Իրանական պատժամիջոցների հակառակ կողմը - Mediamax.am

Իրանական պատժամիջոցների հակառակ կողմը
4501 դիտում

Իրանական պատժամիջոցների հակառակ կողմը


Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վերջին հեռուստատեսային հարցազրույցը բավականին կարեւոր հարցերի է անդրադառնում։ Բաց թողնելով դրանց հիմնական մասը՝ բարեփոխումներ, միջուկային ծրագիր, նշեմ, իմ կարծիքով, հնչած մտքերից ամենաանկեղծը. «Իրանի ներսում կան խմբեր, որոնք շահագրգռված չեն պատժամիջոցների վերացմամբ»։

Իրապես՝ վերջին մի քանի տարիների շրջափակումն ու պատժամիջոցները զարկ են տվել Իրանի ներսում սպեկուլյացիաների վրա հիմնված տնտեսական մոդելի զարգացմանը։

Թեեւ սպեկուլյացիա բառն ընթերցողի մոտ կարող է ասոցացվել մանր խարդախությունների հետ, այն, իր իրական ծավալներով աստղաբաշխական գումարների շուրջ է կառուցվել։ Կարելի է հիշել Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի հիմնական դերակատարներից մեկին՝ ծագումով իրանցի Ռեզա Զարրաբին, ով, ըստ մեղադրականների, 87 մլրդ եվրո իրանական փողերի լվացմանբ է զբաղվել։ Ակնհայտ է, որ դա արվել է ոչ միայն թուրքական բյուրոկրատիայի հետ համատեղ աշխատանքի, այլեւ իրանական շրջանակների հետ համագործակցության միջոցով։

Պատժամիջոցների մեկ այլ ծնունդ են իրանական «սեւ շուկաները», որոնց միջոցով նավթը արտահանվում է համաշխարհային շուկա եւ որոնց միջոցով Իրան են ներկրվում լայն սպառման եւ հատուկ նշանակության ապրանքներ։ Այս «շուկաների» աշխատանքի մեջ նույնպես ներքաշված են տարբեր գործարարներ եւ պաշտոնյաներ, որոնք օգտվելով համակարգի ոչ թափանցիկ լինելուց, կարողացել եւ դեռեւս կարողանում են հսկայական գումարներ վաստակել եւ «լվանալ» դրանք` հիմնականում թուրք եւ դուբայցի իրենց գործընկերների միջոցով։

Մոտ կես տարի առաջ մի միջազգային քննարկման ժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման կողմնակից բրիտանացի գործընկերոջս հարցրեցի. որո՞նք են պատժամիջոցների նպատակները, եթե դրանց արդյունքում հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն՝ էլ ավելի աղքատանում։ Նա պատասխանեց, որ հենց նման պարագայում զանգվածները կարող են չդիմանալ եւ հեղափոխություն անել։

Տեսական առումով սա հնարավոր տարբերակ է, սակայն միայն հնարավոր, այլ ոչ թե անվիճելի։ 2013-ին, երբ սոցիալ-տնտեսական ճգնաժամն Իրանում հասավ իր գագաթնակետին, հեղափոխություն տեղի չունեցավ, սակայն նախագահ ընտրվեց Հասան Ռուհանին, ով որդեգրեց արտաքին հարաբերությունների եւ տնտեսական բարեփոխումների ճանապարհը։ Ճանապարհ, որը ձեռնտու է թե իրանցիների մեծ մասին, թե Արեւմուտքին։

Սակայն այսօր Ռուհանիին խանգարողները հենց այն իրանցիներն են, որոնք հարստացել եւ հարստանում են պատժամիջոցների հաշվին... Ստացվում է փաստացի փակ շրջան, որը ճեղքելն Ռուհանիի ամենամեծ մարտահրավերն է։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին