Փխրուն խաղաղություն Ղարաբաղի համար - Mediamax.am

Փխրուն խաղաղություն Ղարաբաղի համար
4492 դիտում

Փխրուն խաղաղություն Ղարաբաղի համար


Նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կարող է դառնալ արագ հավաքված կոնստրուկցիա, որը կայուն չէ: Այն իրականացնելու համար Մոսկվային կարող է պահանջվել ավելի լայն միջազգային աջակցություն:

Հայկական կողմն ամենամեծ պարտվողն է այս արդյունքում, եւ դրա հետեւանքները իրենց զգացնել կտան տարիներ շարունակ: Հայ հանրությունը բացարձակապես անպատրաստ էր այս արագ կոլապսին, եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից արդեն ուժեղ դիմադրություն կա այս համաձայնագրի դեմ: Բայց եթե անգամ Փաշինյանը կորցնի իր պաշտոնը, բարդ է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանի հաջորդ առաջնորդը կարողանալու այլ որոշում կայացնել:  

Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ, բայց հիմա ակնհայտ է, որ այս սցենարը ծրագրված էր նախօրոք:

Արդեն երեք տարի է, ինչ Ռուսաստանը հակամարտության կողմերին առաջարկում էր մի բան, որը հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»՝ չնայած դրա գոյությունը հրապարակայնորեն մերժվում էր: Դրա էությունն այն էր, որ Հայաստանի կողմից զորքերի փուլային դուրսբերում կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքներից, եւ ռուսական խաղաղապահ ուժերը կմտնեն տարածաշրջան՝ երաշխավորելու Ղարաբաղի հայության անվտանգությունը:    

Սա հակասում էր Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ այլ եվրոպական երկրների ցանկություններին՝ ունենալու հակամարտության բազմակողմ լուծում եւ խաղաղության միջազգային համաձայնագիր: Թվում է, որ Փարիզն ու Վաշինգտոնը անակնկալի են եկել ռուսական ծրագրի հրապարակումից:

Լավրովի պլանի առանցքային դրույթներն այժմ իրականացվում են, բայց Բաքվի համար շատ ավելի նպաստավոր պայմաններով, քան առաջ: Հաստատվել է նոր շփման գիծ, որն անցնում է անմիջապես Ղարաբաղի տարածքով: Հայերը կորցնելու են տարածք, որը ներառում է հարավային՝ Հադրութի շրջանի մեծ մասը: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հիշատակված չէ այդ փաստաթղթում:  

Ադրբեջանն ակնհայտ հաղթող է: Եթե նախագահ Ալիեւը վաղը մասնակցեր ազատ ընտրությունների, նա ամենայն հավանականությամբ ջախջախիչ հաղթանակ կտաներ: Նա հանկարծակի ստացավ շատ ավելին, քան կարող էր պատկերացնել ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր յոթ շրջանների վերադարձ, գումարած Շուշի քաղաքը:  

Մենք կարող ենք ակնկալել, որ այժմ կտեսնենք, թե ինչպես է Ալիեւը ագրեսիայի հանրային ձայն լինելուց անցում կատարում  դեպի ավելի չափավոր ձայնի՝ խոսելով աշխարհի հետ խաղաղության լեզվով: Ադրբեջանում որոշ ընդդիմադիրներ կհարցնեն նրան, թե ինչո՞ւ նա չփորձեց գրավել ամբողջ Ղարաբաղը, եւ ինչու թույլ տվեց ռուսական զորքերի տեղակայումը տարածաշրջանում. մի բան, որը նա մերժում էր Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ին կայացած հանդիպմանը:  

Դրա պատճառները բազմաթիվ են: Ստեփանակերտի վրա հարձակումը կլիներ արյունոտ եւ դժվար, եւ կվնասեր Ադրբեջանի միջազգային հեղինակությունը: Բացի այդ, հավանական է, որ Ալիեւը չէր ցանկանում անգամ տեսականորեն դիտարկել Ստեփանակերտի գրավումը: Կամ Ղարաբաղի հայերը ստիպված էին լինելու հեռանալ, կամ էլ նա ստիպված էր լինելու նրանց առաջարկել ինքնավարության բարձր մակարդակ եւ փոխել Ադրբեջանի սահմանադրությունը՝ ապստամբ հայերի մի խումբ տեղավորելու համար: Շատ ավելի լավ է մի փոքր փակ տարածքում Ղարաբաղի հայերի համար պատասխանատվությունը վստահել Մոսկվային:

Թուրքիան եւս մեծ շահող է այստեղ: 9 կետերից բաղկացած համաձայնագրում Անկարայի համար գլխավոր մրցանակը Մեղրի շրջանով ձգվող միջանցք ունենալու խոստումն է, որը տեսականորեն Թուրքիան Նախիջեւանով, Ադրբեջանի տարածքով եւ Կասպից ծովով  կապելու է Կենտրոնական Ասիայի հետ:     

Սա վերակենդանացնում է ե՛ւ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի առանցքային հավակնությունները, որոնք 1990-2000 թթ.-ին բանակցվող չհաջողված համաձայնագրի կենտրոնական մասն էին կազմում: Հայաստանի համար չափազանց դժվար է լինելու դյուրացնել այս թյուրքական միջանցքի կառուցումը սեփական տարածքում:
 
Առաջին հայացքից Ռուսաստանը ցնցող դիվանագիտական հաջողություն է գրանցել՝ այն բանից հետո, երբ ավելի վաղ թվում էր, թե Ադրբեջանն ու Թուրքիան ավելի խորամանկ են գտնվել: Այնուամենայնիվ, այն, ինչ մենք տեսնում ենք մինչ այժմ, 9 կետից բաղկացած մեկ էջանոց խաղաղության ծրագիր է, որը շատ առումներով անհասկանալի է եւ շատ դժվար կլինի իրականացնել:

Առաջիկա շաբաթների ընթացքում Ռուսաստանը պետք է դյուրացնի հայկական զորքերի չափազանց արագ դուրս բերումը Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի (բացի Հայաստանն ու Արցախը միավորող 5 կմ-ոց «Լաչինի միջանցքից») շրջաններից, որոնք Հայաստանը վերահսկում էր քառորդ դար: Այս տեղերում հարյուրավոր հայ բնակիչներ կան, եւ հավանական է, որ կլինի դիմադրություն:   

Ավելին, ռուս խաղաղապահների թիվը բուն Ղարաբաղի ներսում՝ 2000-ից պակաս, փոքր է Ղարաբաղի բնակիչներին ուժեղ անվտանգություն առաջարկելու համար: Խաղաղապահների մանդատը վերանայվելու է 5 տարում, ինչը նշանակում է, որ շատ շուտով կրկին կլինեն հարցեր գործընթացի երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, խաղաղապահ առաքելության այս համեստ ծավալը Ադրբեջանի պահանջն է եղել:  

Երկու գլխավոր բնակավայրերը՝ հայկական գլխավոր քաղաք Ստեփանակերտը եւ Շուշին, ուր ակնկալվում է ադրբեջանցիների վերադարձը, իրար դեմ դիմաց են լինելու: Երկու համայնքների միջեւ որոշակի շփումները, 1991թ. -ից ի վեր, անխուսափելի են, եւ մարդիկ ստիպված են լինելու կիսել նույն ճանապարհը:   

9 կետանոց ծրագիրը նախատեսում է Ստեփանակերտի ու Լաչինի միջեւ նոր ճանապարհի կառուցում, սակայն տեղանքը լուրջ մարտահրավեր է դրան:   

Կարճաժամկետ հեռանկարում պարզ չէ տարածաշրջանում թուրքական ռազմական անձնակազմի դերակատարությունն ինչպիսին է լինելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ թե ինչպես է կառուցվելու Հայաստանի տարածքում նոր միջանցքը, որը միավորելու է Նախիջեւանը Ադրբեջանի հետ:  

Եվ վերջապես, այս համաձայնագրում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Սա եղել է հակամարտության ամենաառանցքային հարցը ավելի քան մեկ դար: Այս հարցը դիտավորյալ է դուրս թողնվել, ինչը նշանակում է, որ չափազանց զգայուն քաղաքական հարցը կմնա չլուծված:

Եթե կարճ, ապա Ռուսաստանը դիտարժան դիվանագիտական քայլ կատարեց, բայց նաեւ վերցրեց մեծ պատասխանատվություն եւ երկու կողմերից մեղադրանքներ է ստանալու, եթե ինչ-որ բան սխալ գնաց:  

Կա հավանականություն, որ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը կդառնա արագ հավաքված կոնստրուկցիա, որը կայուն չէ: Մասնավորապես, կան հարցեր, թե արդյո՞ք ռուսական անվտանգության ուժերի տեղակայումը  բավականաչափ հզոր է՝ երաշխավորելու, որ Ղարաբաղի հայերը կարող են շարունակել ապրել իրենց հայրենիքում առանց վախի: Եթե նոր հակամարտության հետեւանքով տեղահանված Ղարաբաղի հայերից շատերը որոշեն չվերադառնալ Ղարաբաղ, դա կարող է լինել չարագուշակ կանխատեսում՝ հակամարտության նոր ձեւով շարունակության մասին:  

Ուստի, Մոսկվան կարող է շուտով որոշել, որ չի կարող իրականացնել այս ծրագիրը միայնակ: Այդ դեպքում, հավանական է, այն հիշի իր բազմակողմ դերակատարության մասին եւ օգնության կկանչի Մինսկի խմբի մյուս համանախագահներին ու ԵԱՀԿ-ին ընդհանրապես: Այն կարող է նաեւ օգնության կանչել ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային կազմակերպություններին եւ շատ հավանական է (անկախ Վրաստանի ու Ուկրաինայի հարցում առկա մեծ տարաձայնություններից), գործնական աջակցություն ակնկալի արեւմտյան երկրներից եւս: Ավելի լայն՝ Միավորված ազգերի հովանու ներքո խաղաղության համաձայնագրի ընդունումը կարող է տեղի ունենալ՝ ամրագրելու հակամարտության երկարաժամկետ կարգավորման սկզբունքները:

Որոշակի խաղաղություն, վերջապես, գալիս է Ղարաբաղ, բայց այն շատ փխրուն է:

Թոմաս դե Վաալը Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Կարնեգիի Մոսկվայի Կենտրոնի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին