Թուրքիայի խայծերը` 2015-ին ընդառաջ - Mediamax.am

Թուրքիայի խայծերը` 2015-ին ընդառաջ
4473 դիտում

Թուրքիայի խայծերը` 2015-ին ընդառաջ


2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թե հայկական, թե հատկապես թուրքական կողմը հանգամանորեն պատրաստվում են 2015-ին:

Եվ այսպես, ամփոփելով փաստերը, ի մի բերելով մինչ այժմ Թուրքիայի կատարած քայլերը, կփորձեմ ներկայացնել Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի պատրաստած խայծերի ու հնարավոր քայլերի իմ տեսլականը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ տանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ հայկական Սփյուռքում, այլեւ Թուրքիայում, որտեղ այդ հարցին շատ ավելի լուրջ ու համակարգված մոտեցում են ցույց տվել:

Դեռեւս 2001թ. մայիսի 25-ին թուրքական կառավարության կողմից ստեղծվեց «Անհիմն ցեղասպանության պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը» (թուրքերեն` «Asılsız Soykırım İddialarıyla Mücadele Koordinasyon Kurulu»): Կառույցի նախագահ է նշանակվում այն ժամանակ փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին, իսկ խորհրդի համակարգող` Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը:

Խորհրդի ստեղծման նպատակը տարբեր երկրներում օրակարգ բերվող ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի չեզոքացումն էր: Խորհրդի կազմում ներառվել էին գրեթե բոլոր պետական մարմինները, ինչպիսիք էին օրինակ` Ազգային պաշտպանության, Արդարադատության, Ներքին եւ Արտաքին գործերի նախարարությունների, Ազգային հետախուզության կազմակերպության, Թուրքական պատմագիտական ընկերության նախագահության, Պետական արխիվների գլխավոր վարչության եւ այլ մարմիններ: Խորհուրդը ղեկավարել է նաեւ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Խորհրդի գործունեության շնորհիվ տպագրվել են հարյուրավոր գրքեր, Թուրքիայի դպրոցներում, համալսարաններում ու այլ կառույցներում կազմակերպվել են ժխտողականության հարյուրավոր  «գիտաժողովներ»: Վերջերս էլ լույս տեսան 35 հատորանոց «Հայերն ու թուրքերը պատմության մեջ» «գիտական» աշխատության 10 հատորները, որոնց վրա աշխատել է շուրջ 350 գիտնական: Նախատեսվում է հատորաշարքի 6-7 հատորները թարգմանել գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Մյուս հատորները լույս կտեսնեն 2015 թ-ին:

Կարելի է համարել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի պետության նախապատրաստությունների շրջանակում է եղել նաեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ուղերձը, որ հրապարակվեց սույն թավականի ապրիլի 24-ի նախօրյակին:

Փոքր հատված այդ հայտարարությունից. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս համատեղ ցավն են։ Այդ ցավոտ ժամանակաշրջանն արդար հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է։ Առաջին համաշխարհայինի ընթացքում, որին զոհ գնացին ամեն կրոնից եւ ազգից, տեղահանության նման ոչ մարդկային հետեւանքներ ծնած իրադարձությունները չպետք է արգելք հանդիսանան թուրքերի եւ հայերի միջեւ համակրանքի ստեղծմանը եւ մարդկային վերաբերմունքին»:

Շատերը ոգեւորվեցին Էրդողանի այս հայտարարությունից՝ միամտաբար կարծելով, թե ժխտողականության քաղաքականություն որդեգրած Թուրքիան վերջապես որոշել է «քավել» իր մեղքերը: Այնինչ քչերը գիտեն, որ Էրդողանի ելույթը նախապատրաստել էր Դավութողլուն դեռեւս մի քանի տարի առաջ:

Ինչպես արձանագրում է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, արտգործնախարար Դավութօղլուի քաղաքականության առանցքում, այսպես կոչված, «արդար հիշողության» (“Adil Hafıza) մասին դրույթն է, որն իրականում նպատակ ունի Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունը հավասարեցնել Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված օսմանահպատակների ազգականների ցավի հետ:

Մեզ հետ զրույցում թուրք պատմաբան, գրող-հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն Էրդողանի հայտարարությունն աննախադեպ գնահատեց Թուրքիայի պատմության մեջ. «Պետական ղեկավարներից որեւէ մեկը նման հայտարարությամբ դեռ հանդես չէր եկել: Սակայն, վարչապետի հայտարարությունը պետք է գնահատել 2015 թ-ին ուղղված Թուրքիայի աշխատանքների համատեքստում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկար ժամանակ է աշխատել այդ հայտարարության տեքստի վրա: Տեղյակ ենք, որ Թուրքիան Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխատանքներ է իրականացնում մի քառամյա ծրագրի շրջանակներում: Սույն հայտարարությունն էլ հենց այդ պլանի մի մասն է կազմում»:

Թուրքիայի մարդու իրավունքների, ռասիզմի ու խտրականության դեմ կոմիտեի անդամ, հրապարակախոս Այշե Գյունայսուն էլ կարծիք հայտնեց, որ հայկական Սփյուռքի եւ Թուրքիայում քիչ քանակությամբ թուրքերի եւ ուշացած ու ոչ այնքան ուժեղ ժխտողականության դեմ պայքարը, այնուամենայնիվ, սկսել է ազդել թուրքական իշխանությունների վարած քաղաքականության վրա, սակայն Էրդողանի հայտարարությունը որակեց որպես ժխտողականության քաղաքականության շարունակություն. «Այս հայտարարությունը նույն ժխտողականությունն էր` պարզապես նոր ու ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ: Անընդունելի է, երբ ցեղասպանության զոհերին հավասարեցնում են ռազմական գործողությունների ժամանակ ունեցած մարդկային կորուստների հետ: Սա բացարձակ ժխտողականություն է»:

Թուրքական իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված մյուս խայծը. Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները կարող են վերադառնալ Թուրքիա եւ քաղաքացիություն ստանալ:

«Նման պայմաններում հայերի զանգվածային վերադարձ հայրենիք անհնար է: Հայերն ուզում են հայրենիք վերադառնալ իրավատիրոջ կարգավիճակով, եւ ոչ թե որպես Թուրքիայի քաղաքացի: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ 100 տարի շարունակ ցեղասպան թուրքի կերպարն աչքի առաջ ունեցած սփյուռքահայը ծառայի թուրքական բանակում»,- կարծում է թուրքագետ Մելինե Անումյանը:

Կարծում եմ, թուրք հասարակությունն ինքն էլ պատրաստ չէ հայրենիք վերադարձող հայերին ընդունել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ բուն Արեւմտյան Հայաստանի տարածքում գոյություն ունի «թաղամասային ճնշում» երեւույթը, երբ արդեն երրորդ կամ նույնիսկ չորրորդ սերնդի իսլամացած թրքախոս կամ քրդախոս հայերը թաքցնում են իրենց ինքնությունը, քանի որ հայ լինելը Թուրքիայում ամոթալի է ու ստորացուցիչ: Ի վերջո, Թուրքիայում սովորական երեւույթ է պետական մակարդակով հայատյացությունն ու հակահայկական քարոզչությունը: Վերջապես, հայերի գույքին տիրացած թուրքերն ու քրդական աշիրեթները կկարողանա՞ն արդյոք հրաժարվել իրենց ավարից ու գույքը վերադարձնել իրական տերերին` հայերին:

Այշե Գյունայսուն հավատացած է, որ հայերի վերադարձը հայրենիք հնարավոր կլինի ոչ մոտ ապագայում: Վերջինս մեծ հույսեր է կապում քրդերի հետ, հավատալով, որ հայերի վերադարձը հայրենիք հնարավոր կլինի ոչ թե թուրքական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, այլ թուրք հասարակության` հայերին ընդունելու պատրաստակամության դեպքում:

Ինչ վերաբերում է հայերի կողմից հնչեցվող փոխհատուցման պահանջներին, Սաիթ Չեթինօղլուն* կարծում է, որ հայերն իրենք են որոշելու, թե ինչ պահանջներ են դնելու թուրքական կառավարության առջեւ. «Մտավորականների մի մասն ստանձնել է այդ պատասխանատվությունը եւ շարունակելու է այդ կերպ վարվել: Սակայն, վերին աստիճանի բարձր է նաեւ իրենց մտավորական համարողների տոկոսը, ովքեր ոչ միայն հողային, այլ անգամ նվազագույն փոխհատուցման պահանջի դեպքում հետքայլ կանեն, նույնիսկ` դեմ դուրս կգան: Քանզի նրանցից շատերը 1915թ. Ցեղասպանության հետեւանքով հայերի գույքի բռնագրավմամբ են նման դիրքի հասել: Կարճ ասած, նրանք ներկայիս դրության մեջ են հայտնվել հենց հայերի եւ մյուս ցեղասպանությունների զոհ ժողովուրդների կորցրածի շնորհիվ»:

Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակին որոշել են փոխել իրենց մարտավարությունը` թիրախ դարձնելով հատկապես հայկական սփյուռքը: Հատկանշական է, որ պաշտոնական Անկարան թուրքական սփյուռքի մեջ սկսել է ներառել ոչ միայն ազգությամբ թուրքերին, այլեւ Ցեղասպանության հետեւանքով աշխարհասփյուռ հայությանը, ինչը վկայում է նաեւ Դավութօղլուի այս հայտարարությունը. «Անկախ կրոնից եւ հավատքից` Անատոլիայի հողերից գաղթած յուրաքանչյուր անհատ մեր սփյուռքն է: Որտեղ մեկ հայ կա, գնալու եւ խոսելու ենք նրա հետ մեր համատեղ պատմության մասին, այն մասին, թե ինչպես ենք 10 դար միասին ապրել: Նախ` շահելու ենք հայերի, մեր հայ բարեկամների սիրտը: Զրուցելու ենք ամեն մի հայի հետ…»:

Եվ այսպես, կարող ենք եզրակացնել, որ 2015 թվականին ընդառաջ թուրքական իշխանությունները կաշխատեն հետեւյալ ուղղություններով`

•    Թուրքիայի կրթական համակարգում ժխտողականության քաղաքականության ամրապնդում գիտաժողովներ կազմակերպելու, գրքեր հրատարակելու միջոցով;

•    Հայկական սփյուռքի հետ հարաբերությունների հաստատում;

•    Ցեղասպանության զոհերի ու պատերազմի ժամանակ ունեցած կորուստների հավասարեցում;

•    Ցեղասպանության ժառանգներին Թուրքիայի քաղաքացիության շնորհում;

•    «Հայտարարություն-խայծերի» միջոցով ՀՀ կառավարության հետ հարաբերությունների կարգավորում:

Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները 2015-ին պատրաստվում են համակարգված, եւ բուռն իրադարձություններով լի տարի է սպասվում, սակայն հարցական է, թե հայկական կողմի պատասխանը որքան համակարգված ու համարժեք կլինի թուրքական ժխտողականության ագրեսիվ քաղաքականությանը:

Հայկանուշ Ալոյանը լրագրող-վերլուծաբան է, ուսումնասիրում է տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

* Սաիթ Չեթինօղլուի խոսքը թուրքերենից թարգմանել է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին