Առանց «իզմ»-երի, բայց ժողովրդավարությա՞մբ - Mediamax.am

Առանց «իզմ»-երի, բայց ժողովրդավարությա՞մբ
8160 դիտում

Առանց «իզմ»-երի, բայց ժողովրդավարությա՞մբ


Գործող իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներից շատերում եւ միջազգային հարթակներում ակտիվորեն ընդգծում են, որ անցյալ տարվա իրադարձությունները նպաստեցին երկրում իրական կամ իսկական ժողովրդավարության հաստատմանը: Առաջատար քաղաքական ուժը, որը խնամքով ժխտում է «իզմ»-երը, հենց այս ապրանքն է փորձում վաճառել ներքին (հաջողությամբ) եւ արտաքին (պակաս հաջողությամբ) շուկաներում: Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ ժողովրդավարությանը հասնելու այսպիսի արագությանը կնախանձեին շատերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան: Այստեղ մի քիչ այլ խնդիր է, կամ, եթե ավելի հստակ լինել՝ ժողովրդավարության պես բարդ եւ հակասական ֆենոմենի առանձնահատկությունների ընկալման լիակատար բացակայությունը: Պլատոնի ժամանակներից ի վեր՝ աշխարհի գիտնականները չեն կարողանում միասնական սահմանում տալ տվյալ հասկացությանը եւ առանձնացնել այն կազմող սկզբունքների համակարգը: Օրինակ, Խորհրդային Միությունը արդյոք ժողովրդավարությո՞ւն էր: Ինչ-որ մեկը բացասական պատասխան կտա՝ անվանելով ԽՍՀՄ-ը «չարիքի կայսրություն» կամ «ազգերի բանտ», բայց չէ՞ որ հենց բոլշեւիկները վերջ դրեցին էլիտար միապետությանը եւ սահմանեցին աշխատավորների դիկտատուրան, որը շատ գիտնականների կողմից սահմանվում է որպես ժողովրդավարության բարձրագույն ձեւ:

 

Մենք 30-ականների Գերմանիան կվերագրե՞նք արդյոք ժողովրդավարություններին, որտեղ, մեծամասնության կամքով ռեյխսկանցլեր ընտրվեց մի մարդ, որը արյունալի համաշխարհային պատերազմ սկսեց եւ սպանեց վեց միլիոն հրեայի: Ամերիկայի պետության հիմնադիր հայրերը, հետեւելով Մոնտեսքյոյի պատգամներին, ասում էին, որ բոլոր մարդիկ ծնվում են հավասար, եւ հենց ժողովրդի մեծամասնությունն է իշխանության միակ աղբյուրը: Զարմանալի է, բայց ազատության եւ հավասարության այնպիսի ջատագովներ, ինչպիսիք էին Ջորջ Վաշինգթոնը, Ջեյմս Մեդիսոնը եւ Բենջամին Ֆրանկլինը, մինչեւ կյանքի վերջ ստրուկներ էին պահում եւ նրանց ժառանգում իրենց հետնորդներին՝ չցանկանալով ազատություն շնորհել իրենց ծառաներին: Մեդիսոնը, որը հետեւողականորեն պաշտպանում էր անկազմակերպ մեծամասնության շահերի գերակայության մասին թեզը, այնուամենայնիվ, եկավ այն եզրահանգմանը, որ զգացմունքներին եւ հույզերին տրվող ժողովուրդը կարող է սխալ ընտրություն կատարել: Ահա թե ինչու ԱՄՆ-ում ժողովրդավարությունը դրսեւորվում է տարբեր ձեւերով. առանձին քաղաքացու ձայնով ընտրվում են նահանգապետը կամ սենատորը, այլ ոչ թե նախագահը, որին ընտրում է ընտրողների կոլեգիան: Ավելորդ է նշել, որ ժողովրդավարության տեսլականը Տեխասում շատ կտարբերվի Կալիֆոռնիայում առկա տեսլականից:

 

Այս եւ շատ այլ օրինակներ ցույց են տալիս ժողովրդավարության հակասական բազմատեսակությունը: Շատ կարեւոր հասկացությունների պարզեցումը հաճախ թույլ չի տալիս գծել նրանց միջեւ անհրաժեշտ սահմանները: Ըստ իս, ժողովրդավարությունը չի կարելի դարձնել նեղ քաղաքական ձեւ եւ իշխանությունն իրացնելու մեթոդ: Իրական ժողովրդավարությունն ազգի եւ նրա պետական ինստիտուտների զարգացման անվերջ գործընթաց է: Չափազանց ինքնավստահ եւ աններելի պահվածք կլիներ կարծել, որ հայ ժողովուրդը մեկ տարվա ընթացքում կարողացել է մարդկային պատմության մեջ աննախադեպ հրաշք գործել՝ ինքնաճանաչողությամբ զբաղվել, հայտնաբերել բոլոր խնդիրները բացահայտելու երեւութային խնդիրները եւ դրանք լուծելու մեխանիզմներ մշակել: Եթե մենք հեռանանք հուզական բաղադրիչից եւ դադարենք լուրջ ընդունել պոստմոդեռնիստական պոպուլիզմի տեխնոլոգիաները, ապա կհասկանանք, որ մեր արժեքային եւ քաղաքական ճգնաժամն ավելի խոր արմատներ ունի եւ սկսվել է նախքան ներկայիս Հայաստանի Հանրապետության ձեւավորումը: Բոլոր համակարգային խնդիրները, որոնք ամեն անգամ ոչնչացրել են հայկական պետականությունը, մենք սովոր ենք բարդել սեփական ղեկավարների կամ արտաքին ուժերի վրա:

 

Կրիտիկական թույլ կողմերը բացահայտելու նպատակով իրականացվող ինքնաքննադատությունը մեր հասարակության մեջ չափազանց քիչ տարածում ունի: Սակայն, իմ կարծիքով, հենց այս հատկությունն է իրական ժողովրդավարության առանցքային տարրը: Ամերիկան, որին հաճախ անվանում են «ժողովրդավարության փարոս» եւ «ազատ աշխարհի» առաջնորդ, մինչ օրս չի կարող նման համոզվածությամբ հայտարարել իսկական ժողովրդավարության հաստատման մասին: Նրանք ստրկությունը վերացրել են Անկախության հռչակագրի ընդունումից 89 տարի անց, իսկ ռասայական սեգրեգացիան կարողացան հաղթահարել միայն 20-րդ դարի 80-ական թվականներին: Սակայն, նման առաջընթացը անհնար կլիներ առանց ամերիկյան ազգի ինքնակատարելագործման, որն անցել էր եղբայրասպան քաղաքացիական պատերազմով: Փոփոխությունները հեշտ չէին տրվում, եւ դրանք, անկասկած, չէին կարող տեղի ունենալ, եթե Վաշինգթոնը կամ Լինքոլնն այդ ժամանակ հայտարարեին ժողովրդավարության հաստատման մասին, իսկ Ադամսը (Վաշինգթոնի օրոք փոխնախագահը) եւ Ջոնսոնը (Լինքոլնի օրոք) խիզախորեն եւ անվերապահ հայտարարեին, որ հենց Ամերիկան, այլ ոչ թե պայմանական Ֆրանսիան է «աշխարհում ժողովրդավարության բաստիոնը»:

 

Էլիտայի ներկայացուցիչները, որոնք սիրում են մեջբերել Արիստոտելին, պետք է նաեւ հաշվի առնեն նրա կարեւորագույն թեզերից մեկն առ այն, որ «շատ վայրերում պետական կառուցվածքը ժողովրդավարական չէ տեղական օրենքների պատճառով, սակայն այդպիսինն է գերիշխող սովորույթների եւ ընդհանուր կենսաձեւի պատճառով»: Հնդկաստանի կաստային համակարգը հակասու՞մ է ժողովրդավարությանը: Կարծրատիպային ձեւով դեմոկրատ հանդիսացող ֆրանսիացին եւ ամերիկացին կանվանեն այն վայրի մնացուկ եւ իրավունքների խախտում, իսկ իրական դեմոկրատները կասեն, որ դա պատմական առանձնահատկություն է, որի պահպանությունն ու անհետացումը կախված է հասարակության պատրաստակամությունից՝ առաջընթա՞ց ապրել, թե՞ կոնսերվացնել գործող մոդելը: Սակայն հասկանալու համար, թե ինչպիսի ժողովրդավարություն է անհրաժեշտ քո երկրին, հարկավոր է ունենալ այս կամ այլ արժեքային եւ գաղափարական դրույթները, որոնք միշտ արտահայտվում են «իզմ»-երի միջոցով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջ ցենտրիստական «Լիկուդ» կուսակցության առաջնորդն է, Դոնալդ Թրամփը հանրապետական է, որը գործնականում իրացնում է ջեքսոնականության (ազգայնականություն, պրոտեկցիոնիզմ) գաղափարական մոտեցումները, իսկ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցությունից նեոլիբերալիզմի մոտեցումների կողմնակիցն էր: Սպիտակ տան գործող ղեկավարը ժողովրդավարությունը տեսնում է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների ներկայացուցիչների մուտքը Նահանգներ արգելելու մեջ: Միեւնույն ժամանակ, նրա նախորդը կարծում էր, որ ժողովրդավարության սկզբունքների իրականացումը ներգաղթյալների համար զանգվածային համաներումն է եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունների գրանցման մասին դաշնային օրենքի ընդունումը:

 

Այլ կերպ ասած, «իզմ»-երը կենսական նշանակություն ունեցող ուղենիշեր են, որոնց միջոցով քաղաքացին պետք է կատարի իր ընտրությունը: Ալեքսանդր Համիլթոնը նշում էր, որ գաղափարախոսական հայեցակարգերի ջնջումը հանգեցնում է անհատի (դառնում է ուղենիշ) կամ ազդեցության նեղ խմբի բռնատիրությանը, որը կոնկրետ գաղափարների փոխարեն առաջարկում է սուբյեկտիվ հավատ: Նույն Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը քաղաքականացնելը իրական ժողովրդավարության նշա՞ն է: Կասկածելի է՝ հաշվի առնելով, որ նախկինում նախագահ Արմեն Սարգսյանը, որին հազիվ թե կարելի է անվանել հակապետական կոռումպացված, բռնապետի վարքագծով պաշտոնյա, առաջադրել էր հինգ տարբեր պրոֆեսիոնալ թեկնածուների (որոնք նախկին քաղաքական ղեկավարության որեւէ աղերս չունեին), որոնք կասեցվեցին մեծամասնություն կազմող կուսակցության կողմից: Ինչո՞ւ: Նրանց ձեռք էր տալիս միայն սեփական թեկնածուն, այլ ոչ թե այնպիսի մի մարդ, որը հեռու էր քաղաքական ինտրիգներից եւ ծառայում էր օրենքին: Ժողովրդավարությունը հետեւողական հավատ է անսասան սկզբունքներին, որոնք չի կարելի դնել գրպանում եւ հանել միայն հարմար դեպքերում: 

 

Իմ կարծիքով՝ բռնապետությունից ավելի վատ կարող է լինել միայն ընտրովի ժողովրդավարությունը: Բռնապետությունն իր ձեւով վնասակար է եւ արատավոր, բայց իր դրսեւորմամբ անկեղծ է եւ թափանցիկ, իսկ ընտրովի ժողովրդավարությունը կեղծավոր է: Նախկին իշխանությունների ձախողումը կապված էր ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների (կոռուպցիա, խնամիություն եւ այլն), այլեւ այն գիտակցման լիակատար բացակայության հետ, թե ինչպիսի գործիքների միջոցով կերտել պետությունը եւ ինչ նյութերից ստեղծել քաղաքական ազգը: Մարդիկ դադարել էին հավատալ, չէին տեսնում լույսը թունելի վերջում եւ հետեւեցին նրանց, ովքեր մի փոքր բարձրացրին դռնակը, լույս ներս թողեցին՝ վերադարձնելով փոփոխությունների հույսը: Սակայն, իշխանությունն իր բնույթով նման է ճահճի, եւ մարդը սուբյեկտիվ հատկանիշներից բաղկացած էակ է, որը չի կարող չսխալվել եւ չենթարկվել այս կամ այլ գայթակղությանը: Ջորջ Վաշինգթոնը դեմ չէր Միացյալ Նահանգների առաջին առաջնորդի տիտղոսին եւ այդ ժամանակ Անկախության պատերազմի հերոսը կունենար մեծամասնության աջակցությունը: Այնուամենայնիվ, գիտակցելով իր պարտքը ազգի նկատմամբ, նա համաձայնել էր գաղափարախոսների հետ, որ կարեւոր է հիմնադրել այնպիսի նոր համակարգ, որը կդաստիարակի որակյալ ամերիկացու, որը հավատում է իր երկրին եւ հպարտանում է նրանով:

 

Հանճարեղ Մեդիսոնը սիրում էր կրկնել, որ «եթե մարդիկ հրեշտակներ լինեին, կառավարություն պետք չէր լինի, եւ եթե մարդկանց կառավարեին հրեշտակները, կառավարությունը որեւէ վերահսկողության կարիք չէր ունենա»: Անցյալի սխալներից խուսափելու, ժողովրդին ազգ դարձնելու եւ այն պետական ռելսերի վրա դնելու համար անհրաժեշտ է սկսել զսպումների եւ հավասարակշռումների համակարգ ձեւավորելու գործընթացը, որն աստիճանաբար բոլորին ստիպելու է խոնարհվել օրենքի գերակայության՝ իսկական ժողովրդավարության հիմնական ուղեկցի առջեւ: Սա այնքան էլ դժվար չէ անել՝ հաշվի առնելով, որ հիմնական «իզմ»-երը մեզ փոխանցվել են հնուց ի վեր՝ հայրենասիրություն, միասնություն եւ մտավորականություն:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին