Փոխադարձ հակակրանք Աթաթուրքի հանդեպ - Mediamax.am

Փոխադարձ հակակրանք Աթաթուրքի հանդեպ
9708 դիտում

Փոխադարձ հակակրանք Աթաթուրքի հանդեպ


Իրանի նախագահ Հասան Ռուհանիի` շաբաթվա սկզբին կատարած այցը Անկարա հայտնվեց համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, որոնք դրանում նշանային բնույթ տեսան. վերջին 18 տարիների ընթացքում դա Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Թուրքիա:

Այցն իսկապես կարելի է նշանային համարել, քանի որ այն կոչված էր ազդակ հաղորդել Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը վերջին տարիների ճգնաժամից հետո, որը պայմանավորված էր Անկարայի կողմից սիրիական ընդդիմությանն ակտիվ աջակցությամբ: Այցի արդյունքների թվում են էներգետիկ համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը եւ թուրքական ու իրանական երկաթուղիների լիարժեք ինտեգրման նոր նախաձեռնությունները, սակայն ես կցանկանայի կանգ առնել մեկ այլ խնդրի վրա:
 
Հասան Ռուհանին Անկարայում չայցելեց Քեմալ Աթաթուրքի դամբարան, ինչը բուռն արձագանք առաջացրեց հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում, որոնք իրանցի առաջնորդի որոշման մեջ Թուրքիայի ղեկավարությանն ուղղված որոշակի ազդանշան տեսան: Մինչդեռ իրականում ոչ մի ազդանշան էլ չկա, եւ ահա թե ինչու: 
 
Հասան Ռուհանին առաջին իրանական առաջնորդը չէ, ով հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել Թուրքիայի հիմնադրի հիշատակին: Հեռավոր 1987թ. դա արել է Իրանի վարչապետ Միր Հոսեյն Մուսավին, ով այժմ հայտնի է որպես իրանական ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ եւ 2009թ. բողոքի շարժման ղեկավար: Անկարա այցելելով 27 տարի առաջ` նա թուրքական մայրաքաղաքում իր գործընկերոջը հայտարարել էր, որ չի կարող այցելել Աթաթուրքի դամբարան: Եվ դա հասկանալի է. Աթաթուրքն աշխարհիկ պետության հիմնադիրն էր եւ գրեթե դուրս էր մղում իսլամն ու կրոնը Թուրքիայի քաղաքական, մասամբ նույնիսկ հասարակական կյանքից: 

Իսլամական երկրների շատ առաջնորդներ փորձում էին կրկնել Աթաթուրքի փորձն իրենց հայրենիքում: Այդ թվում՝ նաեւ իրանական վերջին շահ Մոհամադ Ռեզա Փեհլեւին, որին գահընկեց արեց հենց այն իսլամական արձագանքը, որի դեմ նա պայքարում էր հիմնականում Աթաթուրքի ոճով: Եվ հաշվի առնելով դա` տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ ժամանակակից Իրանի առաջնորդները` այն երկրի, որը ստեղծվել է աշխարհիկության դեմ պայքարի արդյունքում, չեն այցելում Աթաթուրքի դամբարան: Եվ այդ տեսանկյունից Իրանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել 1987թ. Մուսավիի այցի ժամանակաշրջանից ի վեր:     

Նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին: 1987թ. Մուսավիի վարքը բուռն արձագանքի եւ ակտիվ բողոքների հիմք հանդիսացավ, ինչը բնական էր. 1987թ. Աթաթուրքի մահվան օրը երկիրը դեռ նշում էր որպես սգո օր. հեռուստատեսությունն ու ռադիոն այդ օրը հեռարձակում էին սգո երաժշտություն, խանութներն ու ռեստորաններն իրավունք չունեին ալկոհոլ վաճառել, երկրում անցկացվում էին հանրահավաքներ, որոնց ժամանակ շատերը լաց էին լինում: Պատկերացրեք, թե ինչպես թուրք հասարակությունը եւ կառավարությունը այդ ժամանակ կարձագանքեին դամբարան այցելությունից Ռուհանիի հրաժարվելուն:

Իսկ ահա 27 տարի անց Թուրքիան շատ անտարբեր արձագանքեց Ռուհանիի մերժմանը: Եվ դա նույնպես հասկանալի է. Էրդողանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը իսլամը հաջողությամբ վերադարձրին քաղաքականություն, խիստ թուլացրին Աթաթուրքի ստեղծած ավանդական աշխարհիկ ինստիտուտների, նախ եւ առաջ՝ բանակի ազդեցությունը, իսկ բազմաթիվ ռեստորաններ եւ խանութներ ալկոհոլ չեն վաճառում ոչ միայն հանրապետության հիմնադրի մահվան օրը, այլեւ առհասարակ` խուսափելով ալկոհոլի համար Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից սահմանված բարձր հարկերից, որոնք պայքարում են իսլամի կողմից դատապարտվող մեղքերի եւ թուլությունների դեմ: Եվ, որքան էլ տարօրինակ է, Թուրքիայի ներկայիս իշխանություններին Ռուհանիի եւ Մուսավիի դիրքորոշումն ու արժեքները շատ ավելի հոգեհարազատ են, քան այն ոչ մեծաթիվ թուրքերի արժեքները, որոնք վրդովվում են, որ հարեւան երկրի առաջնորդը հրաժարվել է հարգանքի տուրք մատուցել Թուրքական հանրապետության հիմնադրի հիշատակին:

Այնպես որ, դամբարան չայցելելն ինչ-որ իմաստով նշանային իրադարձություն է, բայց միայն Թուրքիայի համար, եւ իրանա-թուրքական հարաբերություններին որեւէ կերպ չի առնչվում:      

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին