Մոմերը վառեցին, ու տան մեծերը սկսեցին հեկեկալ - Mediamax.am

Մոմերը վառեցին, ու տան մեծերը սկսեցին հեկեկալ
3656 դիտում

Մոմերը վառեցին, ու տան մեծերը սկսեցին հեկեկալ


Այդ օրը տատիկիս տանն էինք՝ Քանաքեռում: Ուրախ էինք, շա՜տ ուրախ: Դե՜, փոքր էինք, տխրելու պատճառ չունեինք: Մամայենք սուրճ էին խմում, ասում-խոսում, մենք էլ վազվզում էինք, խաղում, ծիծաղում: Մեկ էլ հատակը գնաց-եկավ, ու մերոնք սարսափահար, իրար խառնված, մեզ դուրս հանեցին տանից: Քիչ հետո պապան եկավ հեւիհեւ` ներկոտ վրձինները մեքենայում: Պապան նկարիչ է, ցերեկը միշտ նկարում է, իսկ երեկոյան հատուկ նյութերով լվանում վրձիններն ու տուն գալիս: Այսպես՝ արդեն 45 տարի: 35-ին ես էլ եմ ականատես եղել,  հիշում եմ 31-ը: Ու ամեն անգամ, երբ պիտի շտապ դուրս գար արվեստանոցից, ներկոտ վրձինները վերցնում էր իր հետ, որ տանը լվանար, չփչանային: Հենց պապային տեսա վրձինների տրցակով, հասկացա, որ էլի մի բան եղել է: Վազեցի, փաթաթվեցի ոտքերին: Պապան մամային կանչեց մի կողմ ու ականջին ինչ-որ բան շշնջաց: Մաման գունատվեց: 

 

Նստեցինք մեքենան ու տուն գնացինք:  Միանգամից շենք չմտանք, երկար ժամանակ փողոցում մնացինք: Լի՜քը մարդ կար փողոցում. մտածում էի՝ ի՜նչ լավ կլիներ, որ մեծերը սենց իջնեին փողոց, նստեին իրար կողքի, զրուցեին, մենք էլ խաղայինք ու խաղայինք: Պապան մամային ասաց՝ Լենինական է գնում: Գնաց: Մենք էլ տուն բարձրացանք: Մաման զարդերը, տան բանալին, մի քանի տաք շոր ու ծածկոց մի տոպրակով դրեց դռան մոտ ու նստեց մեր կողքին: Մաման չէր խոսում, մենք էլ չարություն չէինք անում: Սպասում էինք: Ինչի՞ն՝ չգիտեմ: Մի քանի ժամից պապան հետ եկավ: Մեզ չգրկեց: Մամայի հետ խոհանոց մտան, դուռը փակեցին: Միայն լսեցի, որ կես ճանապարհից հետ է եկել, ավելի ճիշտ՝ հետ են ուղարկել. այնքան շատ մարդ է ճանապարհ ընկել դեպի Լենինական, որ խցանումներ են առաջացել, ու մարդկանց խնդրել են հետ գնալ, որ ճանապարհները բացվեն: 

 

Մի քանի շաբաթից նոր տարի էր: Այդ տարի մենք տոնածառ չդրեցինք, մաման նապոլեոն չթխեց, չարազն ու շոկոլադները ապակե բալոններում չփակեց,  մայրաքաղաքային աղցան չպատրաստեց, պապան նվերները թաքուն չդասավորեց մահճակալների տակ:

 

Նոր տարվա գիշերը հավաքվեցինք հորեղբորս տանը: Սովորական ճաշի սեղան էր, դաշնամուրին՝ մոմեր: Երբ կեսգիշերը եկավ, մոմերը վառեցին: Հեռուստացույցով ինչ-որ երգ միացավ: Ու տան մեծերը սկսեցին հեկեկալ: 

 

Հայրս ու հորեղբայրս տղա չունեն: Ու ես հիշում եմ՝ այդ տարի ոնց էին ամեն անգամ մեծերով հավաքվելիս խոսում տղա որդեգրելու մասին: Չստացվեց: Ասում են՝ պետությունը թույլ չտվեց:

 

Ես այնքա՜ն շատ կուզեի եղբայր ունենալ: 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին