Թուրքիան` երկնքի տիրակա՞լ - Mediamax.am

Թուրքիան` երկնքի տիրակա՞լ
3313 դիտում

Թուրքիան` երկնքի տիրակա՞լ


Թուրքական իշխանությունները վերջերս հայտարարեցին ամերիկյան F 35 հինգերորդ սերնդի 100 միավոր կործանիչներ ձեռք բերելու մտադրության մասին: Նման գերհզոր կործանիչները Թուրքիային տարածաշրջանում գերիշխող դեր կտան, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան օդային ռազմուժը սպասարկող համակարգեր ունի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից F-35-ի ընտրությունը կայացվել էր դեռեւս 2001 թվականին՝ JSF (միասնական հարվածային կործանիչ) ծրագրով Boeing ընկերության X -32 մոդելի եւ Lockheed Martin ընկերության X- 35 մոդելի մրցակցության արդյունքում: Պահանջը ռամզաօդային, ռազմածովային ուժերի համար միասնական կործանիչի ստեղծումն էր:


Ամերիկյան F-35 կործանիչը
Լուսանկարը՝ http://voprosik.net կայքից

Այս կործանիչները արտադրվում են երեք տարբերակով`F-35A ($153.1 մլն), F-35B ($196,5 մլն) եւ F-35C ($194,4 մլն) արժողությամբ: Թե Թուրքիան այս տարբերակներից որ մեկին կտա նախապատվությունը, դեռեւս հայտնի չէ: Սակայն, աեմանահետաքրքրականն այն է, որ Թուրքիան ծրագրում է 100 միավոր կործանիչների ձեռքբերումը ավարտել մինչեւ 2018 թվականը: Այնինչ, Կանադան, որ նույնպես որոշել է այս կործանիչներից գնել, հայտարարել է, որ առաջին F -35-ը կկարողանա ստանալ 2019-ից ոչ շուտ, իսկ մնացած օրինակները՝ 2020-ից հետո միայն:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ տեխնիկական հնարավորություններով է օժտված օդային այս հսկան:

Մեջբերում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի` «Օդային գերակայություն» գրքից. «F -35-ը միակ կործանիչն է աշխարհում, որ ունի մեկ շարժիչ եւ ուղղահայաց թռիչք – վայրէջքի հնարավորություն: Իր հնարավորություններով այն չի զիջում երկշարժիչանի կործանիչներին եւ ուղղաթիռների նման հնարավորություններ ունեցող կործանիչ ինքնաթիռ է: Մեկշարժիչանի կործանիչի համար այն ունի մինչ օրս չգրանցված `8-9 տոննա ռմբատարողություն»:

Չնայած բացառիկ հնարավորություններին, F -35-ը զերծ չէ աքիլեսյան գարշապարերից:

Ինչպես նշում են հարավկորեացի փորձագետները, հանուն անտեսանելիության ու հինգրերոդ սերնդի կործանիչի չափանիշներին համապատասխանելու, այս մոդելը բավականին դանդաղաշարժ է եւ մեկ ժամում չի կարող զարգացնել մինչեւ 1930 կմ արագությունը, ինչպես նաեւ հնարավորություն չունի արտաքին մասում զենք կրելու:


Ռուսական T-50 կործանիչը
Լուսանկարը՝ http://www.airwar.ru կայքից

Այս կործանիչի բացառիկությունը` այն է` մեկշարժիչանի լինելը, նրա ամենաթույլ տեղերից մեկն է, քանի որ արտաքին վնասվածքների դեպքում ինքնաթիռի անկման հավանականությունը մեծ է: Բացի այդ, հարվածի հեռահարությունն այնքան էլ մեծ չէ՝ ռուսական եւ չինական մոդելների համեմատ:

Մի կարեւոր հանգամանք եւս, որ գրավեց ուշադրությունս: Այս մոդելն առանց սպասարկող համակարգի ու անձնակազմի արդյունավետ չի, հետեւաբար, ոչնչացնելով ինքնաթիռը սպասարկող անձնակազմն ու համակարգը, այս ինքնաթիռը չեզոքացնում եք:

Մյուս բացառիկ տեխնիկական հնարավորությունը, որը, միաժամանակ, հանդիսանում է նաեւ աքիլեսյան գարշապար, այս ինքնաթիռի խցիկում տեղադրվող ALIS համակարգն է: Այն նման է դյուրակիր համակարգչի, որի մեջ պահվում է կատարվելիք գործողության մասին ողջ տեղեկատվությունը: Սա գայթակղիչ համակարգ է ցանցահենների համար. եթե նրանք կարողանան կոտրել գործողությունը ղեկավարող համակարգերը, ապա կկարողանան առանց որեւէ կրակոցի ոչնչացնել կործանիչը: Բացի այդ, այս համակարգը կարող է անհայտ ժամանակով նստեցնել ինքնաթիռն այն դեպքում, եթե թռչող սարքում ինչ-ինչ անսարքություններ հայտնաբերվեն: Փաստորեն, այս համակարգը չափից շատ վերահսկողություն ունի F 35-ի նկատմամբ:


Չինական J20 կործանիչը
Լուսանկարը՝ http://xmedia.nguoiduatin.vn կայքից

Չնայած բոլոր թերություններին, Թուրքիայի կողմից այս կործանիչի ձեռքբերումը հատկապես մեզ համար լուրջ վտանգ է ներկայացնում, սակայն եթե դիտարկենք այն տարածաշրջանային կոնտեքստում, ապա արդեն 2016 թվականից Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն T50 մոդելի կործանիչներով, որոնք ըստ փորձագետների անհամեմատ ավելի հզոր են, իսկ նմանատիպ կործանիչներ` J-20 արատադրում է նաեւ Չինաստանը: Այնպես որ, խոսել Թուրքիայի` տարածաշրջանի երկնքում տիրակալ դառնալու հեռանկարների մասին  դեռ վաղ է:

Սակայն այս կործանիչները ձեռք բերելու մասին հայտարարությունը պետք է ազդակ հանդիսանա նաեւ ՀՀ իշխանությունների համար, եւ նրանք, օգտագործելով ՀԱՊԿ անդամի եւ Ռուսաստանի ռազմական դաշնակցի բոլոր հնարավորոթյուններն ու լծակները, պետք է կարողանան ապահովել ՀՀ ռազմաօդային ուժերն այս կործանիչներին համապատասխան այլ կործանիչներով:

Հայկանուշ Ալոյանը լրագրող-վերլուծաբան է, ուսումնասիրում է տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին