«Աստվածներն» ու «Գեներալները» - Mediamax.am

«Աստվածներն» ու «Գեներալները»
9495 դիտում

«Աստվածներն» ու «Գեներալները»


                                                        Նվիրվում է Հայաստանի Ազգային հերոս
                                                                       Մոնթե Մելքոնյանի հիշատակին


1996 թվականին լույս տեսավ գրող-պատմաբան Ջեֆրի Շաարայի «Աստվածներն ու Գեներալները» գիրքը, որում հեղինակը ներկայացնում է ամերիկյան պատմության ամենաողբերգական էջերից մեկը՝ 1861-1865 թթ. Քաղաքացիական պատերազմը: Շաարան իր նպատակն էր համարում տարբեր տեսակները հստակ տարբերակելու անհրաժեշտությունը: Նա առանձնացրեց երկու հիմնական կատեգորիա. «Աստվածները այն մարդկանց հավաքական կերպարն են, որոնք այդ պատերազմին մասնակցեցին հանուն վեհ բարոյական իդեալների, որոնց ամրությունը կախված չէր կոնֆիգուրացիայի փոփոխությունից: «Գեներալները» արժանապատիվ սպաներ են, որոնք, չնայած բոլոր ներքին կասկածներին, հրամաններ էին կատարում եւ խաղում խիստ կանոններով: Եվ սյուժետային գծում ամենակարեւորն իրական հերոսների վարքագծային մոդելի փոփոխությունն է հետպատերազմական բարդ շրջանում, երբ շատերը հեշտությամբ դավաճանեցին իրենց սկզբունքները հանուն նյութական հարստության եւ դրժեցին իրենց երդումը՝ մնալ ազգի զինվորներ, հեռու մնալով հոգին պղտորող ուժային միջանցքներից: Իսկ մյուսներն ավարտեցին իրենց ուղին՝ հավատարիմ մնալով մեծամասնության համար բարդ գաղափարներին, դրանով իսկ անմահացնելով իրենց անունները եւ դառնալով «Աստվածներ»:

Համացանցի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում է առաջադրված թեզ-հարցն այն մասին, թե որն է Մոնթե Մելքոնյանի եւ Արցախյան ազատամարտի մյուս մասնակիցների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ տարբերությունը: Եթե մի կողմ դնենք պարզունակ հույզերը, ապա այս թեման հետաքրքիր է եւ պետք է կարեւոր քննարկումների հանգեցնի, որոնք կարգի կբերեն մեր ուղեղներում տիրող որոշակի քաոսն ու խառնաշփոթը՝ մեր պատմության տարբեր երեւույթների եւ դերակատարների տեղն ու դերը որոշելու տեսանկյունից: Այս վերլուծությունը եւ այդ հարցի պատասխանը կունենա զուտ սուբյեկտիվ բնույթ (ինչպես եւ ցանկացած այլ, անհատի կողմից գրված վերլուծություն): Իմ կարծիքով՝ Մոնթե Մելքոնյանը, անշուշտ, մի քանի աստիճանով ավելի բարձր է եւ գտնվում է նույն շարքում այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Տիգրան Մեծը, Գարեգին Նժդեհը եւ Անդրանիկ Օզանյանը, որոնց, ըստ Շաարայի փիլիսոփայության, կարելի է դասել «Աստվածների» շարքին: Ինչպե՞ս է դա որոշվում եւ ի՞նչ չափանիշերի հիման վրա է կառուցված է այս թեզի տրամաբանությունը:

Առաջինը՝ բացառիկ նվիրվածությունն է սկզբունքներին եւ իդեալներին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ երբեք չի հանդիպել իր կյանքում մի մարդու, ով այդպես հավատարիմ  եւ կլանված լիներ գաղափարով այնպես, ինչպես Մոնթե Մելքոնյանը: Իսկապես, ինչը կարող էր ստիպել մեծ եւ հարուստ գերտերությունում ծնված մի երիտասարդ տղայի իր «անձնական» ապագան փոխանակել հանուն պատմական արդարության մղվող դժվար բացատրելի պայքարով: Նա կարող էր դառնալ ինչ ուզեր. խոստումնալից գիտնական, որը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ամենախոստումնալից ուսանողներից մեկն էր, քաղաքական գործիչ, զինվորական, դիվանագետ, գործարար եւ այլն: Նրա կրթությունը, աշխատասիրությունը եւ բանիմացությունը բացում էին աշխարհի ցանկացած զարգացած երկրի դռները, սակայն Մոնթեն ընտրեց ազգի ռազմիկի դժվար եւ փշոտ ճանապարհը: Ոմանց համար սա կարող է պաթոսային հնչել, բայց հենց այդպես էին անվանում այն մարդկանց, որոնք գիտակցաբար միացել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ պաշտպանում էին Բեյրութի հայկական թաղամասերը, օգնում էին Իրանի հայ համայնքին, ամեն օր վտանգի էին ենթարկում իրենց կյանքը, զրկվել էին ազատությունից եւ առաջին հնարավորության դեպքում հայտնվեցին Արցախում: Բանտից հետո նա կարող էր հայտարարել իր առաքելության ավարտի եւ իր պարտքը կատարելու մասին, հանգստի գնալ եւ կյանքի մնացած օրերն ընտանիքի հետ անցկացնել: Ահա թե ինչպես վարվեցին անվանի մարտիկներից շատերը. այդ իսկ պատճառով նրանք մնացին «գեներալների» կարգավիճակում:

Երկրորդը՝ պայքար հանուն ազգի եւ պետության: Արցախյան պատերազմի հրամանատարների մեծամասնությունը կռվում էր հանուն իր տան, ընտանիքի եւ հողի, որում ծնվել էր: Մոնթե Մելքոնյանն իդեալական միասնության եւ ներդաշնակության մարմնացումն էր՝ համայնքի եւ Մեծ Հայքի այն հատվածի միջեւ, որը Խորհրդային Միության փլուզման արդյունքում դարձավ անկախ Հայաստանի Հանրապետություն: Նա ֆիզիկապես այնտեղ չէր ծնվել, բայց նրա մետաֆիզիկական վերածնունդը տեղի ունեցավ Հայկական լեռնաշխարհում, որը նա այցելել էր դպրոցական տարիքում: Մոնթեի ուղին ապացուցում է, որ սեփական եսի որոնումը կապված է անձի մշտական եւ անդադար զարգացման գործընթացի հետ: Հայտնի ամերիկացի հոգեվերլուծող Էրիկ Էրիքսոնը նշում է, որ մարդը հնագիտական բլուր չէ, որտեղ պատմությունը զետեղված է շերտերով, այլ մի արարած, որը մեծանալու հետ իր անցյալը ապագայի մի մասն է դարձնում, իսկ անցյալի ցանկացած միջավայրը՝ ներկա միջավայրի մի մաս:

Այսպիսով, ինքնության զգացումը թույլ է տալիս իրացնել սեփական կյանքը շարունակականության համատեքստում տեսնելու ունակությունը, ինչպես հետադարձ, այնպես էլ հեռանկարային առումով: Մոնթե Մելքոնյանը ֆենոմենալ արագությամբ կարողացավ հասնել «ձեռք բերված ինքնությանը»՝ ազատվելով «վաղ ամերիկյան ինքնությունից»: Այդ իսկ պատճառով նա լիովին սովորական էր համարում իր սխրանքները եւ ժամանումն Արցախ: Իսկապես, հայոց պետականության վերականգնման համար մղվող հայի պայքարը լիովին նորմալ երեւույթ է, չէ՞ որ ուժեղ ազգը եւ անկախ պետությունը, նրա տեսանկյունից, գերագույն արժեքներ են: Մոնթեն նաեւ հայ ժողովրդի զարգացման հիմնական խնդիրներից մեկն էր համարում ռազմավարական մտածելակերպով օժտված ազգային ազնվականության բացակայությունը: Նա նույնիսկ իրեն թույլ տվեց քննադատել Տիգրան Մեծին, որը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ վիճելով Հռոմի հետ հանուն Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի, որն այդ ժամանակ կորցրել էր իր կայսրության հանդեպ վերահսկողությունը:

Մեկտեղելով իր մեջ սպային եւ բազմագիտակին՝ Մոնթեն արդեն իսկ հստակորեն տեսնում էր մեր երկարաժամկետ հաջողության կամ ձախողման պայմանները: Այդ իսկ պատճառով նա կրկնում էր, որ Արցախը պայքարի սկիզբն է, այլ ոչ թե վերջը, եւ կորցնելով Արցախը՝ մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Նա խորապես հավատում էր, որ հենց ռազմի դաշտում սեփական եսի եւ սեփական վախերի հետ պայքարի միջոցով կարելի է գտնել խաղաղության եւ բարգավաճման ուղին: Նա կանխատեսեց, որ հայ ժողովուրդը պետք է անցնի երկար ու բարդ ճանապարհ:

Ուստի տեղին հարց է ծագում. եթե նույն Սերժ Սարգսյանը կամ Մանվել Գրիգորյանը ոչնչով չէին զիջում Մոնթե Մելքոնյանից, ապա ինչու չամրապնդեցին Հայաստանի պետական դիմադրողականությունը, ունենալով երկիրն Անդրկովկասյան գերտերության վերածելու բոլոր հնարավորությունները: Ի՞նչն էր նրանց խանգարում շարունակել պայքարը եւ դուրս գալ  նոր քաղաքական եւ տնտեսական սահմաններ: Ցավոք, աշխարհիկ կյանքը, մեծ քաղաքականությունը եւ նյութապաշտությունը սպառեցին այն բոլոր գաղափարներն ու իդեալները, որոնք ազատագրական պատերազմի ժամանակ նույն «հավաքական Սարգսյանի» մոտիվացիոն շարժիչն էին:

Մոնթեն խնամքով էր վերաբերվում յուրաքանչյուր զինվորին, տանը, ընտանիքին, տանկին եւ նույնիսկ մի շիշ ջրին՝ գիտակցելով, որ խիստ սահմանափակ միջոցներ ունեցող փոքր ժողովրդի համար այլ մոտեցումն անթույլատրելի է: Պատմությունը չի հանդուրժում ենթադրական եղանակը, բայց ես համոզված եմ, որ նման սկզբունքներ եւ հատկանիշներ ունեցող մարդը չէր դառնա իշխանության եւ նյութապաշտության գերին, քանի որ ճակատագիրը բազմիցս նրան փորձել էր: Եվ,ամենակարեւորը, Մոնթեն հաղթանակներն անձնավորելու սովորություն չուներ, սակայն պատրաստ էր  պատասխանատվություն ստանձնել անհաջողությունների համար՝ թույլ չտալով որեւէ շահարկում, որը կարող էր վնասել ազգային խնդիրների լուծմանը: Նա չէր շաղկապում պետությունը որեւէ անձի հետ, չէր համարում անձնական շահը կատեգորիկ աբսոլյուտ, հանուն որի կարող է վտանգել ազգային շահերը: Մոնթե Մելքոնյանը մեզանից ավելի լավն էր, եւ հիշելով նրան՝ մենք ձգտում ենք գոնե մի քիչ նմանվել նրան:

Հանգչիր խաղաղությամբ, հայոց աշխարհի մարտիկ, Տիգրան Մեծի հետնորդ եւ նրա առաքելությունը շարունակող: «Աստվածները» չեն մահանում:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին