն որդիներով: Հենց դա է այն անխախտ սկզբունքը, որով մենք պետք է առաջնորդվենք այդ հարցում: Ինչպե՞ս ցույց տալ աշխարհին: Ներկա փուլում անհրաժեշտ է գոնե կնքել պաշտոնական դաշինք՝ հիմնարար փաստաթղթերով, որտեղ սեւով սպիտակին նշված կլինեն Երեւանի գործողությունները հակառակորդի կողմից հերթական հարձակման պարագայում: Զուգահեռաբար անհրաժեշտ է հող նախապատրաստել մասնակի միջազգային ճանաչման համար: Այն պահին, երբ Հայաստանը պատրաստ կլինի այդ քայլին, պետք է լինեն այլ սուբյեկտներ, որոնք կաջակցեն նրան: Սակայն կարճաժամկետ հեռանկարում դժվար կլինի հասնել նրան, որ այդ աջակցությունը ստանանք գերտերություններից (բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնված), ուստի անհրաժեշտ է կենտրոնանալ այլ պետությունների վրա, որտեղ հնարավոր է համապատասխան աշխատանք իրականացնել: Կան պետություններ, որոնք ծանրակշիռ միջազգային ազդեցություն ունեն եւ պատրաստ են անհրաժեշտ մոտեցման դեպքում որոշակի քայլերի գնալ (հասկանալի պատճառներով այդ երկրների անունները չեն բարձրաձայնվի բաց հրապարակման մեջ):

*****

Ընդունված է համարել, որ քաղաքականությունը հասարակական զարկերակի բաբախյունն է, սակայն զսպումների եւ հակակշիռների համակարգի բացակայության պայմաններում ղեկավարը միշտ չէ, որ պետք է գործի դրա ռիթմի հիման վրա, քանի որ այն կարող է սխալական լինել (անգամ, եթե բարի նպատակներ է հետապնդում): Քաղաքացիները տվել են իրենց ձայնը՝ դրանով իսկ փոխանցելով արհեստավարժ որոշումներ կայացնելու արտոնությունը, որից կախված կլինի ազգի եւ պետության երկարաժամկետ ինքնազգացողությունը: Նոր իշխանությունները, ունենալով համընդհանուր լեգիտիմություն, այժմ այս կամ այն որոշումների համար կրում են ամբողջական պատասխանատվություն, եւ «նախկիններն ավելի վատն էին» տեխնոլոգիան այլեւս չի աշխատում:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին