Սերը Գեւի մեջ, կամ հակառակը - Mediamax.am

Սերը Գեւի մեջ, կամ հակառակը
2780 դիտում

Սերը Գեւի մեջ, կամ հակառակը


Գեւը հանելուկներ շատ է սիրում: Երբ փոքր էր` 4-5 տարեկան, ասում էր` հեքիաթ մի պատմի, հանելուկներ ասա, ես գուշակեմ: Սկզբում լուրջ-լուրջ մտածում էր, փորձում ճիշտ, այսինքն`գրքային պատասխանը գտնել, հետո որոշեց, որ այդ պատասխանները լավը չեն, ու սկսեց ի՛ր պատասխանները հորինել: Դրանք հիմնականում զվարճալի էին. միասին զարգացնում էինք սյուժեն, ուրախանում, հետո փակում գիրքն ու բարի գիշեր ասում: 

 

Մի գիշեր սովորականի պես բացեցի հանելուկների գրքույկն ու առաջին պատահածը կարդացի. «Թեեւ չենք տեսնում ու չենք շոշափում, բայց նրանով ենք ապրում ու շնչում: Իմացիր` ի՞նչ է անունը նրա՝ անչափ կարեւոր աշխարհի վրա»։ Պատասխանը հակառակ ուղղությամբ գրված էր՝ «օդը»: Մինչ Գեւը մտածում էր, ես բանալի բառերով հուշում էի`«ախր շատ հեշտ է, Գե՛ւ, եթե հիմա դա չլինի, մենք էլ չենք լինի»:  Տեսա`չի պատասխանում, ինքս ասացի պատասխանը: Գեւին դուր չեկավ: Ասաց`«չէ՛, մա՛մ, օդը չի, սերն ա»: Գեւը քնեց, ես երկար արթուն մնացի: 

 

Արդեն 10 ամիս է`Գեւի սիրո ամենամեծ չափաբաժնի հասցեատերը փոխվել է: 10 ամիս առաջ Գեւին մի կերպ էինք արթնացնում, որ դպրոցից չուշանա: Հիմա ինքն է մեզ արթնացնում, որովհետեւ գալիս է եղբորը սիրելու: Եղբայրն էլ Գեւին տեսնում, աշխարհը մոռանում է: Մեկ-մեկ լսում եմ` ոնց է Վահանին թաքուն սիրելիս  ասում` «մեռնեմ ջանիդ»:  

 

Հետո գնում է հագնվելու: Գեւն ունի սիրելի ու չսիրելի հագուստ: Եթե դրված է սիրելին, ուրախանում է, իսկ եթե ոչ, էլի հոգ չէ, կհագնի, որ մաման չնեղվի: Գեւն արդեն ինքն է հավաքում իր անկողինը, ճաշելուց հետո ափսեն դնում է լվացարանի մեջ ու շնորհակալություն ասում: Գեւն անգամ հեռախոսով ձայնս լսելիս է հասկանում` ես ուրախ եմ, թե ոչ: Մի քանի օր առաջ հոգնած թիկնել էի բազմոցին: Գեւը մոտեցավ, գիտեր՝ քնած եմ, սկսեց շոյել գլուխս: Ասացի՝ հիմա վեր եմ կենում, քեզ համար ճաշ պատրաստեմ: Չթողեց: «Մա՛մ, ես ամեն ինչ կանեմ, մենակ դու հանգստացի»՝ ասաց ու վազեց խոհանոց: 

 

«Գեւ, գիտե՞ս, կան երեխաներ, որ իրենց մամաներին ոչ մի բանով չեն օգնում»,- մի անգամ ասացի Գեւին: Գեւը չընկալեց: Ասում է՝ «այսի՞նքն, մա՛մ, իրենք ովքե՞ր են»: Գեւի համար սիրելի մարդուն չօգնողը այլմոլորակայինի պես մի բան է: 

 

Գեւը սիրում է համով ու սիրուն ուտելիքներ՝ սիրուն ափսեներում: Ամենահամով պատառն անգամ առաջինը սիրելիներին է առաջարկում: Որ չենք վերցնում, նեղվում է: Ասում է` ուրեմն ես էլ չեմ ուտի:

 

Գեւը սիրում է իր ուսուցիչներին, երեւի դրա համար էլ հավեսով է գնում դպրոց: Արձակուրդներից հետո էլ միշտ վազում, գրկում է նրանց: 

 

Գեւը հավեսով էր գնում նաեւ մանկապարտեզ, որովհետեւ սիրում էր ընկեր Սիրարփիին ու ընկեր Կարինեին: Մի անգամ, հիշում եմ, մանկապարտեզի ճանապարհին խնդրեց` ծաղիկներ գնեմ ընկեր Սիրարփիի համար: Ուրախ-ուրախ տարել, նվիրել էր: Հետո` քնի ժամին, ընկեր Սիրարփին, առանց փոխզիջումների գնալու, Գեւին եւս պառկացրել էր քնելու: Գեւն էլ թե`«իզուր էլ Ձեզ ծաղիկ նվիրեցի»:

 

Գեւը սիրում է ծաղիկներ: Գեւը սիրում է, երբ իր նվիրած ծաղիկները հիացմունքով են ընդունում: Ու ես միշտ իր`բակում գտած ծաղիկը դնում եմ մազերիս մեջ: Ու ինքը աչքերը խոնարհելով ժպտում է, հետո ասում, որ ես շատ սիրուն եմ: 

 

Բելգիայում մի ընկեր ունենք՝ գրեթե 80 տարեկան։ Հենց բելգիացի է։ Մի քանի ամիսը մեկ ինձ նամակ է գրում, շատ հակիրճ, բայց եւ՝ առանց բացթողման, պատմում իր, կնոջ ու թոռների մասին, խնդրում մեր նկարներից ուղարկեմ։ Հիշում է բոլորիս անունները՝ մեծից փոքր։ Հարցնում է յուրաքանչյուրիս մասին՝ ակնկալելով նույնքան խնամքով պատասխան։ Ու ես, ինչով էլ զբաղված լինեմ այդ պահին, դնում եմ մի կողմ ու պատասխանում. մտածում եմ՝ քանի չի հեռացել համակարգչից, արագ կկարդա ու կզգա, որ մի՛շտ սպասում եմ իր նամակներին։ Մի քանի օր առաջ նոր նամակ եմ ստացել՝ վերջում. «Love each other, because life is short. What means 80 years in the eternity?»։ Հայերեն կստացվի այսպես՝ «Սիրեք իրար, քանի որ կյանքը կարճ է: Ի՞նչ ասել է 80 տարի՝ հավերժության մեջ»:

 

Գեւը 80 չէ, 10 անգամ փոքր է: Գեւը գիտի՝ ինչ է սերը: Գեւը սիրուն է սիրում: 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին