Ռուսական ազգայնականությունը եւ դրա կապը հայերի հետ - Mediamax.am

Ռուսական ազգայնականությունը եւ դրա կապը հայերի հետ
17018 դիտում

Ռուսական ազգայնականությունը եւ դրա կապը հայերի հետ


Վերջին ժամանակներս Ռուսաստանում տեղի է ունեցել կարեւոր իրադարձություն. ռուսական ազգային գաղափարի ապամարգինալացում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկար տարիներ իշխանությունները փորձում էին ազգային գաղափարը հեռու պահել ժողովրդական զանգվածներից` այն ասոցացնելով հնարավոր բոլոր կերպարների հետ, որոնք առանձնակի համակրանք չէին առաջացնում Ռուսաստանի միջին բնակչի մոտ: Եվ մինչեւ վերջերս այդ քաղաքականությունն աշխատում էր: Բայց աստիճանաբար պարզ էր դառնում, որ այդպիսի քաղաքականությունը դատապարտված է:

Կայսերական գաղափարը լքում էր ռուսների գլուխները, ովքեր ավելի ու ավելի լավ էին գիտակցում, որ սեփական տնտեսական ռեսուրսների հաշվին կայսրություն պահելուն պատրաստ չեն, եւ դրան զուգահեռ` մարդկանց մտքերն ավելի ու ավելի էին ձգտում գտնել այն, ինչը կարող է համախմբել իրենց կայսերական գաղափարի բացակայության պարագայում: Համախմբվելու մարդկանց ձգտումն անխուսափելի է. ռուսների ավանդական համայնքային մտածելակերպն ընդդիմանում է իշխանության ջանքերին փոշիացնելու հասարակությունը հնարավոր բոլոր խորամանկ հնարքներով, ինչպիսիք են եկեղեցում ոչ գեղագիտական պարեր կազմակերպած սկանդալային աղջիկների հետապնդումները եւ մոսկվաբնակ մտավորական երիտասարդների ու միամիտ գավառացիների բեւեռացումը հապճեպորեն հավաքված քաղաքական ներկապնակի տարբեր կողմերում:  

Պարզվեց, որ թե հասարակ քաղաքացիները, թե կրթված համակարգչային հաքերները չեն կարող չտեսնել, թե ինչն է իրենց իսկապես միավորում: Բոլորի համար ակնհայտ դարձավ այն պարզ փաստը, որ թե մեկը, թե մյուսները ռուսներ են: Միայն հիանալ կարելի է իշխանության խորամանկությամբ, որը տարիներ շարունակ հիմարացնում էր մարդկանց եւ ստիպում նրանց ինչ-որ հրաշքով չնկատել այդ ակնհայտ իրականությունը:    

Որո՞նք են այդ ապշեցուցիչ իրադարձության արդյունքները: Ցանկանում է դա, թե ոչ, իշխանությունն այժմ ստիպված է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ ռուսները ցանկանում են հասարակության մեջ ներկայացված լինել որպես այդպիսիք, այսինքն` որպես ազգ, որի շուրջ ձեւավորված է ռուսաստանյան պետությունը: Մեծ հաշվով, այլընտրանք չկա. Ռուսաստանն իսկապես ազգային պետություն է, որում մարդկանց ճնշող մեծամասնությունն իրեն ռուս է համարում:

Մնացած փոքրամասնությունը, որը տարիներ շարունակ շահագործել է այն հանգամանքը, որ իշխանությունը գիտակցաբար խուսափել է ռուսներին որպես ազգ համախմբելու գաղափարից (բավական է հիշել Ելցինի կողմից կիրառության մեջ մտցված «ռուսաստանցիներ» տերմինը), այժմ ստիպված է հաշվի նստել այն փաստի հետ, որ գործ ունի ռուսների հետ եւ ապրում է ռուսական պետության մեջ: Այնպես, ինչպես դա ցարական Ռուսաստանում էր: Այնպես, ինչպես դա պետք է լիներ ԽՍՀՄ-ի փլուզման ամենասկզբից: 

Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այժմ իշխանությունը, բացի սեփական շահերից, ստիպված է լինելու հաշվի նստել ռուսների ազգային շահերի հետ: «Մեր համաքաղաքացիները արտասահմանում» ընդհանրական ձեւակերպման փոխարեն հետզհետե կիրառության մեջ կմտնի «ռուսները արտասահմանում» ճիշտ արտահայտությունը:

Հիմա այն մասին, թե ինչ կնշանակի դա հայերի եւ Հայաստանի համար: Ընդհանուր առմամբ, դա լավ նորություն է: Ինչո՞ւ: Պարզ չէ, թե որքանով է Անդրկովկասում ռուսներին լոյալ քրիստոնեական քաղաքակրթության պահպանումը համապատասխանում Ռուսաստանի շահերին` որպես երկրի, բայց այն միանշանակ համապատասխանում է ռուսների շահերին: Ռուսական ազգային պետությունը լոյալ կլինի Հայաստանի նկատմամբ (իհարկե, որոշակի սահմաններում), մինչդեռ պետությունը, որում ռուսների դերն անհասկանալի է, բացարձակ ոչ ակնհայտ առաջնահերթություններ ունի այդ հարցում: Օրինակ, կարող են գերակշռել կոնկրետ վերնախավի բիզնես-շահերը, եւ Հայաստանին պարզապես կփոխանակեն ավելի կարեւոր ինչ-որ բանով:   
 
Հասարակության մեջ ռուսների դերի ամրապնդումը կհանգեցնի (եւ արդեն հանգեցնում է) միգրացիոն քաղաքականության խստացմանը: Դա եւս օգտակար է Հայաստանի համար, քանի որ Հայաստանից հայերի անվերահսկելի արտահոսքը դեպի Ռուսաստան զգալիորեն հեշտացել է ներգաղթի գործընթացներում խառնաշփոթի եւ անվերահսկելիության լույսի ներքո:  

Իհարկե, ինչպես եւ ցանկացած բուռն սոցիալական գործընթաց, ռուսական ազգայնականության ամրապնդումը տեղի չի ունենում առանց ծայրահեղությունների եւ խնդիրների: Հնարավոր են ամեն տեսակ սուր իրավիճակներ, հակամարտություններ: Ժամանակ է հարկավոր, որպեսզի ռուսները հասկանան, թե ով է իրենց ընկերը, ով` թշնամին, եւ որոնք են իրենց ազգային շահերը: Բայց վաղ թե ուշ ամեն ինչ կհարթվի, եւ մենք կունենանք ավելի հասկանալի եւ մեր նկատմամբ ավելի լոյալ հարեւան, որը մեծապես առաջնորդվում է ռուսաստանյան մեծամասնության ազգային շահերով, այլ ոչ թե կոնկրետ առաջնորդների անորոշ կայսերական հավակնություններով: 

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին