Իջնել «Ֆեյսբուքի ասեղից» եւ գրավել ընթերցողին - Mediamax.am

Իջնել «Ֆեյսբուքի ասեղից» եւ գրավել ընթերցողին
1592 դիտում

Իջնել «Ֆեյսբուքի ասեղից» եւ գրավել ընթերցողին


Այս տարվա հունվարից Ֆեյսբուքի նոր փոփոխությունները հայկական մեդիադաշտին ստիպեցին բովանդակությունը ընթերցողին հասցնելու նոր ուղիներ փնտրել։ Ոմանք բացում են ֆեյսբուքյան խմբեր (սոցցանցի հսկան խոստացել է «ձեռք չտալ» խմբերին), ոմանք՝ նոր էջեր այլ ցանցերում: Հասկանալի է՝ բոլորն էլ ուզում են մեծ լսարան ունենալ։

Սոցիալական ցանցը վաղուց վերածվել է տեղեկությունների բաշխման (դիստրիբուցիայի) հարթակի. լրատվական դաշտը ստեղծում է բովանդակություն, որը Ֆեյսբուքը, Գուգլը եւ մյուսները հասցնում են ընթերցողին։ Կարծիք կա, որ տեղեկատվական դաշտում պայքարն ընթանալու է (եթե արդեն չի ընթանում) հենց դիստրիբյուտորների միջեւ՝ դուրս մղելով բովանդակություն ստեղծողներին։ Թվում է՝ ելք չկա, եւ այցելություն ունենալու համար պետք է անպայման ակտիվորեն «համագործակցել» սոցցանցի հետ։

Բայց եկեք հիշենք, որ օրական մի քանի անգամ, առանց սոցցանցի բարեհաճությանը ապավինելու, կամովին բացում ենք մեր հավանած կայքերը, կարդում նյութերը, հետեւում թարմացումներին։ Նշանակում է, որ մենք գտել ենք այն լրատվամիջոցները, որոնց նյութերը ուզում ենք կարդալ՝ անկախ այն բանից, թե Ֆեյսբուքում հղումները կտեսնե՞նք, թե ոչ։

similarweb.com-ը ցույց է տալիս կայքերի այցելությունը, հղումների քանակը եւ բազմաթիվ այլ տեղեկություններ։ Իհարկե, չի կարելի ասել, թե դրանք ամբողջական են, բայց ընդհանուր պատկերացում կազմելու համար դիտարկենք մի քանի հայտնի լրատվամիջոցների տվյալները։

Սոցցանցերից meduza.io-ն ունի միայն 20% այցելություն, անգլիական thegardian.com-ը՝ 13.5, rg.ru-ն՝ 3.8 եւ այլն։ Փոխարենը՝ դիտումների մեծագույն մասն ուղիղ այցելություններից է (direct), որոնման համակարգերից եւ այլ կայքերում տեղադրված հղումներից (referrals)։ Սա նշանակում է, որ ոչ բոլորն են ապավինում ֆեյսբուքին, փոխարենը մարդիկ մուտքագրում են կայքի հասցեն կամ օգտագործում բջջային հավելվածները։ Որոնման արդյունքում ձեւավորված այցելությունները ցույց են տալիս, որ տեքստերը լիովին համապատասխանեցված են որոնման սկզբունքներին։ Եվ ամենակարեւորը՝ այս կայքերը պատրաստում են որակյալ ու հետաքրքիր հոդվածներ, որոնք արժանանում են ընթերցողի ուշադրությանը։

Հայալեզու բովանդակությունը օբյեկտիվ պատճառներով չնչին պահանջարկ ունի (քիչ ենք), սակայն մեր մեդիան նույնպես պետք է ջանք չխնայի ինքնուրույն, սոցցանցից անկախ լսարան կառուցելու համար։ Դա հեշտ գործ չէ, բայց ես հավատում եմ, որ հետաքրքիր ու բազմակողմանի նյութը կգտնի իր ընթերցողին՝ նույնիսկ առանց Ֆեյսբուքի։

Եթե մեդիադաշտը չմտածի բովանդակության որակի մասին եւ փորձի հարմարվել միայն Ֆեյսբուքի քմահաճույքներին, ապա վաղը կամ մյուս օրը կարող է կանգնել այն փաստի առջեւ, որ մենաշնորհ ունեցող հերթական «դիստրիբյուտորի» հերթական կամայականության հետեւանքով կրկին փոխվել են խաղի կանոնները, եւ ծախսված ժամանակն ու նյութական միջոցներն անվերադարձ անհետացել են։ Չէ՞ որ վերջին  տարիներին մենք բազմիցս այդպիսի փոփոխությունների ականատես ենք եղել։

Միքայել Յալանուզյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին