Մենք դատապարտված ենք կողմնակալ լուրեր կլանելու - Mediamax.am

Մենք դատապարտված ենք կողմնակալ լուրեր կլանելու
5119 դիտում

Մենք դատապարտված ենք կողմնակալ լուրեր կլանելու


Նախօրեին Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպի մեդիա լուսաբանումը մեկ անգամ եւս փաստեց, որ մենք, թերեւս, հայտնվել ենք միակողմանի լուրերի աշխարհում: Հոդվածը նվազագույնը երկու աղբյուրի հիման վրա գրելու լրագրողական կանոնը վաղուց այլեւս ոսկուց չէ: Լրատվամիջոցներից շատերն առաջնորդվում են «կգրեմ, եթե հետո պարզվի, որ սխալ է կամ կա նաեւ այլ տեսակետ, հերքում կամ լրացում կտամ»:

Այս պայմաններում էապես մեծանում է ընթերցողի դերը, որը չպետք է հանդուրժի մեդիա կողմնակալությունը՝ նվազեցնելով «չուռնալիզմ» հասկացության տարածումը լրատվամիջոցներում: Երեկ մենք տեսանք հակառակ պատկերը, երբ միայն ծնողի պատմածի հիման վրա գրված նյութն արագորեն տարածվեց՝ դպրոցի, տնօրենի եւ մի քանի առաջին դասարանցիների դեմ տրամադրելով հանրային կարծիքը: Թեեւ մի քանի ժամ անց որոշ լրագրողներ հանրությանը ներկայացրին նաեւ տնօրենի պարզաբանումը, սակայն գնացքն արդեն շատ էր հեռացել՝ սոցցանցերի հարյուրավոր օգտատերեր տարածել էին տեղեկությունը՝ իրենց վրդովմունքն ու զայրույթը, ոմանք նաեւ՝ հայհոյանքներն ուղղելով դպրոցի ղեկավարությանը:

Պետք է ասել, որ այսօրինակ դեպքեր հաճախ են պատահում մեր մեդիադաշտում, ինչպես նաեւ պետք է արձանագրենք, որ միակողմանի տեղեկությանը հաջորդած հերքումները երբեք համարժեք ազդեցություն չունեն եւ ինչ-որ տհաճ նստվածք, այնուամենայնիվ, մնում է:

Առաջ է գալիս հայտնի հարցը՝ ի՞նչ անել: Կարծում եմ, որ չպետք է հուսահատվել, պետք է մշտապես խոսել, գրել մեդիայի խնդիրների մասին, կրթական համակարգում զարկ տալ մեդիագրագիտությանը, իսկ մարդկանց մշտապես ծանոթացնել քննական մտածողության սկզբունքներին: Պետք է միշտ հիշել, որ մարդ արարածը, ցավոք սրտի, դեռ չի հրաժարվել ստելու իր բնատուր կարողությունից:

Ու մի բան էլ. սա՛ է 21-րդ դարի տեղեկատվական հասարակության առանձնահատկությունը: Որքան էլ դժվար լինի, երբեմն պետք է առավել հանգիստ վերաբերվել մեդիայում հրապարակվող նյութերին ու չշտապել քննադատել մարդկանց ու իրադարձությունները՝ առանց ծանոթանալու միջադեպի բոլոր դրվագներին:

Միքայել Յալանուզյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին