Առավոտը սկսում ենք ֆեյսբուքյան ստատուսներից, հետո անցնում լուրերին, հետո աչքի պոչով հետեւում կապույտ էկրանի պատկերներին, հետո նորից ֆեյսբուքին ու այսպես անվերջ: Իրականությունն է սա ու թվում է՝ ոչինչ անել հնարավոր չէ. պետք է նայենք, թե ինչ են գրել մեր հազարավոր ընկերները, եւ ինքներս էլ գոնե մի քանի բառ ու լուսանկար թողնենք ֆեյսբուքի սերվերներում:
Երբ 2-3 տարի առաջ ֆեյսբուքը սկսեց փոխել լրահոսի ցուցադրման սկզբունքները, մենք հանկարծ նկատեցինք, որ տեսնում ենք մեր ընկերների միայն մի փոքր մասի գրառումները: Այսինքն, ֆեյսբուքը սկսեց մեր փոխարեն զտել տեղեկատվական հոսքը: Դժգոհեցինք, վրդովվեցինք, սակայն ոչինչ չփոխվեց: Այսօր միջին վիճակագրական օգտատերը տեսնում է իր ընկերների գրառումների մի չնչին մասը:
Երբ դժգոհում ենք ֆեյսբուքյան գրառումներից, մեր կարծիքը չկիսող ընկերներից, մեր նկարները լայք չանողներից եւ շատ ու շատ այլ վիրտուալ «չուզողություններից», գուցե մի պահ մտածե՞նք, որ ֆեյսբուքը մեծ օգուտ է տվել մեզ: Եթե տեսնում ենք մեր ընկերների գրածների մի փոքր մասն ու նյարդայնանում, պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե տեսնեինք բոլոր գրառումները:
Կատակը՝ կատակ, բայց առանց տեղեկատական ֆիլտրերի ուղղակի անհնար է: Որքան էլ ամեն ինչ իմանալու ձգտումը մեծ լինի եւ խելացի լինելու տպավորություն թողնի, պետք է ընդունենք, որ բոլոր տեղեկություններին հետեւել հնարավոր չէ:
Հնարավոր չէ մշտապես իմանալ, թե ինչ է ասել Հռոմի պապը, Սաակաշվիլին գրոհե՞լ է Հոկտեմբերյան պալատը Կիեւում, թե՞ մինչ նոր քաղաքացիական պատերազմը դեռ ժամանակ կա: Հնարավոր չէ իմանալ կառավարության բոլոր որոշումները, պատգամավորների անվերջանալի հայտարարությունները, ընդդիմության մարտավարությունը, դե, իսկ Թրամփի ու Պուտինի մասին խոսելն էլ ավելորդ է:
Ավելին՝ ոչ միայն հնարավոր չէ, այլեւ իմաստ չունի եւ ժամանակի անօգուտ վատնում է: Երբեմն ինձ հարցնում են՝ լսեցի՞ր էսինչի խոսքը, ու երբ բացասական պատասխան են ստանում, զարմանում են: Ոչ, չեմ լսել, քանի որ ամեն ինչից տեղյակ լինելու օգուտը լավ չեմ պատկերացնում:
Արդեն մի քանի տարի է, ինչ գծել եմ կայքերի ու հետաքրքրությունների այն սահմանը, որից հազվադեպ եմ դուրս գալիս: Այլ կերպ հնարավոր չէ: Եթե աշխատանքով կամ անձնական հետաքրքրություններով պայմանավորված այդ սահմանը փոփոխվի, բնականաբար, կսկսեմ հետեւել նոր շրջագծին:
Կարծում եմ՝ պետք է լուրերն առավելագույնս զտել, որպեսզի մյուս՝ առավել կարեւոր գործերի համար ժամանակ մնա, եւ լրահոսը չվերածվի հոգնեցնող, սակայն ոչինչ չտվող տեղեկությունների կույտի:
Կարդացեք բացառապես այն, ինչ անհրաժեշտ է ձեզ: Մնացածը բաց թողեք, ու վստահ եղեք, որ ձեր կյանքում դեպի վատը ոչինչ չի փոխվի:
Միքայել Յալանուզյանը լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: