Ղարաբաղը 2017-ին. կլինի՞ արդյոք պատերազմ - Mediamax.am

Ղարաբաղը 2017-ին. կլինի՞ արդյոք պատերազմ
7147 դիտում

Ղարաբաղը 2017-ին. կլինի՞ արդյոք պատերազմ


Ամեն տարի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի լեռներում հալվում է ձյունը, ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին հետեւող մի խումբ փորձագետներ հարց են տալիս իրենք իրենց՝ կլինի արդյո՞ք պատերազմ: Այս տարի այդ փորձագետների տրամադրությունը հատկապես մռայլ է. 2016թ.-ին իրավիճակը վատթարացավ, իսկ 2017թ.-ին կարող է էլ ավելի վատթարանալ: 

Անցած տարվա ապրիլին իրավիճակի սրումը շուրջ երկու հարյուր հայերի եւ ադրբեջանցիների մահվան հանգեցրեց: Լեռնային Ղարաբաղից դեպի արեւելք ընկած շփման գծի երկայնքով մարտերը շարունակվեցին չորս օր: Այս բախումը 1994 թ.-ից ի վեր ամենաարյունալին էր: 

Գարնանային բռնություններին հետեւեց դիվանագիտության ակտիվության ամառային ալիքը: Ադրբեջանը նախնական համաձայնություն տվեց 1994 թ.-ին կնքված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, իսկ Հայաստանը՝ ավելի համապարփակ բանակցային գործընթացին: Սակայն վերջին կես տարում այդ պայմանավորվածություններն աստիճանաբար ի չիք դարձան: Ղարաբաղյան իրադրությունը մտավ ծանոթ հունի մեջ՝ փոխադարձ մեղադրանքներ, հիասթափություն ադրբեջանական կողմից, իներցիա հայկական կողմից, դիվանագիտական քաշքշուկներ մանր դետալների շուրջ:

Անշուշտ, Բենջամին Ֆրանքլինը ճիշտ էր. վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է: Կովկասում նոր հակամարտությունը կարող է հանգեցնել հազարավոր զոհերի եւ տնտեսական աղետի, եւ ըստ էության, ոչինչ չի փոխի: Սակայն վտանգ կա, որ կողմերը, սխալ հաշվարկի արդյունքում, կրկին պատերազմ կսկսեն՝ անգամ ի վնաս սեփական շահերին:   

1994-1995 թթ.-ին ձեռքբերված պայմանավորվածություններն այսօր պակաս վստահելի են թվում. հակամարտության գոտում չկան խաղաղապահներ, այնտեղ աշխատում է սահմանափակ լիազորություններ ունեցող ԵԱՀԿ փոքրաթիվ առաքելությունը, իսկ բանակցային գործընթացը թույլ է տալիս լոկ վերահսկել իրավիճակը, բայց ոչ կարգավորել այն: 1994 թ.-ին 250 կմ երկարությամբ ձգվող շփման գիծը երկու բանակների տեղակայման միջեւ արագ փորված բաժանարար գոտի էր: Այնտեղ հատուկենտ ընդհարումներ էին տեղի ունենում նորակոչիկների միջեւ, իսկ երբեմն նրանք պարզապես զրուցում էին եւ միմյանցից ծխախոտ խնդրում: Այսօր այդ շփման գիծը Եվրոպայի ամենառազմականացված գոտին է. հրանոթներ, հեռահար հրթիռային կայաններ, մարտական ուղղաթիռներ եւ ռազմական անօդաչուներ: Ադրբեջանը նոր զինամթերքի ձեռքբերմանն ուղղել է միլիարդավոր նաֆթադոլարներ: Հայաստանն ավելի քիչ է ծախսել, բայց պահպանել է նշանակելի ռազմական ներուժը, որովհետեւ էժան գնով ռուսական զենք գնելու հնարավորություն ուներ:    

2016 թ.-ի քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը կարողացավ վերադարձնել վերահսկողությունը երկու փոքր տարածքների վրա, բայց դրա հոգեբանական ազդեցությունը հսկայական էր: Այդ հարձակումն օգնեց հաղթահարել տարիների կուտակված նվաստության զգացումը, իսկ դեպքերին հետեւած հայրենասիրության պոռթկումը ադրբեջանցիների ուշադրությունը շեղեց տնտեսության եւ ազգային արժույթի անկումից:     

Այժմ, երբ դիվանագիտական վերջին նախաձեռնությունը, որն առաջ էր տանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արգելակվել է, Բաքվի համար մեծ է եւս մեկ ռազմական գործողություն կազմակերպելու գայթակղությունը՝ էլ ավելի առաջ գնալու ու դրանով Հայաստանի վրա ճնշումն ավելի մեծացնելու համար: Բայց անգամ այդ դեպքում փոքրիկ գործողությունն անխուսափելիորեն կվերաճի ավելի լուրջ բախման: Անհրաժեշտ ազդեցության հասնելու համար ադրբեջանական իշխանությունները ստիպված կլինեն ավելի մեծ տարածք հետ բերել, քան անցած տարի: Մյուս կողմից՝ հայերն իրենց ղեկավարությունից ավելի կատաղի դիմադրություն ու 2016 թ.-ին կորցրածի վերադարձ են սպասելու: 

Երկու կողմերն էլ, գրեթե առանց կասկածի, գերագնահատում են սեփական ռազմական ուժը, բայց երկուսն էլ ունեն նոր հզոր զինամթերք: Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները (եւ ցուցադրել է դրանք 2016 թ.-ի սեպտեմբերին կայացած Անկախության օրվա շքերթի ժամանակ): Մինչեւ 280 կմ հեռահարության հրթիռների համար թիրախ կարող են լինել Ադրբեջանի քաղաքները եւ նավթագազային ենթակառուցվածքը: Նման հարձակումը կարող է լինել հուսահատության քայլ, բայց այն հնարավոր է՝ որպես պատասխան Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակման: Բացի այդ, նման քայլը համապատասխանում է Հայաստանի ռազմական նոր դոկտրինին, որը թույլատրում է զսպման նպատակով կանխարգելիչ հարվածներ հասցնել: Ադրբեջանն Իսրայելից մեծ քանակությամբ զինամթերք է գնել, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ եւ անօդաչու սարքեր:   

Քաղաքական իրադրությունը պակաս վտանգավոր չէ: Ադրբեջանում ավարտվել է նավթային բումը, տնտեսական անկումը 2016 թ.-ին կազմել է 4%, իսկ 2015 թ.-ի հունվարից մանաթն անկում է ապրել 57%-ով: Հայաստանում ապրիլին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք հեշտ չեն լինելու նախագահ Սարգսյանի համար: Ընտրություններից հետո ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, համաձայն որի առանցքային լիազորությունները նախագահից անցնում են խորհրդարանին: Կարծիք կա, որ այս բարեփոխումը պետք էր Սերժ Սարգսյանին՝ իշխանության մնալու համար: 2018 թ.-ին ավարտվում է նրա պաշտոնավարման երկրորդ եւ իր համար վերջին ժամկետը: Ուստի հայաստանյան ընդդիմությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա Սարգսյանի հաղթանակն այս ընտրություններում: 

Անկայունությունը սրում են նաեւ միջազգային փոփոխությունները, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելն ու Եվրամիության առջեւ կանգնած դժվարությունները: Նման իրավիճակում հակամարտության կողմերը կարող են ավելի անպատասխանատու վարքագիծ թույլ տալ՝ ենթադրելով, որ նման ժամանակներում իրենց շատ բան կհաջողվի «մարսել»:  

Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, դրանք դադարեցնելը շատ դժվար կլինի: Չնայած նրան, որ Մոսկվան կարողացավ հասնել բանավոր հրադադարի 2016-ի ապրիլին, պետք չէ կարծել, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տիկնիկավարն է: Մոսկվան դադարել է վերահսկել իրավիճակը դեռեւս 1988 թ,-ին, որից հետո աջակցել է երբեմն այս, երբեմն էլ մյուս կողմին, իսկ դրան զուգահեռ փորձել է հանդես գալ միջնորդի դերում: Արդյունքում, Ռուսաստանին այսօր չեն վստահում ոչ՛ Հայաստանում, ոչ՛ Ադրբեջանում: Ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը չեն թույլ տա Մոսկվային իրենց օրակարգ պարտադրել մի հարցում, որը վաղուց դարձել է կողմերի համար ամենագլխավորը:

Ղարաբաղում նոր պատերազմի վտանգը շատ իրական է, եւ դրան անհրաժեշտ է հակազդել անհապաղ դիվանագիտական ջանքերով: Հարավային Կովկասում նոր զինված հակամարտությունը ձեռնտու չէ ոչ մեկին, հատկապես՝ շարքային հայաստանցիներին ու ադրբեջանցիներին:

Թոմաս դե Վաալը Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Կարնեգիի Մոսկվայի Կենտրոնի համար:

Թարգմանությունը՝ Եկատերինա Պողոսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին