Ինքնապաշտպանություն եւ զարգացում - Mediamax.am

Ինքնապաշտպանություն եւ զարգացում
6817 դիտում

Ինքնապաշտպանություն եւ զարգացում


Ջեյն Ջեյքոբսի «Ամերիկյան մեծ քաղաքների կյանքը եւ մահը» (The Death and Life of Great American Cities ) գրքի մեջ հետաքրքիր հատված կա Բոստոնի իտալական թաղամասի մասին, որտեղ ժամանակին հին եւ աղքատ տներ էին, իսկ բնակչությունը ապրում էր հիմնականում ոչ բարեկեցիկ կյանքով։ Սակայն հաշվի առնելով, որ թաղամասը հիմնված էր «համայնքականության» սկզբունքի վրա, այնտեղ բավականին ցածր էր հանցագործությունների մակարդակը։ Ցանկացած անծանոթ կամ կասկածելի երեւույթ գրավում էին բնակիչների ուշադրությունը, ինչը եւ կանխում էր հանցագործությունները եւ համայնքային համատեղ պաշտպանության ոչ ֆորմալ համակարգ էր ստեղծում։

Հետագայում՝ հենց այս հին ամերիկյան թաղամասերի քանդումն ու նոր՝ թանկարժեք բարձրահարկերի կառուցումը փոխում են քաղաքային կյանքը, կապում են մարդկանց իրենց անձնական կյանքի հետ, ինչի արդյունքում նվազում է համայնքային պատասխանատվության ու փոխգործակցության մակարդակն ու, հետեւաբար, ավելանում է հանցագործությունների քանակը։ Պարզ պատճառով. «անծանոթ» կամ «կասկածելի երեւույթ» հասկացությունները դուրս են մղվում մարդկանց բավականին անձնավորված կյանքից, իսկ անվտանգությունը դառնում է զուտ իրավական կատեգորիա։

Ջեյն Ջեյքոբսի գրքի եւ քաղաքային պլանավորման հասարակական կյանքի վրա ազդեցության մասին այս համեմատաբար երկար նախաբանը գրում եմ հայաստանյան եւ կոնկրետ ինձ համար կենցաղային մի երեւույթ նկարագրելու համար։ Այս երեւույթը վերաբերում է իմ եւ, կարծում եմ, բոլորիս երեխաներին։

Վերջին շրջանում որդուս հետ, ով 7 տարեկան է, զբոսանքների ժամանակ տարբեր ծնողների եւ պարզապես մարդկանց հետ շփվելիս հաճախ նույն հարցն եմ ստանում.

- Որեւէ մարտարվեստի տանում ե՞ք։

Սկզբում միշտ պարզապես պատասխանում էի՝ ոչ, սակայն վերջերս հարցնում եմ.

- Իսկ ինչու՞ պետք է մարտարվեստի տանեմ։ Լողի եմ տանում, ինչն ավելի առողջարար է։

Եվ որպես կանոն լսում եմ.

- Ինչու՞։ Որպեսզի կարողանա իրեն պաշտպանել։

Ասել, որ իմ մանկության տարիներին ինքնապաշտպանության կարիք չի եղել, սուտ կլինի։ Եղել է, սակայն ինքնապաշտպանությունը որոշակի իմաստով ոչ միայն անձնական խնդիր էր, այլեւ համայնքային։ Քանի որ ցանկացած ագրեսիա, մանավանդ երեխայի նկատմամբ, բախվում էր եւ երեխայի, եւ նրա ընկերների, եւ ուսուցիչների, եւ հասարակ անցորդների միջամտությանը։ Այնպես, ինչպես Ջեյքոբսի նկարագրած 30-ականների Բոստոնում։

Հիմա, ասում են, իրավիճակն այլ է եւ «ինքնապաշտպանությունը» դարձել է մարդու անձնական եւ զուտ անձնական գործը, քանի որ ագրեսիան դարձել է համատարած, իսկ համայնքային կյանքը՝ սահմանափակված բնակչության հոսքով, սոցիալական անհավասարությամբ եւ ակտիվ շինարարությամբ. բակերը կառուցապատվում են նոր տներով եւ ավտոտնակներով, ինչի արդյունքում վերանում է համայնքային համատեղ կյանքի համար հատկացված տարածքը։

Ինձ ամենաշատը անհանգստացնում է ոչ այնքան միջավայրի ֆիզիկական հարթության փոփոխությունը, այլ խնդրի հոգեբանական եւ բարոյական կողմը։ Հանրային կյանքի վերացումը, որն ուղեկցվում է ագրեսիվության մակարդակի բարձրացմամբ եւ «ինքնապաշտպանության»՝ որպես անարդարության դեմ պայքարի հիմնական տարբերակի ամրապնդմամբ, հասարակությանը տանում է դեպի տոտալ անվստահության դաշտ։ Անվստահության ոչ այնքան իրավապահ համակարգի նկատմամբ, որքան հենց բուն հասարակության։ Իսկ վստահության եւ փոխգործակցության բացակայության պայմաններով ոչ մի սոցիալ-տնտեսական նախագիծ չի կարող լուծել հասարակության առջեւ կանգնած խնդիրները, քանի որ այդ խնդիրները նույնպես սկսում են գիտակցվել անձնական հարթությունում եւ լուծվել «ինքնապաշտպանության» գործիքներով։

Սեւակ Սարուխանյանը քաղաքագիտության թեկնածու է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին