Շվեյցարացի երաժիշտները եւ հայ-թուրքական արձանագրությունները - Mediamax.am

Շվեյցարացի երաժիշտները եւ հայ-թուրքական արձանագրությունները
17887 դիտում

Շվեյցարացի երաժիշտները եւ հայ-թուրքական արձանագրությունները


2009 թվականի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Ես այն լրագրողներից մեկն էի, ով ներկա էր այդ միջոցառմանը եւ ականատեսն այն ամենի, ինչ կատարվում էր դրա շուրջ: Այսօր ուզում եմ մի փոքր բացել փակագծերը եւ ներկայացնել տեսածս:  

Հոկտեմբերի 10-ին ուղիղ ժամը 16-ին` պատմական միջոցառումից մեկ ժամ առաջ, արդեն Ցյուրիխի համալսարանի շենքում էինք` պատրաստ լուսաբանելու պատմական մի իրադարձություն, որի նկատմամբ հանրային վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէր: Ցյուրիխն այդ օրն ապրում էր իր առօրյա կյանքով, եւ միայն համալսարանին մոտենալիս կարելի էր գուշակել, որ այնտեղ ինչ-որ կարեւոր բան է լինելու:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հանդիսավոր արարողության մամուլի կենտրոնը տեղակայված էր մեծ օվալաձեւ լսարանում, որը ես նմանեցնում եմ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճին: Երբ մենք` հայաստանյան լրագրողներս, մտանք այդ լսարան, այնտեղ արդեն «դիրքավորվել էին» մեր թուրք եւ ռուսաստանցի գործընկերները: Կազմակերպիչները խոստացան, որ միջոցառման սկզբին մեզ թույլ կտան մտնել հյուրերի համար նախատեսված օթյակ, իսկ մինչ այդ առաջարկեցին սուրճ խմել եւ բուտերբրոդներ համտեսել: Ժամանակ դեռ կար, եւ քանի որ խմբագրություն հաղորդելու բան դեռ չունեի, անցա շարքերով` աչքի տակով ուսումնասիրելով, թե ինչով են զբաղված օտարերկրյա գործընկերներս: Ռուսաստանցի լրագրողներն արդեն պատրաստ էին թողարկել իրենց ԱԳ նախարար Լավրովի ելույթը, որը նրանց տրամադրել էր ՌԴ արտգործնախարարության` լրագրողների խումբն ուղեկցող գեղեցկատես աշխատակցուհին, ով 15 րոպեն մեկ գալիս էր լրագրողների մոտ եւ պատմում, թե «շեֆը» այս պահին ինչով է զբաղված. «շեֆը շվեյցարացիների հետ է շփվում», «շեֆը Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլի խաղն է դիտում Սոլանայի հետ» եւ այդպես շարունակ:

Թուրքերն էլ ինֆորմացիայի իրենց աղբյուրն ունեին` կոստյումով երիտասարդ մի դիվանագետ պարբերաբար գալիս էր դահլիճ, շուրջբոլորը հավաքում իր համերկրացիներին, նրանց ականջներին ինչ-որ բան փսփսում եւ արագ հեռանում` կանխելով մեր հարցերը: Մեր թուրք գործընկերների բաց նոթբուքերից հասկանալի էր, որ նրանց մոտ եւս ամեն ինչ պատրաստ էր, մնում էր միայն սեղմել «Send» ստեղմը, եւ րոպեներ անց այդ տեքստը կհայտնվեր իրենց ԶԼՄ-ների էջերում:

Կարծես 16.50 էր, երբ աստիճաններից տեսա, թե ինչպես ժպիտը դեմքին շքամուտքից շենք մտավ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն, ում դիմավորեց Շվեյցարիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա: Գլխավոր գործող անձանցից բացակա էին միայն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն այդ պահին դա մեզ կասկածելի կամ զարմանալի չթվաց: Ուղիղ ժամը 17-ին մեզ ուղեկցեցին մեծ դահլիճի օթյակ:

Դահլիճում արդեն նստած էին Շվեյցարիայի ԱԳՆ եւ Եվրոպական հանձնաժողովի մի շարք պաշտոնյաներ, իսկ դասական քառյակը ակտիվ պատրաստվում էր իմ ականջին անծանոթ ինչ-որ մեղեդի հնչեցնել: Քիչ անց պաշտոնյաներն  անսպասելիորեն լքեցին տեղերը եւ հեռացան տարբեր ուղղություններով, իսկ դահլիճում մնացին միայն երաժիշտները: Այն մասին, որ «մի բան էն չի», ես եւ կողքիս նստած Հ1-ի լրագրող Արթուր Գրիգորյանն իմացանք եվրոպացի երկու դիվանագետների զրույցից, որոնցից մեկը բերանից թռցրեց, թե «կողմերից մեկը փոշմանել է»:

Այստեղ պետք է շեղվեմ թեմայից եւ հիշեցնեմ, որ նույն օրը, նույն ժամին Երեւանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընդունում էր աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն, եւ այդ խաղը պետք է հեռարձակվեր Հանրային հեռուստատեսությամբ, սակայն իրադարձության կարեւորությունից ելնելով` Հ1-ի ղեկավարությունը որոշել էր մի պահ ընդհատել խաղի հեռարձակումը եւ ցուցադրել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը:

Եվ ահա, հենց այդ պահին Արթուրին զանգահարեցին Երեւանից եւ խնդրեցին ուղիղ եթերում մեկնաբանել, թե ինչ է կատարվում Ցյուրիխում: Մինչ գործընկերս փորձում էր ժամանակ ձգել` պարզելու համար, թե ինչ խնդիր է ծագել, արդեն միջանցքում մեզ մոտեցավ մի կին լրագրող Թուրքիայից եւ անգլերեն հարցրեց. «Իսկ դուք չգիտե՞ք, թե ինչու է ձեր նախարարը հրաժարվել ստորագրել փաստաթղթերը»…

Դժվար է նկարագրել, թե ինչ էր կատարվում մամուլի կենտրոնում հաջորդ մեկ ու կես ժամում: Թուրքերը մերոնց էին հարցուփորձ անում, մերոնք` ռուսներին, բոլորը դուրս էին գալիս միջանցք ինչ-որ տեղ զանգելու կամ զանգին պատասխանելու, առնվազն մեկ ժամ հայտնի էր միայն, որ հայկական կողմը հրաժարվում է ժամանել եւ ստորագրել փաստաթղթերը, սակայն պատճառների մասին ոչինչ հայտնի չէր: Եվ այդ պահին մամուլի սրահ մտան Հիլարի Քլինթոնին ուղեկցող ամերիկացի լրագրողները… Նրանց դեմքերի արտահայտությունից ակնհայտ էր, որ լիովին տեղյակ են, թե ինչ է կատարվում: Րոպեներ անց մոտեցա նրանցից մեկին եւ հարցրեցի. «Չե՞ք ասի, ինչ է պատահել: Մենք Հայաստանից ենք եւ ոչնչից տեղյակ չենք»: Ամերիկացին երկար նայեց դեմքիս եւ ասաց. «Ձեր նախարարը հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը, որովհետեւ թուրքերի ելույթում ինչ-որ նախապայմաններ կան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս պահին Հիլարին փորձում է համոզել նրան, որ ստորագրի, բայց առայժմ չի կարողանում»:

Անմիջապես զանգահարեցի Երեւան` խմբագրություն, ներկայացրեցի իրավիճակը: Մի քանի րոպեից պատասխան զանգ ստացա. տեղեկությունը հաստատվել էր, հայկական կողմը մեկնաբանել էր կատարվածը: Շուտով հասանելի դարձավ նաեւ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ով պարզաբանեց, որ փաստաթղթերի ստորագրումից առաջ նախատեսված էր, որ յուրաքանչյուրը 5 րոպե ելույթ պետք է ունենա: Դիվանագիտական ավանդույթի համաձայն, միջոցառումից առաջ կողմերը փոխանակել էին ելույթները, եւ… Հայկական կողմը հայտնաբերել էր, որ, չնայած նախնական պայմանավորվածության, Դավութօղլուի ելույթում կա կետ, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդիրը: Բնականաբար, Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել էր մասնակցել միջոցառմանը, եթե Դավութօղլուն հանդես գա այդ տեքստով: Երբ թուրք նախարարին համոզել էին հրաժարվել ելույթի այդ կետից, նա էլ պահանջել էր մի քանի դրույթ վերացնել հայկական կողմի ելույթից եւ դրանով պարալիզացրել էր գործընթացը…

Նախանշված ժամանակից անցել էր երկու ժամից ավելին, ոչ ոք այլեւս հույս չուներ, որ արարողությունը կկայանա: Եվ հանկարծ… Մեզ կրկին դահլիճ հրավիրեցին եւ տեղեկացրին, որ ելույթներ չեն լինելու, կողմերը պարզապես ստորագրելու են փաստաթղթերը եւ բավարարվեն ձեռքսեղմումով: Ռուս լրագրողներն ինձ հետո պարծանքով ասում էին, որ նման պարզ որոշում հուշել էր իրենց արտգործնախարար Լավրովը, ով թղթի կտորի վրա գրել էր «Համաձայնվիր առանց ելույթների տարբերակին» եւ ուղարկել այն Նալբանդյանին: Չգիտեմ` այդպես էր իրականում, թե ոչ, համենայն դեպս, այդ պահին միակ ճիշտ որոշումն էր:

Արդյունքում շատ կարճ նախաբանով հանդես եկավ միայն Շվեյցարիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը, որից հետո տեղի ունեցավ արձանագրությունների ստորագրումը, իսկ գերտերությունների ղեկավարներն էլ շարվել էին նրանց թիկունքում որպես այդ փաստաթղթերի իրականացման երաշխավորներ: Երբ Նալբանդյանը եւ Դավութօղլուն դրեցին ստորագրությունները եւ փոխանակեցին փաստաթղթերը, դահլիճը վերջապես խորը շունչ քաշեց եւ սկսեց ծափահարել: Տխուր էին միայն անկյունում հանգրվանած երաժիշտները. նրանց այդպես էլ բախտ չվիճակվեց նվագել այդ պատմական իրադարձության ժամանակ…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին